Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
 Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ուսումնասիրվել է մարտի 25-ին լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ Կարմիր շուկա-Ստեփանակերտ ճանապարհահատվածում ադրբեջանցիների կողմից քարկոծվել են հայերի մեքենաները:
Պաշտպանը դատապարտում է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության խախտումները և բռնության գործադրման ցանկացած դրսևորում` անկախ դրա հեղինակից:
 
Գրանցված միջադեպի հանգամանքները բացահայտելու ուղղությամբ իրավապահ մարմինների կողմից պետք է իրականացվի պատշաճ քննություն, որն առաջնահերթ անհրաժեշտ է նման դեպքերը բացառելու, հատկապես շփման հատվածին հարակից` առանց այդ էլ գերլարված բնակչության տեղեկացված լինելու իրավունքն ապահովելու համար:
 
Այս առումով Պաշտպանը դրական է գնահատում Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության և ոստիկանության օպերատիվ արձագանքը զանգվածային լրատվության միջոցների հրապարակմանը և ենթադրյալ հանցավոր դեպքի հանգամանքների բազմակողմանի քննության պատրաստակամությունը:
 
Հիշեցնենք, որ Արցախի ոստիկանությունը նախօրեին հայտնել էր, որ մարտի 25-ին, ժամը 13:30-ի սահմաններում Ասկերանի շրջանի Սարուշեն-Կարմիր գյուղ ճանապարհահատվածին միջադեպ է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև:
Ռուսական խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ ընթացող ադրբեջանական ավտոշարասյան թափքից, ադրբեջանցի զինծառայողները քարերով հարվածներ են հասցրել նույն ճանապարհով ընթացող հայկական մեքենաների վրա,ինչի հետևանքով վնասվել է Լենտրուշ Բաբայանի վարած ՎԱԶ 21-07 մակնիշի ավտոմեքենայի դիմապակին:
Միջադեպից հետո Լ.Բաբայանը և նույն ճանապարհով ընթացող մեկ այլ վարորդ փակել են միջշրջանային ճանապարհը, կանգնեցրել շարասյունը և բացատրություն պահանջել ռուս խաղաղապահներից ինչպես նաև ադրբեջանցի պատասխանատու սպայից:
Ըստ Լ.Բաբայանի, ադրբեջանցի սպան, որը ռուսաց լեզվով պատշաճ չէր հաղորդակցվում, լուսանկարել է մեքենան, խոստացել, որ անպայման կզեկուցի իրենց վերադասին, իսկ ռուս ուղեկցողները միջադեպի համար ներողություն են խնդրել, նշել, որ վնասը կփոխհատուցվի:
Դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար, տուժողը հարցաքննվել է Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում: Մեքենայի լուսանկարները, ինչպես նաև ռուսերեն թարգմանությամբ բացատրությունը ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն արդեն փոխանցել է գեներալ Մուրադովին:
Խաղաղապահ զորակազմն այս հարցով արդեն զբաղվում է: Ըստ ռուսական կողմի, խնդիրը ոչ միայն վնասի փոխհատուցումն է, այլ, այսուհետ նմանօրինակ դեպքերի բացառումը:
 
 
orer.eu