Արամ Ավետիսյանը եւ Նորայր Սուքիասյանը առաջին զինվորներն են, որ կստանան բարձրակարգ պրոտեզավորում
Այսօր Պրահայի Վացլավ Հավելի անվան օդանավակայանում չեխահայերը եւ ՀՀ դեսպանության ներկայացուցիչը դիմավորեցին Հայաստանից բուժման նպատակով ժամանած արցախյան պատերազմից տուժած զինվորներ Արամ Ավետիսյանին եւ Նորայր Սուքիասյանին, ինչպես նաեւ Արամի հորը՝ Արցախյան երեք պատերազմների մասնակից Արմեն Ավետիսյանին։
Տղաների տրամադրությունը բարձր էր եւ լավատեսական։ Նորայրը մասնակցել է Ասկերանում ընթացած մարտերին եւ կորցրել է մեկ ոտքը՝ վիրավորվելով հոկտեմբերի 4-ին, իսկ Արամը կորցրել է երկու ոտքը՝ վիրավորվելով հոկտեմբերի 30-ին Ջաբրայիլի, ապա Լաչինի մոտ ընթացող մարտերում։ Արամը Իջեւանի շրջանի Աչաջուր գյուղից է, իսկ Նորայրը՝ Գյումրիից է։ Տղաները Պրահայում եւ Չեխիայի այլ քաղաքներում կանցեն ոչ միայն անհրաժեշտ բուժստուգում, այլեւ կստանան բարձրակարգ պրոտեզավորում։
Նշենք , որ հայ զինվորների կորցրած վերջույթների պրոտեզավորման համար ստեղծված ,,Տուր ինձ հույս,, բարեգործական կազմակերպության հիմնադիր ղեկավար Սոնա Վարդանյանն ամեն ինչ արեց, որպեսզի տղաները հասնեն Պրահա եւ ստանան անհրաժեշտ բուժօգնություն։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ պատերազմից հետո մեկնելով Հայաստան, տեղում ծանոթացավ իրավիճակին եւ հասկացավ, որ ամենաառաջնային օգնության կարիք ունեն պրոտեզավորման ենթակա տղաները։ Այդ պատճառով էլ Հայաստանում հիմնեց ,, Տուր ինձ հույս,, կազմակերպությունը, որի միջոցով սկսվեց դրամահավաք՝ զինվորների օգնության նպատակով։
Գալով Պրահա, Սոնան շահավետ պայմանագիր ստորագրեց պրոտեզավորում իրականացնող գերմանական Օտտոբուկ ընկերության հետ, որը առաջարկել է 33 տոկոսանոց զեղչ։ Բացի այդ, Սոնա Վարդանյանը հրավեր է ստացել ԱՆՈ կուսակցության խորհրդարանական ներկայացուցիչների կողմից եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ եթե տղաներին անհրաժեշտ լինի վիրահատել, ապա Պրահայի Զինվորական հոսպիտալում դա անվճար կիրականացնեն չեխ բժիշկները։
Սոնայի ասելով, առայժմ իրենք կօգնեն ոտքերի պրոտեզավորման կարիք ունեցող զինվորներին, քանի որ Հայաստանում ծնկից ցածր պրոտեզավորում իրականացնում են, սակայն ծնկից բարձր դեպքերում շատ բարդ է։ ,, Մեր շահառուները հիմնականում ծանր հիվանդներն են,,-ասում է նա։ Առաջին փուլով Պրահայում պրոտեզավորում կստանա հինգ հայորդի, Արամն ու Նորայրը, ովքեր ժամանեցին, եւ ապա Սարգիս Ֆիդանյանը, Էրիկ Գրիգորյանը եւ Սարգիս Սարգսյանը։
Այսպիսով, տղաները երեք ամսվա ընթացքում կստանան անհրաժեշտ բուժօգնությունը, ապա կտեղափոխվեն Հայաստան, ուր արդեն պայմանավորվածության համաձայն կանցեն վերականգնողական շրջանը։
Մեր հայրենակիցներին տեղեկացնենք, որ Սոնա Վարդանյանը եւ իր ընկերները 44 օրյա պատերազմի ընթացքում վարսավիրանոցում կազմակերպեցին վարսահարդարման բարեգործական ծառայություն, եւ հավաքված մոտ 25 հազար եվրո գումարը ուղարկեցին Հայաստանի ու Արցախի տարբեր բարեգործական հիմնադրամների ու կազմակերպությունների, որից հետո որոշեց հիմնել այս հիմնադրամը՝ զինվորների պրոտեզավորման համար։
Այսօր երեկոյան հյուրանոցում մեր զինվորներին ողջունել են պրահայաբնակ մեր հայերնակիցները, ինչպես նաեւ Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը եւ Հայ Առաքելական եկեղեցու Չեխիայի հովեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, ովքեր իրենց խոնարհումն են բերել մեր զինվորներին, եւ շնորհակալանքը կազմակերպիչ Սոնա Վարդանյանին։ Վերջինիս իրենց շնորհակալությունն են հայտնել նաեւ զինվորները։
Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են օգնել մեր զինվորներին, կարող են փոխանցումներ կատարել հետեւյալ հաշվեհամարներին՝
Euro 118114021080803
Swift ANIKAM22
Dolar 11814021080801
Swift ANIKAM22
RUBLI 11814021080802
swift AMIKAM22
Arm. Dram 11814021080800
Swift AMIKAM22
Name Give Me Hope NGO
orer.eu
Լուսանկարները՝ ՕՐԵՐ ամսագրի