Հայկական ,,Անկախ,, կայքէջում կարդացի Բալթյան երեք երկրներում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանի հասցեին մի սուտ, պասկվիլային տեղեկատվություն, որը տարածել է ,,Փաստ,, անունով ինչ որ լրատվական։ Սովորաբար մամուլում հաճախ են հայտնվում մեր դիվանագետների աշխատանքը գնահատող կամ քննադատող հոդվածներ, որոնք հիմնականում ունենում են երկու նպատակ ՝ խրախուսել մարդուն, որ նոր նշանակում ստանա, կամ այնպես վարկաբեկել, որ չհամարձակվի շարունակել նույն ոգով աշխատել, կամ էլ այլ պաշտոնի հավակնել։ Ընդ որում, քանի որ դեռեւս 1991 թվականից ԱԶԳ օրաթերթում աշխատելու տարիներից ես մոտիկից հետեւել ու լուսաբանել եմ Հայաստանի արտաքին գործերի նախարարության աշխատանքը, գրել եմ ծավալուն հետաքննական հոդվածներ նախարարության թերությունների մասին, գիտեմ ովքեր են նվիրված դիվանագետները, ովքեր են պատահական ճամփորդները, նաեւ գիտեմ, որ աշխատող դիվանագետները թիրախավորվում են անբան ու պորտաբույծ աշխատակիցների կողմից, եւ հաճախ նրանք են ներքին ինֆորմացիան դարձնում լրատվական նյութ։
Հաճախ այս ընթացքին են միանում նաեւ կառավարական ավելի բարձր շրջանակները, եթե ունենում են իրենց թեկնածուները, որոնց ճանապարհին աշխատող դիվանագետները պատնեշ են հանդիսանում։ Բնականաբար, ինչպես Հայաստանում բոլոր ոլորտներում պրոֆեսիոնալները զիջում են միջակություններին, այնպես էլ դիվանագիտությունն է։ Այստեղ էլ ինչպես վերջին զարգացումները ցույց տվեցին, Մակունցի պես միջակությունը կարող է հավակնել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնին, թեեւ կառավարության ղեկավարը ,, հեղափոխության,, հաղթանակից հետո կարծեմ ասել էր, որ այսուհետ միայն պրոֆեսիոնալ դիվանագետները կնշանակվեն դեսպանի պաշտոնում։ Մակունցը արդեն ցույց է տվել, որ ձախողել է մշակույթի ոլորտը, իսկ Միացյալ Նահանգներն այն երկիրը չէ, որտեղ ձախողված քաղգործիչների ուղարկենք։ Մենք մեզ նման շռայլություն թույլ տալու իրավունք չունենք։ Ի դեպ, անկապ մարդկանց դեսպաններ նշանակելու ավանդույթը դրվել է նախկինների օրոք, իսկ ներկա իշխանության օրոք Զոհրաբ Մնացականյանի արտգործնախարար աշխատելու երկու տարիներին, դեսպանների պաշտոնում նշանակվեցին միայն նախարարության դիվանագետները։ Ըստ երեույթին վարչապետը խոստացել էր, որ առանձնապես չի միջամտի նշանակումներին։ Այժմ Մնացականյանը չկա, նոր նախարարը՝ Արա Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որը չի ընդունվել, եւ Փաշինյանը կարող է իրեն թույլ տալ նաեւ յուրայիններին գործուղել։
Վերադառնալով դեսպան Տիգրան Մկրտչյանի հետ կապված դեպքին, ում մեղադրում են, որ ժամանակին դեմ է եղել ցեղասպանության ճանաչմանը, եւ այդ դեպքում, ինչպես կարող է Իսրայելում դեսպան նշանակվել։
Նախ Իսրայելում դեսպան նշանակվելու հարցը օրակարգում որքան որ տեղյակ եմ, առայժմ չկա, եւ ոչինչ հայտնի չի, թե նա որտեղ կնշանակվի։ Երկրորդ ինչպես կարելի է խեղաթյուրել եւ մարդուն վերագրել բաներ, որոնք իրականությունից հեռու են։ Վիքիլիքսի 14 տարվա վաղեմության արձանագրությունները, որ չգիտես ինչու հիմա են հիշել, համենայնդեպս վկայում են , որ 2007ին Տիգրան Մկրտչյանը քննադատել է ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանին, խոսել է վերջինիս անսկզբունքայնության մասին մեր ժողովրդի համար կարեւոր հարցերում, այլ ոչ թե ինքն է դեմ եղել ցեղասպանության ճանաչմանը, ինչի մասին վկայում է նաեւ դեսպան Բրայզան։ Այսինքն այն, որ Արթուր Բաղդասարյանն ասել է Բրայզային, որ ԱՄՆ կոնգրեսը ցեղասպանության հարցով թող ,,գրգռող,, բանաձեւ չընդունի, ինչ կապ ունի Տիգրան Մկրտչյանի հետ։ Ոչ մի։ Սակայն ,,Փաստի,, ,,պրոֆեսիոնալները,, ցանկացել են ցեխ շպրտել մի մարդու վրա, որը չգիտեմ թե ում հրահանգով, խանգարել է իրենց ծրագրերին։
2007 ից 3 տարի անց Տիգրան Մկրտչյանը աշխատանքի է անցել ԱԳՆ ում, իսկ 2016-ին նշանակվել դեսպանի պաշտոնում։ Երկու դեպքում էլ Հայաստանի պատկան մարմինների դրական կարծիքն էական է եղել։ Այսինքն, բացառվում է նման ճանապարհ անցածին մեղադրել մի բանում, որի դեմ նա պայքարել է գրեթե ամնօրյա ռեժիմով։
Այնքան աշխատանք, որքան դեսպան Մկրտչյանն է տարել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, մեր դեսպաններից քչերին է հաջողվել իրականացրել։ Հիշում եմ, 2015 թվականին, 100 ամյա տարելիցի օրերին նա համակարգում էր ցեղասպանությանը նվիրված Գլոբալ Ֆորումի աշխատանքները, օտարերկրյա հյուրերին եւ գիտնականներին հրավիրելու ողջ գործընթացը, արտաքին տեղեկատվական աշխատանքի մեջ էր ներգավված, իսկ Լատվիայում, Լիտվայում եւ Էստոնիայում դեսպան նշանակվելուց հետո ամեն տարի երեք երկրներում այնպիսի բարձր մակարդակով են նշել Ապրիլի 24-ը, որ Թուրքիայի դեսպաններն ու պաշտոնական Անկարան միայն պետք է մտահոգվեին։
Հիշում եմ նաեւ, որ 2019 թվականի դեկտեմբերի 9ին Ցեղասպանության հիշատակի միջազգային օրը, երբ Թաներ Աքչամին էին հրավիրել՝ երեք բալթյան մայրաքաղաքների ակադեմիաներում դասախոսություններ կարդալու, թուրքերը չեզոքացնելու նպատակով նախաձեռնել էին իրենց միջոցառումը, սակայն Հայաստանի դեսպան Մկրտչյանը արել է անհնարինը եւ Թուրքիայի դեսպանության հայտարարված և հրավերներով հաստատված հակահայկական միջոցառումը չեղարկվել է, ինչպես այդ մասին վկայում են Լիտվայի հայ համայնքի մեր հայրենակիցները։ Դիվանագիտական ամենօրյա աշխատանքի մասին չեմ խոսում, երկկողմ հարաբերությունների զարգացման մասին նույնպես, քանի որ այդ ուղղությամբ էլ ակնառու արդյունքներ են գրանցվել։ Բավական է նշել միայն Կոմիտասյան պատարագի սկավառակի թողարկումն ու տարծումը եւ դրա մասին միջազգային մամուլի արձագանքները, որը նույնպես վկայում է ցեղասպանության մասին լայնածավալ քարոզչության մասին՝ այս անգամ Կոմիտասի միջոցով։
Վերֆելի ,,Մուսա Լեռան 40 օրը,, վեպը և նաև Քրիս Բոջալյանի ,,Ավազե Ամրոցի աղջիկները,, վեպերը, որոնք Ցեղասպանության մասին տպված ամենահաջող դասականներից են, լատվիերեն թարգմանվել են դեսպանի կնոջ կողմից։ Լիտվերեն տպագրվել է "Լիտվական մամուլը հայերի և հայկական հարցի մասին" ժողովածուն։
Նաև այս դեսպանի գործունեության ընթացքում 2020 թ․ Լատվիայի խորհդարանի երկու կուսակցություններ /պահպանողականները և ազատականները/, որոնք իշխող կոալիցիայի մասն են կազմում, ապրիլի 24 ին ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հայտարարություններ են ընդունել, իսկ ավելի ուշ նաև Էստոնիայի այն ժամանակվա կոալիցիայի մաս կազմող պահպանողական կուսակցությունը Հայոց ցեղասպանությունը ընդունող հայտարարություն է հրապարակել Ռիիգիկոգուում։ Այս հայտարարություններն աննախադեպ էին այս երկրների խորհրդարանների համար։
Այսինքն, Ցեղասպանության հիշատակման առումով Բալթյան երկրների դեսպանությունը ամենաակտիվ գործունեություն է ծավալել անցած տարիներին։
Իսկ այս թեմայից դուրս եթե ավելացնենք, երեք երկրներում Թումանյանի եւ Նարեկացու հրատարակությունները, դրանց շնորհանդեսները։ Այժմ էլ մի բացառիկ Նարեկացիական հրատարակություն է նախապատատրաստվում, որին կից լինելու է նաեւ ձայնագրություն՝ որտեղ երեք դերասան կարդալու են Նարեկացու ողջ տեքստը, հայ հոգեւոր երաժշտության ուղեկցությամբ։ Գիրքը ձեւավորված է լինելու մանրանկարչության 12 բացառիկ գունավոր նկարներով։ Նարեկացու նման հրատարակություն դեռեւս երբեւէ լույս չի տեսել ոչ միայն արտասահմանում, այլեւ Հայաստանում։ Դեսպանը առաջիկա ամիսներին նախատեսել էր նաեւ այլ հագեցած քաղաքական ու մշակութային հանդիպումների ծրագիր, սակայն հետկանչի պատճառով, միգուցե դրանցից շատերը չիրականան։
Ի վերջո, օրերս արտգործնախարարությունում տեղի ունեցավ մշակութային դիվանագիտությանը նվիրված խորհրդակցություն։ Սիրելիներս, դեսպան Մկրտչյանն արդեն իսկ իրականացրել է այդ մշակութային դիվանագիտությունը, միայն թե պետք է գնահատել, եւ ոչ թե խանգարել, նախանձել կամ վատաբանել կատարված փայլուն աշխատանքը։
Մի՛ կրակեք վազող դեսպաններին։
Հակոբ Ասատրյան
ՕՐԵՐ եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր
Պրահա
Հ.Գ. Ի դեպ ՕՐԵՐ եվրոպական ամսագրի առաջիկա համարում լույս կտեսնեն Եվրոպայում ներկայացված Հայաստանի 20 դեսպանների հետ հարցազրույցները՝ նվիրված Քովիդ 19 համավարակի դեմ պայքարին։ Դա եւս մի վկայությունն է, թե որքանով ենք տեղյակ մեր դեսպանների աշխատանքին եւ ի՞նչ դերակատարություն ունեն նրանք արտաքին աշխարհի հետ մեր երկրի հարաբերություններում։