Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Դեսպան Տիգրան Մկրտչյանի հրաժեշտի հանդիպումը Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
 
 
Ապրիլի 6-ին Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է իր գործունեության շրջանում հայ-էստոնական հարաբերություններում արձանագրված առաջընթացը, իրականացված մշակութային միջոցառումները՝ բարձր գնահատելով այս ընթացքում հայկական համայնքի հետ հաստատված արդյունավետ և ամուր համագործակցությունը։ Այս մասին հայտնում է Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը։ 
 
Դեսպանը նշել է, որ հայ համայնքն իր կազմակերպվածությամբ, համախմբվածությամբ և ներուժով մշտապես կանգնած է եղել ՀՀ դեսպանության կողքին, ինչը եղել է հաջողություն գրանցելու կարևոր գրավականներից մեկը։
Հայ համայնքի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել դեսպան Մկրտչյանին կատարված աշխատանքի, Հայաստանը և հայ մշակույթն Էստոնիայում ներկայացնելու և հայ ու էստոնացի ժողովուրդների բարեկամությունը խնթանելու համար և հաջողություն մաղթել նրան իր հետագա գործունեության մեջ։
 
Հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանը ներկայացրել է նաև ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Էստոնիայի Հայկական Ազգային Միության աջակցությամբ տպագրության հանձնված Հովհաննես Թումանյանի հեքիաթների էստոներեն ժողովածուն։
 
Դեսպանը նշել  է, որ Նաիրա Մուրադյանի նկարազարդումներով և Սոֆիա Պետրոսյանի թարգմանությամբ գրքի լույսընծայմամբ ամբողջանում է Հ․ Թումանյանի հեքիաթները բալթյան երկրների երեք լեզուներով՝ լիտվերենով, լատվերենով և էստոներենով թարգմանելու նախաձեռնությունը:
 
Գիրքը լույս է տեսել դեսպան Մկրտչյանի և Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանի` հատուկ էստոնական հրատարակության համար ներառված նախաբաններով։
 
Դեբպեա Մկրտչյանը իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել Հովհաննես Թումանյանի հեքիաթների էստոներեն թարգանությունն իրականացրած Սոֆիա Պետրոսյանին, Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանին էստոնորեն հրատարակության նախաբանի համար,  Նաիրա Մուրադյանին՝  նկարազարդման համար, Էստոնիայի հայ համայնքի ղեկավար Ռազմիկ Իվանյանին և Էստոնիայի մշակույթի նախարարությանը ծրագրին աջակցելու համար։
 
 
 Ստորև  ներկայացնում ենք դեսպան Տիգրան Մկրտչյանի  ողջույնի խոսքը, որը ներառված է գրքում։
 
Ողջույնի խոսք
Էստոնացի ընթերցողին ենք ներկայացնում հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի հեքիաթները, որոնք հայ հասարակության շրջանում ամենաընթերցվածն ու ամենասիրվածն են:
Հովհաննես Թումանյանն անհասանելի բարձունք և եզակի գործիչ է ոչ միայն իր թողած գրական հարստությամբ, այլև մարդային կերպարով: Թումանյանի կեսնագրությունը միաձուլված է հայության ճանակատագրին: Նա ապրել է մեր ժողովրդի համար ամենաբարդ ու դաժան ժամանակներում և իր ողջ ընտանիքի հետ կիսել բոլոր դառնությունները՝ երբեք չտրտնջալով, անվերջ պայքարելով հանուն լուսավոր ապագայի:
Իրեն հատուկ հեռատեսությամբ և զգայունությամբ բանաստեղծը դեռևս 1913 թվականին կանխատեսել էր 1915 թվականի սարսափները՝ գրելով. «Թուրքիան կդիմի ամենահրեշավոր միջոցներին` վերջ դնելու հայ ժողովրդին իր հարցի հետ միասին»: Նա, ոտքով անցնելով Առաջին աշխարհամարտի Կովկասյան ռազմաճակատով, անձամբ է ականատես եղել թուրքերի և քրդերի կատարած վայրագություններին՝ թողնելով այնպիսի սահմռկեցուցիչ գրառումներ իր նոթատետրում, որոնք մեկ դար անց անգամ անհնար է կարդալ առանց սարսափահար լինելու:
 
Դրանով հանդերձ այդ տարիներին բանաստեղծի բացառիկ լավատեսությունն ու հավատը հազարավոր երեխաների կյանքեր են փրկել, ինչի շնորհիվ Թումանյանին կնքել են «Ամենայն հայոց որբերի հայրիկ» անունով: Ընդհանրապես, Թումանյանը բազմաթիվ անուններով է հայտնի՝ «Ամենայն հայոց թամադա» (որովհետև կենսախինդ մարդ էր ու սիրում էր ուրախություններ՝ անկախ ողբերգական ժամանակահատվածից), «Մեծ լոռեցի», «Հայոց Պուշկին»: Իսկ ամենահետաքրքրականը «Ամենայն հայոց բանաստեղծ» կեղծանունն է, որով ինքն է իրեն օծել Կաթողիկոսի հետ վիճաբանության ժամանակ:
 
1916 թվականին, երբ Կաթողիկոսն արգելում է վեհարանում ապաստան տալ գաղթականներին, Թումանյանը շատ կտրուկ է խոսում Ամենայն հայոց կաթողիկոսի հետ, ինչին ի պատասխան վերջինս ասում է` ինչպե՞ս ես ինձ հետ խոսում, չէ՞ որ ես Ամենայն հայոց կաթողիկոսն եմ: Թումանյանի պատասխանը չի ուշանում՝ իսկ ես Ամենայն հայոց բանաստեղծն եմ:
 
Մեծանուն գրողը ծնվել է 1869 թվականին, Հայաստանի ամենաչնաշխարհիկ անկյուններից մեկում՝ Լոռվա Դսեղ գյուղում, ինչն անշուշտ մեծ ազդեցություն է ունեցել նրա գեղագիտական մտածողության վրա: Թումանյանի ստեղծագործություններում, անկախ ժանրից ու թեմատիկայից, մեծ սեր ու ջերմություն կա, ինչը, թերևս պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ ինքը սիրված է եղել թե՛ իր ընտանիքի, թե՛ իր ժողովրդի, թե՛ իր ընկերների, թե՛ իրեն անձնապես ճանաչելու բախտ չունեցած մեծ գրողների ու մտավորականների կողմից։
Թումանյանի մասին հայ մեծանուն գրողներից Ավետիք Իսահակյանն ասել է. «Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար», իսկ տաղանդաշատ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանն այսպես է նկարագրել մեծ գրողին. «Հմայիչ էր Հովհաննես Թումանյանը որպես բանաստեղծ ու մարդ: Նա իր մեջ կրում էր ժողովրդի լավագույն գծերը՝գրականության մեջ սեր դեպի ժողովրդական ստեղծագործությունը, իսկ կյանքում լայն հյուրասիրություն և սեր դեպի իր ընտանիքն ու երեխաները»։
Կարդալով Թումանյան՝ ընթերցողը կարդում է հային, Հայաստանը, ծանոթանում մեր ազգային առանձնահատկություններին միևնույն ժամանակ՝ հարստանում որպես մարդ՝ անկախ ազգությունից ու տարիքից, քանի որ նրա ստեղծագործությունները, լինելով շատ ազգային, շոշափում են համամարդկային խնդիրներ, որոնք վեր են ժամանակից ու արդիական են միշտ:
 
2019 թվականին մենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի մակարդակով նշեցինք Թումանյանի ծննդյան 150 ամյակը: Սույն ժողովածուն այս տեքսով և նկարազարդումով առաջին անգամ տպվել է լատիշերեն։ Լատվիացի հայագետ Վալդա Սալմինյան է սույն հերթականությամբ թարգմանել հեքիաթները, իսկ Նաիրա Մուրադյանի նկարազարդումը պարզապես արվեստի գլուխգործոց է, որը փաստորեն մենք օգտագործեցինք նաև լիտվերեն (Քրիստինա Ալբերտյանի թարգմանությամբ) և վերջապես էստոներեն հրատարակություններում։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել Սոֆյա Պետրոսյանին Հովհաննես Թումանյանի հեքիաթներն էստոներեն թարգմանելու և համբերատար հետևողականությամբ գրքի լույս տեսնելուն հավատալու համար։ Շնորհակալ եմ Հովհ․ Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանին էստոներեն հրատարակության համար նախաբանով հանդես գալու համար։ Անշուշտ շնորհակալ եմ նաև Էստոնիայում հայ համայնքի ղեկավար Ռազմիկ Իվանյանին այս երկար սպասված ծրագիրը մեզ հետ միասին հաջողությամբ եզրափակելու և գիրքն էստոնացի ընթերցողին ներկայացնելու համար։
 
Հեքիաթների այս ժողովածուն տպագրվում է Թումանյանի 150-ամյա հոբելյանի շրջանակներում: Հուսով ենք՝ թումանյանական հեքիաթները կգտնեն իրենց էստոնացի ընթերցողին և կսիրվեն հեքիաթի տակ քնել սիրող փոքրիկների ու պարզ, այլաբանության լեզվով բարդ խնդիրների մասին կարդալ սիրող մեծահասակների կողմից:
 
 
 
orer.eu