Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Մարտի 1-ին Երեւանի Հանրապետության հարապարկում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների հանրահավաքը, որտեղ նա հանդես է եկել մի քանի ուղերձներով եւ ներողություն խնդրել իր սխալների համար։ Նիկոլ Փաշինյանի առանցքային ուղերձներն են՝
 
📌 Պիտի աշխատենք, որ այս տարվա հոկտեմբեր ամսին համաժողովրդական հանրաքվեով ընդունենք նոր Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ: Կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի: Այս գործընթացը պետք է իրականացնենք Ազգային ժողովի, Կառավարության, Հանրապետության նախագահի, քաղաքական ուժերի և քաղաքացիական հանրության հետ սերտ համագործակցության պայմաններում:
📌 Եթե խորհրդարանական ուժերը կընդունեն դեռևս դեկտեմբերի վերջին ձևակերպած մեր առաջարկը՝ մենք կհամաձայնվենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Համոզված ենք՝ մեր ժողովուրդը նույնկերպ, իր ազատ կամարտահայտմամբ, ի վիճակի է Հայաստանում հաստատել օրինական իշխանություն: Այդ ընտրություններում մեր հաղթանակը չենք փնտրելու, այլ փնտրելու ենք ձեր հաղթանակը, որովհետև դուք պիտի հաղթեք։ Հաղթող պիտի լինի միայն ու միայն մեկ ուժ՝ ժողովուրդը։ Մնացած ուժերը՝ քաղաքական ուժերը, զինված ուժերը, բոլոր ուժերը, պետք է անվերապահ ենթարկվեն ժողովրդի կողմից ընտրված իշխանությանը:
📌 2008 թվականի իշխանությունները բանակը, այո՛, հանել են սեփական ժողովրդի դեմ, բանակն օգտագործել են սեփական ժողովրդի կամարտահայտումը թույլ չտալու համար։ Այդ նույն մարդիկ այսօր էլ փորձ են անում բանակը հանել ժողովրդի, ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանության և կառավարության դեմ։
📌 ՀՀ սահմանադրությունը հստակ արձանագրում է՝ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն։ Զինված ուժերը որդեգրել է ընդդիմադիր քաղաքական դիրքորոշում և սրանով արդեն խախտել ՀՀ սահմանադրությունը։ Գլխավոր շտաբի հայտարարությունն անխուսափելի է դարձնում Օնիկ Գասպարյանի հեռացումը ԳՇ պետի պաշտոնից։ Բայց սա Զինված ուժերում վենդետաների տեղիք չի տալու։ Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա, մյուսները պետք է վերադառնան իրենց ծառայության։ Ժողովրդի հերոսներին ժողովրդի դեմ հանել չի հաջողվի:
📌 Մեր ընթացիկ ճգնաժամի առանցքն է՝ ժողովրդի իշխանությունն իր ձեռքից ուզում են խլել, և մենք հրապարակում հավաքվել ենք՝ ասելու, որ դա թույլ չենք տալու։ Թույլ չենք տալու տասնամյակների պայքարի ու զրկանքների արդյունքում ձեռք բերած այդ նվաճումը ոչնչացնել, և դուք՝ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինչպես եղել, այնպես էլ շարունակելու է մնալ բարձրագույն իշխանություն Հայաստանի Հանրապետությունում։
📌 Մեր անկախության 31 տարում մենք թույլ ենք տվել բոլոր հնարավոր սխալները։ Վերջին 2 տարի 10 ամսում, նկատի ունեմ՝ հեղափոխությունից հետո նույնպես, մենք թույլ ենք տվել բոլոր հնարավոր սխալները: Խոսքը մեր կառավարության մասին է, խոսքն անձամբ իմ մասին է, և ես ուզում եմ ձեզնից բոլորից, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներից, Սփյուռքի բոլոր հայերից, Արցախի Հանրապետության բոլոր քաղաքացիներից ներողություն խնդրել իմ թույլ տված բոլոր սխալների համար:
Այս մասին գրել է վարչապետի մամուլի քարտուղարը։ 
 
orer.eu