Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Հունվարի 28-ին  Հայոց բանակի տոնի առթիվ կազմակերպված միջոցառումների շրջանակում  Հայաստանի ազգային գրադարանի հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժնի աշխատակիցներն այցելեցին Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, շնորհավորելով Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ վիրավորում ստացած զինծառայողներին,  գրքեր նվիրելով նրանց։

Գրքերի հետ միասին ռազմական գործողություններին մասնակցած անձանց փոխանցվեցին նաև շնորհավորական բացիկներ, որոնց վրա տեղում լրացվել են նրանց անունները։ Բացիկները հնարավորություն են տալու նվիրառուներին այսուհետև անվճար օգտվել Ազգային գրադարանի անհատական բաժնութային ծառայությունից։ Այսպիսով՝գրադարանի աշխատակիցների հետ զրույցում տղաները հավաստել են, որ նվիրաբերված գրքերը կօգնեն բուժման ընթացքում ավելի բազմաբովանդակ դարձնել իրենց առօրյան և խոստացել են արագ ապաքինվել ու գալ գրադարան։

Այս առիթով հանդիպեցինք գրադարանի հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժնի վարիչ Լիլիթ Խալաթյանի հետ:

 

-Ի՞նչ կպատմեք այս հետաքրքիր ու հրաշալի նախաձեռնության մասին։

-Հայաստանի ազգային գրադարանն իր զինվորի հետ է ու, գրքերի նվիրատվություն կազմակերպելով Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում, փորձել է այդ կերպ ոչ միայն իր երախտագիտությունն արտահայտող հերթական քայլը կատարել առ հայ զինվոր, այլև նպաստել, որ բուժման ընթացքում տղաների առօրյան ավելի հետաքրքիր ու հագեցած դառնա։ Նվիրել ենք հիմնականում գեղարվեստական գրականություն, գաղափարի հեղինակը գրադարանի հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժինն է։

-Ինչպե՞ս կներկայացնեք այսօրվա զինվորին

-Հայ զինվորն այսօր գուցե ընկճված է, վիրավոր, բայց ոչ պարտված։ Չարաբաստիկ պատերազմի ընթացքում ու դրանից հետո էլ մեր տղաներն արել են առավելագույնը, հնարավորն ու անհնարը (դժբախտաբար, հաճախ իրենց կյանքի գնով), պայքարել են մեզ բոլորիս համար, ահա թե ինչու հետայսու բոլորս առիթով, թե անառիթ պիտի սեր ու ջերմություն տանք նրանց, ցույց տանք, որ նրանց կողքին ենք, անսահման շնորհակալ ենք նրանց, ու դա պիտի դրսևորվի ոչ միայն վերամբարձ խոսքերով, այլև կոնկրետ գործողություններով։

-Արդյոք ձեր նմանատիպ հանդիպումներն ու յուրօրինակ ծրագրերը կլինեն շարունակելի։

-Մեր ցանկությունն ու նաև պարտքն է, որ Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցած հերոսների հետ կապը շարունակվի, ահա թե ինչու այցի ընթացքում տղաներին նաև շնորհավորական բացիկներ ենք փոխանցել, որոնցով ներկայանալով գրադարան ապաքինվելուց հետո՝ նրանք կարող են անվճար օգտվել Ազգային գրադարանի բաժնութային ծառայությունից, այսինքն՝ իրենց նախընտրած գիրքը որոշակի ժամկետով տանել տուն, ընթերցել տանն ու վերադարձնել։

-Իսկ ինչպե՞ս արձագանքեցին ձեր այցելությանը զինծառայողները։

 -Տղաների արձագանքն իհարկե դրական էր, շատ ոգևորված էին, հետաքրքրված։ Հասկանալի պատճառներով այցի ընթացքում շատ լուսանկարներ չենք արել, լուսանկարել ենք միայն ապաքինման վերջին փուլում գտնվող տղաներին և գրադարանի ֆեյսբուքյան էջում էլ հրապարակել ենք միայն այն լուսանկարները, որում երևացող տղաներն իրենք են խնդրել լուսանկարվել, սակայն ուզում եմ խոստովանել, որ շատերն էին մոտենում, թերթում գրքերը, ընտրում, ասում, որ այսինչ գիրքն արդեն կարդացել են և մյուսն էին վերցնում, ու դա տեսնելն անչափ ուրախալի էր անձամբ ինձ համար։ Նրանց հետ զրուցելիս մենք հույս հայտնեցինք, որ շուտ կապաքինվեն, ու օր առաջ կհանդիպենք գրադարանում, նրանք էլ խոստացան ամեն ինչ անել դրա համար։

-Արդյո՞ք հետպատերազմական նմանատիպ ձեր առաջին ծրագիրն է ։  

-Ի դեպ, պատերազմական օրերից ի վեր սա առաջին միջոցառումը չէ, որով Ազգային գրադարանը հավաստել է հայ զինվորի կողքին ամուր կանգնելու իր պատրաստակամությունը։ Նախ՝ 2020 թվականի հոկտեմբերի հենց սկզբին գրադարանի աշխատակիցներն ավելի քան 1 միլիոն դրամ են փոխանցել Համահայկական և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամներին, այնուհետև՝ նոյեմբերին, Ազգային գրադարանի կառուցվածքային ստորաբաժանում համարվող Գրատպության թանգարանն իր չկրկնվող, յուրահատուկ հուշանվերներից է վաճառել Երևանի Հյուսիսային պողոտայում ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված գրքերի և հուշանվերների ցուցահանդես-վաճառքի ընթացքում՝ հասույթը դարձյալ փոխանցելով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Վաճառքի են ներկայացված եղել նաև հայերեն առաջին տպագիր գրքի՝ «Ուրբաթագրքի» կրկնօրինակ-հուշանվերը, հայերեն առաջին տպագիր քարտեզի՝ «Համատարած աշխարհացույցի» պատկերով շարֆեր, քարտեզի դետալներով փոստային բացիկներ, հայ առաջին տպագրիչ Հակոբ Մեղապարտի դիմապատկերով բրոնզից պատրաստված կրծքանշաններ և այլ նմուշներ։ Դեկտեմբերին էլ Հայաստանի ազգային գրադարանն օգտագործման համար այլևս ոչ պիտանի, դուրս գրված գրքերի մի մեծ խմբաքանակ է փոխանցել այդ օրերին գործող «Թուղթը վերածենք զենքի» նախաձեռնությանը, որի անդամները հանձնված թղթերն ուղարկում էին վերամշակման, իսկ հասույթը կրկին փոխանցում վերոնշյալ հիմնադրամին։  

-Ձեր մաղթանքը մեր զինծառայողներին։

Տոնի առթիվ ուզում եմ ևս մեկ անգամ շնորհավորել թե՛ մեր զինծառայողներին, թե՛ ռազմական գործողություններին մասնակցություն ցուցաբերած կամավորներին ու ասել՝ դուք մեր նորօրյա հերոսներն ենք, ոչ մի դեպքում չվհատվեք, դուք պիտի անխախտ հավատով ապրեք ու ապրեցնեք մեզ։

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝Ազգային գրադարանի հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժնի