Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Վրաստանի նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի նախագահներ Արմեն Սարգսյանի և Սալոմե Զուրաբիշվիլիի առանձնազրույցը:

Ողջունելով Հայաստանի նախագահի առաջին պաշտոնական այցը Վրաստան՝ նախագահ Զուրաբիշվիլին շնորհակալություն է հայտնել իր հրավերն ընդունելու համար և ուրախությամբ արձանագրել, որ նախագահ Սարգսյանի այցը հնարավորություն է ընձեռում քննարկել երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանին վերաբերող բազմաթիվ հարցեր:

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Վրաստան այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար: Նա վստահություն է հայտնել, որ այցի արդյունքները կնպաստեն հայ-վրացական հարաբերությունների և համագործակցության հետագա զարգացմանը: «Մեր երկրները, որոնք հնագույն քաղաքակրթությունների կրողներ են, ունեն համագործակցության հսկայական ներուժ, ինչպես նաև՝ հայ-վրացական անխախտ բարեկամությունը մշտապես ամրապնդելու ցանկություն»,-ասել է նախագահ Սարգսյանը:

Նախագահների առանձնազրույցին հաջորդել է պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով:

Ողջունելով Հայաստանի պաշտոնական պատվիրակությանը՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ասել է, որ անցած տարի մարտահրավերներով լի էր բոլորի համար. մի կողմից համավարակը, մյուս կողմից՝ պատերազմը, որն ավելի ծանր հետևանքների հանգեցրեց: Նախագահ Զուրաբիշվիլին իր ցավակցություններն է հայտնել պատերազմի զոհերի հարազատներին՝ նշելով, որ Վրաստանը և՛ հակամարտության ընթացքում, և՛ հիմա հանդես է գալիս որպես խաղաղության կողմնակից. «Բոլորս հասկանում ենք, որ տարածաշրջանում ցանկացած հակամարտություն վնասում է ողջ տարածաշրջանին, ուստի Կովկասի զարգացման համար խաղաղությունն ու անվտանգությունը այլընտրանք չունեն»:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է հարևան ու բարեկամ Վրաստանի հետ փոխգործակցության շարունակական զարգացումը, և, որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, պատրաստ է առավելագույն ջանքեր ներդնել երկկողմ համագործակցության ընդլայնման ուղղությամբ։ «Մենք շատ ընդհանրություններ ունենք: Դրանք եղել են մեր պատմության ընթացքում, բայց մենք կարող ենք միասին աշխատելով ստեղծել նոր հնարավորություններ: Առկա է մեծ ներուժ, որը մենք կարող ենք այսօր միասին իրացնել»,-ասել է նախագահ Սարգսյանը:

Հանդիպմանը քննարկվել են հայ-վրացական հարաբերություններին և զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: Նախագահները համակարծիք են եղել, որ տարբեր ոլորտներում առկա է փոխգործակցության խորացման մեծ ներուժ: Հատկապես առանձնացվել են նոր տեխնոլոգիաների, կրթության և գիտության, ենթակառուցվածքների, արհեստական բանականության, էներգետիկայի, տրանսպորտի, զբոսաշրջության, մշակույթի և մի շարք այլ բնագավառներ:

Նախագահները երկկողմ հարաբերությունների զարգացման խթանման տեսանակյունից կարևոր են համարել բիզնեսի և ներդրումների ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը՝ ընդգծելով, որ պատրաստ են ամենայն աջակցություն ցուցաբերել նման ծրագրերին: «Պետք է քաջալերենք և նպաստենք հայ-վրացական բիզնեսի համատեղ ծրագրերի իրականացմանը»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը:

Հատուկ կարևորվել է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում երկու երկրների համագործակցության խորացման անհրաժեշտությունը:

Անդրադարձ է եղել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին:

 

Հայաստանի և Վրաստանի նախագահներ Արմեն Սարգսյանը և Սալոմե Զուրաբիշվիլին այսօրվա հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով:

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը.

Մեծարգո՛ տիկին Նախագահ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Նախ և առաջ շնորհակալություն եմ հայտնում մեծարգո տիկին Զուրաբիշվիլիին՝ ջերմ ընդունելության և բովանդակալից քննարկումների համար:

Հայ-վրացական հարաբերություններն ունեն դարավոր պատմություն, և մենք մեծ կարևորություն ենք տալիս հարևան Վրաստանի հետ մեր բարեկամությանն ու համագործակցությանը:

Հայ և վրացի ժողովուրդները դարերով ապրել են կողք-կողքի, հայերը Վրաստանի մշակութային, տնտեսական, հասարակական-քաղաքական կյանքի ակտիվ մասն են կազմել: Այսօր էլ հայկական բիզնեսը մեծ ներդրում ունի Վրաստանում, իսկ վրացի գործարարները հաջողությամբ աշխատում են Հայաստանում:

Կարող եմ վստահորեն նշել, որ Վրաստանի հետ մեր հարաբերությունների ամրապնդումն ինչպես մեր երկրների, այնպես էլ տարածաշրջանի անվտանգության և զարգացման կարևոր նախադրյալներից մեկն է:

Այսօր իմ վրացի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում քննարկեցինք օրակարգային հարցերի լայն շրջանակ։

Մենք հաջողությամբ համագործակցում ենք տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, գյուղատնտեսության, կրթության ու մշակույթի և բազմաթիվ այլ ոլորտներում:

Առկա է համագործակցության մեծ ներուժ ժամանակակից տեխնոլոգիաների, արհեստական բանականության, բարձր տեխնոլոգիաների, կենսատեխնոլոգիաների, կիբերանվտանգության, պարենային անվտանգության ոլորտներում: Այսինքն, համագործակցությունը երկկողմ է և բարձրակողմ:

Հատուկ ընդգծեցի COVID-19-ի դեմ պայքարում մեր երկրների համագործակցության խորացման անհրաժեշտությունը:

Համագործակցության առաջխաղացման համար երկուստեք ջանքեր են գործադրվում և ակտիվ աշխատանքներ են տարվում ինչպես հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում, այնպես էլ միջգերատեսչական մակարդակներում՝ փոխշահավետ համագործակցության առկա մակարդակն ավելի բարձր նշաձողի հասցնելու համար:

Անդրադարձանք նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին՝ հաշվի առնելով Թուրքիայի ակտիվ ու բացահայտ աջակցությամբ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի արդյունքում ստեղծված նոր իրողությունները։

Իմ վրացի գործընկերոջը ներկայացրեցի ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումներն ու տեսակետները: Հատուկ ընդգծեցի, որ տարածաշրջանում անհնար է տևական խաղաղություն հաստատել և կայունություն ապահովել առանց Արցախյան հիմնախնդրի արդար կարգավորման, այդ թվում նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման միջոցով:

Շեշտեցի պատերազմի հետևանքով առաջացած հսկայական մարդասիրական խնդիրները, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից գերիներին և պատանդներին ազատ արձակման հարցում շուտափույթ լուծում գտնելու անհրաժեշտությունը։

Ընդգծեցի պատերազմից հետո ստեղծված իրավիճակն Ադրբեջանի կողմից շահարկելու, մարդատյացության, ազգային արժանապատվության ոտնահարման քաղաքականություն վարելու անթույլատրելիությունը: Այդպիսի քաղաքականությունը չի կարող նպաստել երկխոսության մթնոլորտի ձևավորմանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձա նաև ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանության հարցերին։

Տիկին նախագահ, մեր վերջին հանդիպումը Ձեզ հետ 2019 թվականին էր, որից հետո, ցավոք, համավարակով և Արցախյան պատերազմով պայմանավորված, երկկողմ ինտենսիվ հանդիպումների շարունակականությունը խաթարվեց:

Այդուհանդերձ, 2021 թվականն այս առումով բավական ակտիվ է սկսվել, և հավատացած եմ, որ այս ակտիվությունը կպահպանվի նաև ողջ տարվա ընթացքում:

Վստահ եմ, որ Ձեզ հետ միասին, տիկին Նախագահ, կակտիվացնենք ջանքերը մեր երկրների միջև բոլոր ուղղություններով համագործակցության խորացմանը նպաստելու, մեր ունեցած ներդրումը մեծացնելու համար:

Ամփոփելով խոսքս՝ ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Վրաստանի նախագահին՝ հայկական պատվիրակությանը ցուցաբերված բարձր մակարդակի ընդունելության համար և վերահաստատել իմ պատրաստակամությունը՝ որպես Հայաստանի Հանրապետության նախագահ ջանքեր ներդնել Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության շարունակական ընդլայնման ուղղությամբ:

Կրկին ջերմ շնորհակալություն, տիկին նախագահ: Հուսով եմ, մոտ ապագայում Ձեզ նորից տեսնել Հայաստանում:

 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Վրաստանի խորհրդարան, որտեղ հանդիպում է ունեցել խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ, Վրաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Գեորգի Վոլսկին, փոխխոսնակներ Լևան Լոսելիանին և Ավթանդիլ Էնիկուձեն, արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն, պատգամավորներ Սամվել Մանուկյանն ու Սումբատ Կյուրեղյանը: Խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն ողջունել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցը Վրաստան՝ ընդգծելով, որ երկու երկրների համար շատ դինամիկ և հետաքրքիր ժամանակներ են, և ներկայումս կարևոր պահ է մեր ժողովրդավարությունների ապագայի համար: «Վստահ եմ, որ Հայաստանը և նրա ժողովուրդը կօգտագործեն այս համագործակցությունը և հնարավորությունը զարգանալու, նոր հեռանկարներ ստեղծելու, ժողովրդավարությունն ու տնտեսությունն ավելի ուժեղացնելու համար»,-ասել է նա:

Արչիլ Թալակվաձեն աջակցություն է հայտնել Հայաստանի առաջընթացին և զարգացմանը՝ ընդգծելով, որ իրենք կողմնակից են խաղաղությանը և խնդիրները երկխոսության միջոցով կարգավորելուն:

Նշելով, որ տարածաշրջանում առկա են նաև այլ մարտահրավերներ, այդ թվում կորոնավիրուսի համավարակ, Վրաստանի խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել կորոնավիրուսի համավարակի ժամանակ Հայաստանի հետ արդյունավետ համագործակցության համար:

Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ փոքր երկրների ուժը պայմանավորված է նրա գործողություններով: «Այս համատեքստում Հայաստանի և Վրաստանի նման երկրները պետք է ակտիվորեն ներգրավված լինեն միջազգային հարաբերություններում և բարեկամ կամ հարևան երկրների հետ հարաբերություններում՝ լինեն դրանք մեծ, թե փոքր, կամ գերտերություններ,- ասել է նախագահ Սարգսյանը: -Պետք է հատուկ հարաբերություններ ունենալ հատկապես բարեկամների հետ: Մեզ համար Վրաստանը հենց այդպիսին է: Պատահական չէ, որ ես ընդունեցի Վրաստանի նախագահի հրավերը՝ գալու և զրուցելու, փոխանակվելու իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությամբ, ինչպես նաև խոսելու ապագայի մասին»:

Հայաստանի նախագահի խոսքով՝ տնտեսական վիճակը բավականին բարդ է, երկու երկրների տնտեսություններն էլ էականորեն վնասվել են կորոնավիրուսի հետևանքով: «Մենք պետք է քաջալերենք համատեղ ծրագրերի իրականացումը և նպաստենք դրան, քանի որ տարածաշրջանային համատեղ ծրագրերը միջազգային ներդրողների համար կարող են շատ ավելի գրավիչ լինել»,-ասել է նախագահ Սարգսյանը:

Նախագահը նշել է, որ ներկայումս մարտահրավերներով լի ժամանակներ են ամբողջ աշխարհում, այդ թվում նաև՝ երկու երկրների համար: «Կարծում եմ՝ ժամանակն է, որ երկուսս էլ մտածենք, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել հանուն տարածաշրջանի կայունության, կանխատեսելիության և անվտանգության», -ընդգծել է նախագահ Արմեն Սարգսյանը:

Տարածաշրջանում անվտանգության ու կայունության խնդիրների համատեքստում նախագահ Սարգսյանն անթույլատրելի է համարել, որ Արցախի դեմ սանձազերծած պատերազմից ամիսներ անց Ադրբեջանը շարունակում է գերության մեջ պահել հայ զինծառայողներին ու քաղաքացիական անձանց՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր նորմերը:

← Վերադառնալ

orer.eu