14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 19-ից կհայտարարվի եռօրյա սուգ, պատերազմում նահատակների հիշատակին նվիրված արարողություններ կկազմակերպվեն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
Երկրում կլինեն նաև հիշատակի այլ միջոցառումներ: Վարչապետը նշեց՝ այդ օրվա դրությամբ հավանական է, որ ոչ բոլոր նահատակների մարմինները հայտնաբերված կլինեն: «Կունենանք չճանաչված բազմաթիվ մարմիններ, բայց պետական այս կարգի որոշումը, կարծում եմ, այլևս չի կարելի հետաձգել»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը կրկին հավաստիացրեց, որ մարմինների որոնման, ճանաչման, անհետ կորածների գտնվելու վայրի պարզաբանման աշխատանքներն ավելի ինտենսիվ կդառնան:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ, հաշվի առնելով, որ դեկտեմբերի 19-ին լրանում է 44-օրյա պատերազմի զինադադարի 40-րդ օրը՝ ՀՀ վարչապետի հետ պայմանավորվել ենք Արցախի և Հայաստանի Հանրապետություններում այդ օրվանից հայտարարել եռօրյա սուգ՝ ոգեկոչելու Հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր նահատակների հիշատակը:
Նրանց անունները հավետ մնալու են մեր սրտերում և հայոց պատմության էջերում՝ պարտավորեցնելով մեզ հետագա երթում շարունակել նրանց հայրենանվեր գործը: Ուստի, այն լինելու է ցավի, հպարտության ու պարտավորության սուգ հայ ազգի համար»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նաեւ, որ Կառավարությունը մոտեցել է գերիների փոխանակման և վերադարձի գործընթացի մեկնարկին:
«Շատ շուտով մենք սպասում ենք մեր գերիների՝ պաշտոնապես հաստատված խմբի վերադարձի մեկնարկին: Մեր մտածումը հետեւյալն է. այս փուլում պիտի սկսենք վերադարձնել այն գերիներին, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է պաշտոնապես Ադրբեջանի եւ Կարմիր խաչի կողմից, որից հետո ավելի շատ կենտրոնանանք գտնվելու վայրը անհայտ մեր եղբայրների փնտրտուքի վրա, որոնց մի մասը, հնարավոր է, գերեվարված լինեն: Սա նույնպես շատ բարդ գործընթաց է, եւ այստեղ էլ ակնկալում եմ մեր քաղաքացիների, առավելեւս՝ գտնվելու վայրը անհայտ մեր եղբայրների ընտանիքների անդամների ըմբռնումը»,- ընդգծեց Փաշինյանը:
orer.eu