Չեխիայի խորհրդարանի ստորին՝ Պատգամավորների պալատը մերժեց արտակարգ դրությունը երկարացնելու մասին կառավարության առաջարկը: Վարչապետ Անդրեյ Բաբիշի գլխավորած նախարարների կաբինետը խորհրդարանին էր ներկայացրել եւս մի առաջարկ՝ արտակարգ դրություն մտցնել 30 օրով ՝ մինչև մարտի կեսը:
Գործող ռեժիմն ավարտվում է փետրվարի 14-ին, ինչը նշանակում է, որ խանութներն ու սպասարկող ձեռնարկությունները կկարողանան վերաբացվել երկուշաբթի, փետրվարի 15-ից, ինչպես նաև կլրանա կորոնավիրուսային շատ այլ սահմանափակումների ժամկետը:
Երկարաձգման օգտին քվեարկեցին ընդամենը 48 պատգամավոր, ովքեր ներկայացնում էին կոալիցիոն կաբինետը՝ ANO- ն ու Սոցիալ-դեմոկրատները: Խորհրդարանական ընդդիմությունը դեմ արտահայտվեց: Այս անգամ կառավարությանը չաջակցեցին նաեւ կոմունիստները։
Արտակարգ դրությունը երկու շաբաթով երկարացնելու առաջարկը նույնպես աջակցություն չգտավ: Կենտրոնական Բոհեմիայի, Կարլովի Վարիի, Պարդուբիցեի, Լիբերեցի և Օլոմուշի շրջանների հեյթմանները և Պրահայի քաղաքապետը հայտարարեցին, որ պատրաստ են հայտարարելու վտանգավոր ռեժիմ: Քաղաքացիական դեմոկրատների հայթմաններն էլ առաջարկեցին կառավարական կոալիցիայի և ընդդիմության պատգամավորներին `ստեղծված իրավիճակին լուծում գտնելու համար հանդիպել եւ խորհրդակցել։
Այսպիսով, 200 օրյա արտակարգ դրությունից հետո, առաջին անգամ կառավարությանը չհաջողվեց երկարաձգել այն։ Մեկնաբանները նշում են, որ դա նաեւ վարչապետ Բաբիշի թուլության արդյունք է, որ նա չկարողացավ երկխոսել ընդդիմության հետ եւ հաշվի առնել նրանց քննադատությունները։
Սակայն մասնագետները նշում են, որ արտակարգ դրության վերացումը հղի է կորոնավիրուսի տարածման նոր ալիքով, ուստի առանձին շրջաններում հնարավոր է տեղական իշխանությունները սահմանափակեն ազատությունները։ Արդեն իսկ փակված են Խեբ, Սոկոլով եւ Տրուտնով քաղաքները եւ նրանց շրջակա տարածքները։ Բժիշկները նշում են, որ օրական 8-10 հազար վարակակաիր է գրանցվում։ Վերջին մեկ տարվա ընթացքում Չեխիայում Քովիդ 19 -ով վարակվել է 1 միլիոնից ավելի մարդ, որոնցից 955 հազարը կազդուրվել են, մոտ 17 հազարը մահացել են, իսկ 5771-ը գտնվում են հիվանդանոցներում։ Իսկ ներկա պահին 100 հազարից ավելի մարդ դեռեւս հիվանդ է։
orer.eu