Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

ԼՈՆԴՈՆ.- Հայկական Սփիւռքի հարցախոյզը այս գարնանը կ՛իրականացուի Մեծ Բրիտանիայի (յատկապէս Լոնդոն, Մանչեսթեր, Բիրմինգհեմ), Փարիզի եւ նրա շրջակայքի, Բելգիայի (յատկապէս Բրիւսելի եւ Անտուերպենի) եւ Դոնի Ռոստովի (Ռուսաստան) հայկական համայնքներում: 

Հայկական Սփիւռքի հարցախոյզը (ՀՍՀ) «Գալուստ Կիւլպէնկեան» hիմնարկութեան նախաձեռնութիւնն է, որը գործում է Լոնդոնի հայկական ինստիտուտի (հիմնարկութեան) հովանու ներքոյ, մի խումբ գիտնականների եւ հետազօտողների առաջնորդութեամբ:  

Հետազօտութիւնը արժէքաւոր պատկերացում է տալիս Սփիւռքի հասարակական կարծիքի եւ բազմաթիւ հարցերի շուրջ մարդկանց մտքերի վերաբերեալ: Այն փաստայեն գիտելիք է տրամադրում հանրութեանը եւ օգտակար տուեալներ՝ համայնքների առաջնորդներին, ակտիւիստներին (հանրային գործիչներուն) եւ քաղաքականութիւն մշակողներին՝ ի թիւս այլոց, ինչը թոյլ է տալիս աւելի լաւ հասկանալ ու վերլուծել համայնքները՝ ծրագրերի ու նախագծերի մշակման համար։    

Ինչպէս բացատրում է Օքսֆորդի համալսարանի դասախօս եւ ՀՍՀ տնօրէն դոկտոր Հրաչ Չիլինգիրեանը․ «Հետազօտութեան ընթացքում հարցուողներից փորձում ենք իմանալ նրանց մտքերն ու տեսակէտները ինքնութեան, ինչպէս նաեւ պատկանելութեան հետ կապուած այլ խնդիրների վերաբերեալ` որպէս հայեր եւ որպէս տարբեր երկրների քաղաքացիներ: Այլ թեմաների թւում են լեզուն եւ մշակոյթը, եկեղեցին եւ կրօնը, համայնքային ներգրաւուածութիւնը, Հայաստանի հետ յարաբերութիւնները, համավարակն ու Արցախեան պատերազմը»: Վերջին երկու թեմաներն այս տարի են աւելացուել հարցաթերթիկում։

«Համայնքների բոլոր անդամներին խրախուսում ենք մասնակցել հետազօտութեան այս շրջափուլի հարցմանը», ասաց Չիլինգիրեանը: Բելգիայում, Բրիտանիայում, Փարիզում եւ Դոնի Ռոստովում բնակուող ցանկացած հայ, որի 16 տարեկանը լրացել է, կարող է Ապրիլի 12ից առցանց լրացնել հարցաթերթիկը՝ այցելելով www.armeniandiasporasurvey.com: Նրանց համար, ովքեր ցանկանում են այն լրացնել առձեռն, հասանելի կը լինեն տպագիր հարցաթերթիկներ:  

ՀՍՀը մեկնարկել է 2018ին՝ նախնական հետազօտութիւն կատարելով չորս համայնքում ՝ Բոստոն, Կահիրէ, Մարսել եւ Փասադենա: Յաջողութեան հասնելով՝ 2019 թուականին այն հետազօտել է եւս չորս համայնք ՝ Արգենտինա, Լիբանան, Կանադա (Մոնրէալ) եւ Ռումինիա: 

Ներկայ հարցախոյզում ներառուած համայնքները պէտք է ուսումնասիրուէին 2020թ., սակայն դաշտային աշխատանքները յետաձգուեցին համաճարակի եւ Արցախեան երկրորդ պատերազմի պատճառով: Այս տարուայ աշնանը նախատեսւում է հարցում անել Հիւսիսային Ամերիկայի համայնքներում։ Սրանով կեզրափակուի նախագծի եռամեայ ցիկլը (շրջանակը

 

«Ուրախ ենք, որ բազում երկրների Սփիւռքի մասին այս սիստեմատիկ հետազօտութիւնը հունի մէջ է այժմ», ասում է «Գալուստ Կիւլպէնկեան» hիմնարկութեան Հայ համայնքների բաժնի տնօրէն դոկտոր Ռազմիկ Փանոսեանը: «Այս հետազօտական ​​նախագիծը շատ շօշափելի արդիւնքներ է տալիս քաղաքականութիւնների մշակման համար, յատկապէս՝ ի տես այն հսկայական մարտահրաւէրների, որ ծառացել են Հայաստանի եւ հայերի առաջ», աւելացնում է նա:  

2018 եւ 2019 թուականների ուսումնասիրութիւնների արդիւնքները հրապարակուել են առանձին-առանձին: 2019ի ուսումնասիրութիւնը հասանելի է անգլրեն, հայերէն եւ իսպաներէն: Բոլոր զեկոյցները կարելի է անվճար ներբեռնել ՀՍՀ կայքէջից՝  https://www.armeniandiasporasurvey.com: