ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա միայն ժողովրդի կամարտահայտման հավաստի արդյունքների հիման վրա, քանի դեռ նման կամարտահայտություն տեղի չի ունեցել, շարունակելու է կատարել վարչապետի իր գործառույթները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ հեռարձակմամբ:
«Այս օրերին, բացի սահմանային անվտանգությունից, մենք առերեսվում ենք տեղեկատվական անվտանգության խնդիրների հետ: Հայտնի շրջանակները տեղեկատվական ահաբեկչության մի իսկական գործընթաց են սկսել Հայաստանի եւ Հայաստանի ժողովրդի դեմ»,-ասաց Փաշինյանը:
«Անընդհատ լուրեր են շրջանառվում իմ հրաժարականի մասին։ Մինչդեռ, հստակ ասել եմ, որ ժողովրդի կողմից ինձ տրված կարգավիճակից կարող եմ հրաժարվել միայն ժողովրդի կամարտահայտման հավաստի արդյունքների հիման վրա։ Քանի դեռ նման կամարտահայտություն տեղի չի ունեցել, շարունակելու եմ կատարել վարչապետի իմ գործառույթները և պարտավորվել եմ դա անել շիտակ և ազնիվ», - ասաց վարչապետը:
Նա ընդգծեց, որ այսօրվա թիվ 1 խնդիրը Հայաստանի շուրջ անվտանգության միջավայրի կայունացումն է, և կառավարությունը հետեւողականորեն գնալու է այս ճանապարհով:
Անդրադառնալով Արցախի, սահմանների վերաբերյալ տարածվող այլ ապատեղեկատվություններին՝ Փաշինյանը նշեց. «Ես խնդիր եմ առաջադրել, որ պաշտոնական տեղեկատվությունն ավելի ինտենսիվ եւ ամբողջական արձագանքի հանրության շրջանում առկա մտահոգություններին ու ավելի արագ լուսաբանի տեղի ունեցող գործընթացները: Եվ այս առումով ուզում եմ պարզապես ասել, որ կան իրավիճակներ, որոնք դեռ զարգացող են, եւ նրանց վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը երբեմն հապաղում է մեկ պարզ պատճառով. իրադարձությունները զարգանում են, եւ քանի դեռ չկա իրադարձությունների արձանագրման որեւէ իրավիճակ, պաշտոնապես հաղորդված տեղեկությունները կարող են նեգատիվ ազդեցություն ունենալ իրավիճակի վրա»:
Նա այս առումով շատ կարևորեց, որ հանրությունը նույնպես կարողանա տարբերակել ճիշտ տեղեկությունը սուտ տեղեկությունից: