Հունվարի 19-ին Հայաստանի նկարիչների միությունում տեղի ունեցավ «Կամք, Իմաստություն, Սեր» խորագիրը կրող՝ հայ արվեստագետների բացառիկ ցուցահանդեսի բացումը:
Ներկայացված են Վարդգես Սուրենյանցի, Եղիշե Թադևոսյանի, Հակոբ Գյուրջյանի, Գրիգոր Խանջյանի, Ռուդոլֆ Խաչատրյանի, Սերգեյ Փարաջանովի և մի շարք այլ անվանի նկարիչների և քանդակագործների աշխատանքներ, որոնք նվիրված են Հիսուս Քրիստոսի կերպարին։
Սիրված հայ արվեստագետների աշխատանքների հետ համատեղ ցուցադրվեցին Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Սերգեյ Փարաջանովի թանգարաններից ընդգրկված ստեղծագործություններ:
Ցուցահանդեսը կոչված է վերանայելու մեր ապրած դարաշրջանը՝ հայոց ոգին ամրացնելով «կամքի, սիրո և իմաստության առժեքներով»:
Նույն օրը տեղի ունեցավ նաև Արվեստագիտության թեկնածու Երևանի Պետական Համալսարանի Պատմության ֆակուլտետի Հայ արվեստի պատմության տեսության ամբիոնի դոցենտ Սաթենիկ Վարդանյանի «Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի արդի հայ արվեստում» գրքի շնորհանդեսը:
Այս յուրօրինակ ու գեղեցիկ միջոցառումը վարում էր Երևանի Պետական Համալսարանի Մշակույթի կենտրոնի տնօրեն, հայ մշակույթի միջազգային ասոցիացիայի հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դավթյանը:
Միջոցառումը կազմակերպել էր Երևանի Պետական Համալսարանի Մշակույթի կենտրոնի ու, հայ մշակույթի միջազգային ասոցիացիայի հասարակական կազմակերպության կողմից: Միջոցառմանն աջակցել էին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Հայաստանի Նկարիչների միությունը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Սերգեյ Փարաջանովի թանգարանը, Հայաստանի Ազգային Պատկերասրահը, Երևանի Պետական Համալսարանը:
Նշենք, որ սա ասոցիացիայի կողմից կազմակերպված առաջին միջոցառումն էր: Այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների ու մասնագիտության ներկայացուցիչներ: Միջոցառումը համընկավ Հայկական Երուսաղեմում անցկացվող Ջրօրներքի եկեղեցական արարողության հետ: Ցուցահանդեսի ժամանակ բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը: Նա իր խոսքում նշեց, որ այս տարվա ցուցահանդեսների մեկնարկը տրվում է այս յուրահատուկ միջոցառումով:
Իր ելույթի վերջում շնորհակալություն հայտնելով բոլոր կազմակերպիչներից նա ընթերցեց նկարիչների միության շնորհակալագիրն՝ ուղղված գրքի հեղինակին, ինչպես նաև հանձնելով նրան պատվավոր անդամատոմսը: Միջոցառման ընթացքում բոլորը 1 րոպե լռությամբ հարգեցին Արցախյան 2-րդ պատերազմում նահատակվածների հիշատակն, իսկ այնուհետև տերունական աղոթքն ընթերցեց ու Քրիստոսի մասին խոսեց Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Ելույթ ունեցան նաև Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, Երևանի Պետական Համալսարանի Պատմության ֆակուլտետի դեկան Պատմական գիտությունների դոկտոր (2003), պրոֆեսոր (2005), ՀՀ Հանրային խորհրդի և Երկրապահ Կամավորականների միության վարչության անդամ Էդիկ Մինասյանը:
Համերգային գեղեցիկ ու հայրենասիրական թեմատիկ ելույթներով հանդես եկան հայ երգչուհի, երգահան, ճարտարապետ Լիլիթ Պիպոյանը, Գևորգ Գինոսյանը, Երևանի Պետական Համալսարանի մշակույթի կենտրոնի երգչախումբը, Սարգիս Բաժբելյուկ-Մելիքյանը: Գրքի մասին խոսեց հեղինակը՝ Սաթենիկ Վարդանյանն, ով հակիրճ ներկայացրեց այն ու կատարված աշխատանքները:
Շնորհանդեսի ընթացքում տեղի ունեցավ նաև գրքի գինեձոնի ավանդական ու գեղեցիկ արարողությունը: Միջոցառման վերջում կազմակերպիչներին ու ներկաներին ուղղված շնորհակալական խոսքով հանդես եկավ Կարինե Դավթյանը՝ հույս հայտնելով, որ նմանատիպ ծրագրերը կլինեն շարունակելի՝մեր արվեստասեր հասարակությանը ներկայացնելու հայկական մշակույթի գեղեցիկ ու չբացահայտված էջերը: Միջոցառումը համընկավ Հայկական Երուսաղեմում անցկացվող Ջրօրներքի եկեղեցական արարողության հետ:
Մի քանի խոսքով ներկայացնենք գիրքը: Գրքում ուսումնասիրված են 20-րդ դարի ու արդի հայ արվեստում Կատարյալ Անձի՝ Հիսուս Քրիստոսի կերպարի մեկնաբանությունները: Սույն աշխատությունը նվիրված է հայ ժողովրդին ու երիտասարդներին: Գրքի հայոց լեզվի խմբագիրներն են՝բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Մակարյանը, Գալյա Հովհաննիսյանը, թարգմանիչը պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Հարությունյանն է: Աշխատությունը հրատարակվել է Էդիթ Պրինտ հրատարակչությունում:Գրքի հեղինակ Սաթենիկ Վարդանյանը ծնվել է 1974 թվականին քաղաք Երևանում: 1996 թվականին գերազանցությամբ ավարտել է Գեղարվեստի պետական ակադեմիայի արվեստաբանության բաժինը: 1997 թվականից առ այսօր համաշխարհային և հայ արվեստի պատմություն է դասավանդում ԵՊՀ-ի Պատմության ֆակուլտետի Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնում, համալսարանի մյուս ֆակուլտետներում: 2001 թվականին մասնակցել է Արիստոտելի անվան Սալոնիկի համալսարանի Արվեստի և Բյուզանդագիտության բաժնի վերապատրաստման դասընթացներին: 2004 թվականին ավարտել է ԵՊՀ-ի ասպիրանտուրան: 2012 թվականին պաշտպանել է <<Հիսուս Քրիստոսի կերպարը 20-րդ դարի հայ արվեստում (1900 -1920-ական թվականներ)>>խորագրով ատենախոսությունը՝ստանալով գիտությունների թեկնածուի կոչում: Իր հետազոտությամբ նա առաջ է քաշել մշակութային կարևոր խնդիրներ՝կապված իդեալական անձի դրսևորման հետ, բացահայտել հայ կերպարվեստի դեռևս չսուումնասիրված էջերը: 2019 թվականին ստացել է դոցենտի գիտական կոչում: Գիտական կարևոր և արդիական զեկուցումներով մասնակցում է միջազգային և հանրապետական գիտաժողովներին:Հրատարակել է տարբեր լեզուներով շուրջ 40 հոդվածներ մի շարք, այդ թվում՝ արտասահմանյան հեղինակավոր գրքերում, ժողովածուներում և ամսագրերում: Ստացել է պատվոգրեր և մեդալ ՀՀ Պաշտպանության նախարարից:Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակում է դիցաբանությունը, աստվածաբանությունը, փիլիսոփայությունը, արվեստը, մանկավարժությունը, արդի հայ պետականության հիմնախնդիրները,բարոյագիտությունը:
Գարիկ Ավետիսյան
Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի