Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times



Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է ռուսաց լեզուն պաշտոնական ճանաչելու մասին օրենքը: Այս մասին ս.թ. փետրվարի 17-ին տեղեկանում ենք ԼՂ Ազգային Ժողովի կայքից։ Նշվում է, որ ըստ փոփոխությունների նախագծի՝ "Լեզվի մասին" օրենքում ԼՂՀ պաշտոնական լեզու են ճանաչվում գրական հայերենը և ռուսերենը:

"Արցախում ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայությունը, բազմաթիվ սոցիալական և հաղորդակցային խնդիրների համատեղ լուծման անհրաժեշտության գիտակցումը, համագործակցությունը շինարարության, առողջապահության, կրթության և գիտության ոլորտներում պահանջում է վերագնահատել ռուսաց լեզվի դերը", — ասվում է փաստաթղթում:

Այսինքն՝ Արցախում 2 հազար ռուս խաղաղապահների ներկայությունը պատճառ դարձավ, որ ռուսերենը պաշտոնական կարգավիճակ ստանա։ Այդ տրամաբանությամբ հայերենը նույնպես պետք է պաշտոնական դառնա Ռուսաստանում։ Եթե հայկական իշխանությունները հարգում են 2 հազար ռուսալեզու քաղաքացիների իրավունքները, ապա Ռուսաստանի իշխանությունները պետք է հարգանքով վերաբերվեն ՌԴ տարածքում ապրող 3 միլիոն հայերի իրավունքներին (հենց այդ թիվն են բարձրաձայնում ռուս մասնագետներն ու փորձագետները ԶԼՄ-ներում)։

Հետաքրքիր է նաև մեկ այլ հանգամանք։ "Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը խրախուսում է հայ-ռուսական մամուլի հրատարակումը, ինչպես նաև հայ-ռուսական դասագրքերի, տեղեկատուների, գիտամեթոդական և գիտահանրամատչելի գրականության ստեղծումը", - ասվում է օրինագծում:

Ռուսաստանի Դաշնության իշխանությունները, հատկապես ՌԴ ԱԴԾ-ն/ФСБ-ն, ակնհայտորեն համաձայն չեն այդ կետի հետ։ Քանի որ նրանք անօրինական հետապնդումների են ենթարկում հայկական լրատվամիջոցներին: Բավական է հիշել ԱԴԾ-ի կողմից ապօրինաբար փակված "Հյուսիսափայլ" և "Երրորդ Ուժ Պլյուս" թերթերի հետ կապված պատմությունը։

Կարծում ենք՝ Հայաստանի և ԼՂՀ իշխանությունները, հատկապես ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը, պետք է այդ հարցը բարձրացնեն Ռուսաստանի իշխանությունների առջև։

Վահրամ Աղաջանյան

ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՌԴ ԱԴԾ-ի ջանքերով ապօրինաբար փակված "Երրորդ Ուժ Պլյուս" թերթի գլխավոր խմբագիր