82 տարեկանում Երեւանում մահացել է Արցախի հերոս, Շուշիի ազատագրման կազմակերպիչ-հրամանատար, լեգենդար մարդ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը։ Նա ծնվել էր 1939 թվականի մայիսի 22-ին Վրացական ԽՍՀ-ի մայրաքաղաք Թբիլիսիում, ավարտել Բաքվի զինվորական ուսումնարանը, այնուհետև՝ Լենինգրադի տրանսպորտի և թիկունքի ռազմական ակադեմիան։
Խորապես բտում ենք մեծ զորավարի մահը եւ ցավակցում հարազատներին ու բարեկամներին։
Ցավակցականներ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ.
«Անասելի ցավ եմ ապրում. այլևս մեզ հետ չէ Արկադի Տեր-Թադևոսյանը՝ լեգենդար Կոմանդոսը:
Արկադի Տեր-Թադևոսյանի մահը լոկ զինվորականի, փայլուն հրամանատարի կորուստ չէ: Նա ռազմական գործիչ էր, որն իր հսկայական ավանդն ու ներդրումն է ունեցել մեր բանակի ստեղծման ու կայացման, մեր ռազմական ձեռքբերումների մեջ ՝ մինչև կյանքի վերջը ձգտելով օգտակար լինել հայրենիքին:
Մենք դեռ շատ ենք ունենալու ռազմական արվեստի կոմանդոսյան գիտելիքների, բարոյականության նրա չափանիշների, փորձի ու հմտությունների կարիքը, որոնք նա փայլուն կերպով կիրառել էր Արցախյան առաջին պատերազմի ընթացքում:
Նրա կյանքը զինվորական խիզախության, ռազմական կրթության և ռազմահայրենասիրական դաստիարակության ուղեցույց է, օրինակ, թե ինչպես ապրել, ինչպես ծառայել հայրենիքին, ինչպես հավատարիմ մնալ մասնագիտությանն ու սկզբունքներին, ինչպես նվիրվել Արցախին ու պայքարել հանուն Արցախի ազատության, ինչպես չդավաճանել Շուշիին ու Արցախին...
Ցավակցում եմ Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքին, հարազատներին, զինակից ընկերներին և կիսում նրանց վիշտը»:
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՀԵՐՈՍԻՆ
..........................................
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձը Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ
Խորը վշտով տեղեկացա Արցախի հերոս, լեգենդար ռազմական գործիչ, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ մեր սիրելի Կոմանդոսի մահվան մասին:
Արկադի Տեր-Թադևոսյանը փայլուն ռազմական ուղի է անցել և իր գործունեությամբ լավագույնս ծառայել է հայրենիքին՝ մասնակցելով հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի համար փառապանծ հաղթանակների կերտմանը: Նա Արցախյան ազատամարտի հերոս է, Շուշիի ազատագրման ռազմական օպերացիայի հրամանատար, որը հայտնի է որպես ռազմագիտության դասագրքային օրինակ և վկայում է Կոմանդոսի՝ ռազմական գործի գիտակ լինելու մասին:
Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը հայրենասիրության և բարձր պրոֆեսիոնալիզմի մարմնավորում է: Նրա անունը հավերժ փառքով կմնա հայոց պատմության մեջ՝ որպես հայ ազգի արժանի զավակ և նվիրյալ զինվորական, ում ողջ գործունեությունը հաղթանակի բերկրանք ու հպարտություն է պարգևել հայ ժողովրդին:
Ցավակցություններս գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին, մեզ բոլորիս:
Հավերժ փա՛ռք նրա հիշատակին:
ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՒՈՍՅԱՆԸ՝ ԿՈՄԱՆԴՈՍԸ, հայրենանվեր հրամանատարի իր գործով, իր ու իրեն հաջորդած հայության բոլոր սերունդների համար բացճակատ ապրելու իրավունքն ու հպարտությունը կռեց եւ իր կենսագրությունը ժառանգելով՝ պատասխանատու ապրելու պատգամը թողեց ողջ հայությանը։
Շուշին ազատագրած հրամանատարն այդպես էլ չհաշտվեց հաղթանակի բերկրանքը թշնամուն նվիրելու, հայրենիքը բզկտելու ներկա շատ ցավոտ իրողության հետ։
Հավերժ փառավորված պիտի մնա հայոց ազատագրական պայքարի արժեքը խորապես գիտակցած, այդ պայքարում անգնահատելի դերակատարություն ունեցած հրամանատարի, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին (ԱՍԱԼԱ), Հայաստանի ժողովրդական շարժմանը մշտապես սատարած ռազմական գորչի եւ մեծ նվիրումով ապրած հայ մարդու Արկադի Տեր-Թադեւոսյանի հիշատակը։
ԵՐԱԽՏԱՊԱՐՏ ԵՆՔ ԻՐԵՆ՝ ՄԵՐ ՀԵՐՈՍԻՆ,
ՑԱՎԱԿԻՑ՝ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅԻ։
31 մարտի 2021
...............................................................
Ցավով տեղեկացանք Արցախյան 1-ին պատերազմի հերոս-հրամանատար, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան մասին։
Գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանն իր մարդկային կերպարով ու մարտական կենսագրությամբ օրինակ է սերունդների համար։
Սիրելի գեներալի մահվան առթիվ ցավակցում ենք նրա մերձավորներին և ամբողջ հայ ժողովրդին։
Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական հեռագիր է հղել Տեր-Թադևոսյանների ընտանիքին՝ Արկադի Տեր -Թադևոսյանի մահվան կապակցությամբ։
orer.eu