Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Ինչպես տեղեկանում ենք  Վարդգես Դավթյանի հաղորդագրությունից, կյանքի  76-րդ տարում ԱՄՆ-ում վախճանվել է ամերիկյան նշանավոր հոգեբույժներից մեկը՝ Հակոբ Ս. Ակիսկալը: Նա իսկապես ականավոր դեմք էր եւ մեծանուն գիտնական։ 

,,Միջազգային ճանաչման այն աստիճանին, այն բարձր տիտղոսներին և բացառիկ արտոնություններին, որոնց արժանացել էր նա, վիճակված չի եղել հասնելու ոչ մի հայ գիտնական-հոգեբույժի: Նա ստացել է բժշկական և կենսաբանական գիտությունների բնագավառում սահմանված հայտնի և անհայտ բոլոր մրցանակները (Նոբելյանից բացի): Այսուհանդերձ, նրա անունը հայտնի էր հայության շատ սահմանափակ շրջանակում - հոգեբույժների և հոգեբանների համայնքում:»,- գրել է Վարդգես Դավթյանը։ 

Նշենք, որ Հակոբ Ակիսկալը ապրում եւ աշխատում էր Սան Ֆրանցիսկոյում։ Նրան հանդիպել ենք  տարիներ առաջ Պրահայում, երբ 2008թ  անցկացվում էր  Հոգեբույժների միջազգային համագումարը։ 

Ստորեւ ներկայացնում ենք մի հատված մեր հարցազրույցից, որ վարել ենք Պրահայի ,, Չորս եղանակներ,, հյուրանոցի իր սենյակում եւ տպագրել ենք ՕՐԵՐ եվրոպական ամսագրի 2008 թվականի 3-րդ համարում։ 

                                                            Հակոբ Ասատրյան

Միջազգային հոգեբուժության տիտանը

 Աշխարհի ամենածանոթ հայ հոգեբույժը. ՀԱԿՈԲ ԱԿԻՍԿԱԼ

 Գիտություն չկա առանց արվեստի, եւ արվեստ չկա, առանց գիտության

 

2008 թվականին Չեխիայի մայրաքաղաքում անցկացվող Հոգեբույժների համաշխարհային 14 –րդ համաժողովի մասնակիցների թվում էր ամերիկահայ հայտնի հոգեբույժ Հակոբ Ակիսկալը։ Մեր հանդիպումը տեղի ունեցավ Պրահայի գեղեցիկ հյուրանոցներից մեկում։  Մեր զրույցին սիրով մասնակցեց նաեւ տիկին Քնարիկ Ակիսկալը, ով նույնպես տարիներ շարունակ զբաղվել է ոչ միայն հոգեբանությամբ, այլեւ արվեստով։ Տարիներ շարունակ այս համակերլի զույգը քրտնաջան աշխատանք է տանում, որպեսզի սփյուռքյան եւ հայաստանյան  հոգեբուժությունը ներկայացվի միջազգային մակարդակով, որպեսզի հայ երիտասարդ գիտնականները դուրս գան միջազգային ասպարեզ։

Հակոբ Ակիսկալը աշխարհի այն բացառիկ հոգեբույժներից մեկն է, ով արժանացել է հոգեբուժության բնագավառի ամենամեծ՝ Ժան Դլե մրցանակին, իբրեւ մրցակից ունենալով 35 թեկնածուների, այդ թվում Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը։ Այդ մրցանակը 2002-ին  հանձնվեց Տոկիոյում Ճապոնիայի գահաժառանգի ներկայությամբ եւ նրա անունը մեկնընդմիշտ գրվեց հոգեբուժության պատմության մեջ՝ իբրեւ հիմք ունենալով նրա բազմաթիվ հայտնագործություններն ու աշխատությունները։ 2003-ին ԱՄՆ կոնգրեսի կողմից նրան եւ ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանին հանձնվեց Էլիս Այլնդի պատվո մեդալը՝ ամերիկահայ համայնքին եւ ամերիկյան հասարակությանը ցույց տված համամարդկային ծառայության համար։  Որտեղ էլ եղել է, ինչ մրցանակ էլ ստացել է, նրա համար իր ծննդավայր Լիբանանը եւ նախնիների հայրենիքը՝ Հայաստանը մնացել են ներկայանալու հիմնական այցեքարտ։ Գերմանական, դանիական, ամերիկյան, լատին-ամերիկյան եւ ֆրանսիական  ամենաբարձր մրցանակների, 25 ազգային հոգեբուժական ընկերությունների պատվավոր անդամի, Արիստոտելի ոսկե մեդալի կողքին, նա նույն հպարտությամբ է նշում Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր անդամի եւ Հայկական բժշկական միության ոսկե մեդալի իրողությունները։ Սակայն այս շարքում, մի նվիրական պարգեւ կա, որ շնորհվում է ամերիկյան այն հարուստ ընտանիքների կողմից, որոնց հիվանդ զավակները ապաքինվել են հոգեբույժների գիտական աշխատանքների արդյունքում։ Այդ մրցանակը՝ Նասրադը 2001-ին շնորհվել է նաեւ Հակոբ Ակիսկալին։  Եվ իզուր չէ, որ նրա ամենամեծ դասը ամենուր թե՛ իր ուսանողներին եւ թե՛ իր գործընկերներին եղել է ամենամարդկային ձեւով մոտենալ հիվանդին։ Ինքն իր մասին չի սիրում խոսել, թեեւ իբրեւ հայ, շատ հպարտ է. ,,Ես հպարտ եմ իմ ժողովրդով, որ ինձ ծնեց։ Տարօրինակ զգացում է՝ հայ լինել եւ միաժամանակ աշխարհի ամենածանոթ հոգեբույժը,- ասում է նա՚։ Հետեւաբար մեր զրույցն էլ սկսեցինք անվանի հայի ակունքներից£

- Պարոն Ակիսկալ,  ինչպե՞ս  հայտնվեցիք Ամերիկայում, ովքե՞ր էին Ձեր ծնողները եւ ինչպե՞ս ստացվեց, որ հոգեբուժությունը ընտրեցիք իբրեւ մասնագիտություն։

- Իմ ընտանիքս հորս կողմից Ախալցխա  /օգտագործում է Ախլցխա ձեւը) քաղաքից է, եւ քանի որ անգլերենում խ չկա, այն դարձել է կ եւ այստեղից էլ իմ ազգանունը՝ Ակիսկալ։ Կարելի է ասել իմ ընտանիքի անունը հայկական դատի հետ կապ ունի, ինչպես Ղարաբաղը, այնպես էլ Ախլցխան,Ախալքալաքը պատմական Հայաստանի մաս են կազմում։ Բայց հորս ընտանիքը շերամի գործի մեջ մասնագիտացած լինելով, մինչեւ  Բելեջիկ գյուղն է հասել, որ Բուրսայի մոտն էր։ Իսկ մորս կողմի  մեծ հայրը Ադանայից էր, երբ Կիլիկիան դատարկվեց, գնացին մինչեւ Իզմիր եւ ծովը նետվեցին։  Մորս հայրը թե լրագրող էր, թե դպրոցի տնօրեն, եւ նահատակվել էր հայտնի մտավորականների շարքում։ Մայրական հարազատներս նավով հասել են  նախ Հունաստան, իսկ հետո տեղափոխվել են այն ժամանակ Սիրիայի մաս կազմող մեծ Լիբանան։ Իսկ հայրս ծնողների հետ քայլել էր մինչեւ սիրիական անապատներ, եւ ողջ էր մնացել։  Տասներկու տարեկան հասակում աշխարհագրության դասագիրքը ձեռքին է եղել եւ զգուշացրել է ծնողներին, որ պետք է Դեր Զորի  ճանապարհը փոխել եւ դեպի Դամասկոս գնալ, այլապես ճանապարհին կմեռնեն։ Վեց ամիս քայլելուց հետո միայն հասել են Դամասկոս։ Այնուհետեւ տեղափոխվել են Լիբանան, ուր 1944 թվին ես եմ ծնվել։ Ավարտել եմ Բեյրութի ամերիկյան համալսարանի բժշկության բաժինը, իսկ 1968-ին մեկնեցի Ամերիկա ուսանելու։ Հետո Լիբանանի քաղաքացիական  պատերազմը սկսվեց եւ մնացի Ամերիկայում։

- Հոգեբուժությունը այնտեղ ընտրեցի՞ք։

- Նախ Մենֆիս քաղաքը գնացի։ Այդ տարիներին հոգեբուժությունը Ամերիկայում շատ հետամնաց վիճակում էր։ Մենֆիսն այդ առումով թերեւս ամենազարգացած վայրն էր, եւ ամենամեծ գործս այնտեղ կատարեցի։ Երկար ժամանակ այնտեղ մնացի, իսկ հետո նաեւ Վիսկոնսիում աշխատեցի։

Հոգեբուժությունը հետամնաց էր այն իմաստով, որ դեռեւս հոգեվերլուծողական ֆրոյդյան մեթոդին էին հետեւում, ինչից Եվրոպայում վաղուց հրաժարվել էին։ Եւ եթե Ամերիկայում այդ շարժումին չպատկանեիր, լավ աչքով չէին նայում։ Բայց մեր երիտասարդներիս խումբը կարողացանք հակառակ դիրքը բռնել,  խիզախ լինել եւ նաեւ մտածել, որ հոգեվերլուծությունից զատ պետք է նաեւ ուղեղի մասին մտածել, նշելով, որ հոգեբուժությունը բժշկության այն ճյուղն է, որը կապ ունի ուղեղի հետ։ Եվ ես բավականին աշխատանքներ եմ կատարել ուղեղների վրա՝ իբրեւ փորձադաշտ ունենալով կապիկների ուղեղները։

- Այսինքն դուք հայտնագործություն արեցի՞ք։

-Այո,հայտնագործություն արեցի  եւ իմ հոդվածը տպագրվեց ամերիկյան ամենահայտնի ՙԳիտություն՚(Science) շաբաթաթերթում եւ քսանվեց տարեկանում արդեն միջազգային անուն ստացա եւ հեղինակություն դարձա։ Այն ժամանակ հիշում եմ, նույնիսկ Լենինգրադից նամակ ստացա։

-Ո՞րն էր Ձեր հայտնագործության բուն իմաստը։

-Գլխավոր իմաստն էր, որ ինչպես հոգեբանությունն է ազդում ուղեղի վրա, այնպես էլ ուղեղն է իր հերթին ազդում  հոգեբանության վրա£  Դեպրեսիայի դեպքում պետք է մտածենք հոգեբանության եւ քիմիայի միջեւ առկա կապերի մասին։ Այդ կապը շատ կարեւոր է։ Հին հունական գաղափար է՝  հոգին եւ մարմինը միասին են։  Բայց կորցրել էին այդ գաղափարը։  Մտածում էին, որ բազմոցի վրա պառկած կարելի է մտածել քեզ հուզող խնդիրների մասին եւ լուծում գտնել։  Իսկ այդ տարիներին շեշտը դրվում էր միայն հոգեբանության վրա։  Մեր փորձերը ցույց տվեցին, որ ուղեղը շատ մեծ դեր ունի այս ամենի մեջ եւ ժառանգականությունը շատ կարեւոր է։ Մենք ցույց տվեցինք ժառանգականության եւ ուղեղի կապը։ Եվ պետք է հասկանալ ժառանգականության եւ միջավայրի կապը։  Կապիկների միջոցով կատարեցինք այդ փորձերը, որոնք մինչեւ այդ չէին կատարվել։ Նկարագրեցինք, թե միջավայրը եւ ուղեղը ինչպես են իրար հետ հաղորդակցվում։ Այս գիտական աշխատանքների հիման վրա Մենֆիսում ստեղծեցի ՙՏրամադրության հիվանդությունների կենտրոն՚։ Կալիֆոռնիայի Սան Դիեգոյի համալսարանում բացեցի Տրամադրության բուժման միջազգային կենտրոնը։ 1980 թ.-ից համագործակցում ենք շուրջ 25 երկրների հետ, այդ թվում Հայաստանի։

-Հոգեբույժներին, որ այս օրերին հավաքվել էին Պրահայում, որ խնդիրն էր ամենից շատ հուզում , ո՞րն է  համաշխարհային հոգեբուժությանը մտահոգող թիվ մեկ խնդիրը։

-Ամենագլխավորն  այն է, որ  հոգեբուժական հիվանդությունները դեռ չեն նկատվում իբրեւ իսկական հիվանդություններ, հակառակ, որ փաստերն ուժեղ են։ Եթե մեկը շաքարախտ ունենա կամ սրտի հիվանդություն, ապահովագրությունը կվճարի։ Հոգեբուժության պարագայում կախված է երկրից, բայց վեց շաբաթից ավելի չեն վճարում։

- Նույնիսկ Ամերիկայում։

-Այո, նույնիսկ Ամերիկայում։ Որոշ Եվրոպական երկրներ առաջադեմ են Ամերիկայից, բայց ամեն դեպքում ինչ որ սահման կա, որից հետո այլեւս չեն վճարում։  Մտային հիվանդությունները դժվարությամբ են բուժվում։ Նույնիսկ ֆիզիկական  հիվանդությունների մեծ մասը, բացառությամբ սուր-վարաքիչ հիվանդությունների, խրոնիկ բնույթ ունեն եւ մասամբ են բուժվում։ Պետք է սովորել դրանց հետ ապրել։ Երկբեւեռ հիվանդությունը(Bipolar manic-depressive) երբեմն շատ բարձր եւ շատ տխուր տրամադրությամբ է արտահայտվում, եւ երկարատեւ բուժում է պահանջում։ Անձնասպանության գլխավոր պատճառներից մեկն է այս հիվանդությունը։ Դժբախտաբար կառավարությունները հոգեկան հիվանդությունների համար բավականաչափ միջոցներ չեն տրամադրում։ Եվ մարդիկ ճանապարհներին կարող են մնալ ոչ միայն ալկոհոլիզմով տառապելու պատճառով, այլեւ մտային հիվանդությունների պատճառով։ Իհարկե, ալկոհոլիզմն էլ մեծ հիվանդություն է։

-Ալկոհոլիզմը հոգեբանության հետ կապ ունի։

-Ալկոհոլիզմը ժառանգական հիվանդություններից մեկն է, նույնիսկ շաքարախտից ավելի։ Մարդիկ չեն խմում այն պատճառով, որ դժբախտ են։ Շատերը ալկոհոլիկ լինելու պատճառով է , որ դժբախտ են։ Տրամադրությունների խանգարումը հենց այնպես չի լինում։ Այստեղ գլխավոր հարցը Ստիգման է՝ հիվանդություն ունենալու  ամոթը։ Երբ որեւէ մեկը հոգեկան հիվանդություն ունի, ժողովուրդը ժխտական վերաբերմունք ունի այդ անձի նկատմամբ։ Կասկած չկա, որ ներկայումս հոգեբուժությունը շատ զարգացած է եւ դարմանումի  շատ միջոցներ կան, թեեւ դրանք կատարյալ չեն։  Բայց  վերջին 50-60 տարվա ընթացքում կատարված գիտական աշխատանքները բավականին առաջացած են թե՛ հոգեբանական, թե․ ընկերային եւ թե՛ ուղեղի հետազոտության մարզերում։ Դարմանումներն արդեն շատ ազդեցիկ են եւ կարող են հիվանդությունները բարելավել։ Ընդհանրապես դեպրեսիան ընթացիկ հիվանդություն է, որը դեղորայքի եւ հոգեթերապիայի միջոցով բուժվում է։ Հաճախ կարող է ամիսներ կամ տարիներ անց կրկնվել, հետեւաբար ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է նորից գնահատել իրավիճակը, որ հնարավորություն լինի արագ միջամտել։ 

 Լուսանկարում ՝ Քնարիկ եւ Հակոբ Ակիսկալները

 -Որքան ինձ հայտնի է նաեւ բժշկական թերթ եք խմբագրում։ Դյուրին  է համատեղել լրագրությունն ու հոգեբուժությունը։

-Հետաքրքիր է, որ ծնողներս չէին ուզում, որ ես լրագրող դառնամ, քանի որ մեծ հայրս եղել էր լրագրող եւ թուրքերի կողմից սպանվել էր։ Ցանկանոմ էին, որ բժիշկ դառնամ։ Դարձա բժիշկ, բայց միեւնույն ժամանակ նաեւ զբաղվեցի լրագրությամբ եւ այո՛, ամսագիր եմ հրատարակում։ Բժիշկ-լրագրող,գրող եմ։ Երիտասարդ տարիներին  նույնիսկ բանաստեղծության համար երկու մրցանակ ստացա։ Քսանչորս տարեկան հասակում գրեցի վերջին բանաստեղծությունս եւ տպագրեցի Բեյրութի ՙԱհեկան՚ գրական հանդեսում։ Պատից ընկած եւ ջարդված նկարի մասին էր։ Դա թերեւս կնշանակեր, որ բժիշկ եղա։ Գրական ասպարեզս վերջացավ։ Այժմ տարիների հեռվից, թվում է, թե դա էր նշանակում։ Ես եւ տիկինս Բեյրութում հայկական դպրոց ենք գնացել եւ Քնարիկն էլ բանաստեղծության մրցանակ է ստացել։ ՙՀորիզոնը՚ կնոջս թերթն էր իգական դպրոցում, իսկ տղաներիս թերթը կոչվում էր ՙՆվիրում՚։ Այնուհետեւ  դարձա բժշկական համալսարանի ՙՄեդիկս՚ թերթի խմբագիրը, իսկ հիմա Ամերիկայում ամենահայտնի հոգեբուժական ՙԺուռնալ էֆեկտիվ դիզորդրես՚  ամսաթերթի  գլխավոր խմբագիրն եմ։ Էմոցիանալ պրոբլեմների կամ այլ կերպ տրամադրության խանգարումների գիտական հանդես է, որը համարվում է միջազգային կարեւորագույն պարբերականներից մեկը։

Քնարիկ Ակիսկալ.

-Հակոբի ամենամեծ հաջողությունը իր անգլերենով  գրելու շնորհքն ու կարողությունն է։ Մանավանդ իր ժուռնալիստական շնորհքը։ Այսօր երբ մի հոդված է տպագրվում, ամբողջ աշխարհը ինտերնետի միջոցով տեղեկանում է։ Մեզ համար միայն ազգային կյանքը չի բավականացնում, պետք է աշխարհով մեկ պայթուցիկների պես տարածվեն հայերի հոդվածները։ Պետք է հայ լինել, բայց նաեւ հայկական բոլոր նույթերը միջազգային դարձնել, նկարչությունը, ճարտարապետությունը, երաժշտությունը, արվեստի բոլոր բնագավառները։ Ֆրանսիան Հայաստանի տարով  մեզ այդ հնարավորությունը տվեց, որ ցույց տանք մեր մշակույթը։ Այդ գործը պետք է շարունակել։  Կարելի է միջազգային լինել, բայց նաեւ ուժեղ հայ լինել։ Հայ հոգեբույժները պետք է անգլերենով հոդվածներ գրեն եւ հրապարակվեն միջազգային պարբերականներում։

 Հակոբ Ասատրյան

Լուսանկարները՝ ՕՐԵՐ, Հ. Ասատրյան

Շարունակությունը՝ ՕՐԵՐ ամսագրում։