Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Դեկտեմբերի 10-ին Բաքվում կայացած զորահանդեսում  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես եկան ռազմաշունչ հայտարարություններով, թեեւ հետո հնչեցին նաեւ իրարամերժ գնահատականներ՝ այդ առիթով տեղի ունեցած մամուլի ասուլիսում։ Հատկապես Էրդողանի ելույթներում։ Նախ ասաց, որ Հայաստանի հետ պատերազմը դեռ չի վերջացել, ապա ասաց, որ հայ ժողովրդի հետ խնդիր չունի եւ Հայաստանը կարող է մասնակից դառնալ տարածաշրջանային հարթակի։  Էրդողանը ասաց. «Պատերազմը դեռ չի ավարտվել, և տարածաշրջանում նոր դարաշրջան կսկսվի, եթե Հայաստանի ժողովուրդը դասեր քաղի Ղարաբաղում տեղի ունեցածից», նաեւ օրհնանք տվեց Էնվեր փաշայի հոգուն։

Հայաստանի պաշտոնական արձագանքը ընդամենը վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանի մակարդակով էր։ «Խստորեն դատապարտում ենք այսօր Բաքվում Ադրբեջանի ղեկավարի հնչեցրած սադրիչ հայտարարությունները: Ադրբեջանի նախագահի պնդումները, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով լուծել է ղարաբաղյան խնդիրը, ևս մեկ անգամ ի ցույց են դնում, թե ով է պատերազմի և ուժի կիրառման նախաձեռնողը, ով է տարածաշրջանը փորձում տանել հետագա ապակայունացման և փորձության ճանապարհով»,–ասել է Գևորգյանը:Նրա խոսքով` այդ հայտարարություններն առավել քան այժմեական են դարձնում արցախահայության ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը՝ որպես արցախահայության նկատմամբ ադրբեջանական ցեղասպան նոր նկրտումները կանխելու միջոց: Գևորգյանն ասել է նաև, որ այդ հայտարարությունները հակասում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն և դրույթներին:

Այդ հայտարարություններին արձագանքել էր նաեւ Ռուասաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։ Քաղաքական հայտարարությունները չպետք է ջնջեն ձեռքբերված արդյունքը՝ Ղարաբաղում մարտական գործողությունների դադարեցումը։ Ավելին՝ քաղաքական հայտարարությունները պետք է նպաստեն կարգավորման գործընթացին։ «Իրավիճակը տարածաշրջանում շատ լարված է, մեծ ջանքեր են գործադրվել` մարտական գործողությունները դադարացնելու, կողմերին բանակցությունների սեղան նստեցնելու համար, նաև փախստականներին վերադարձնելու, ենթակառուցվածքները վերականգնելու, այդ տարածաշրջանում բոլոր ոլորտներում կյանքի բնականոն հունի նախապայմաններ ստեղծելու համար», - ասել է Զախարովան։ Միաժամանակ նա ավելացրել է, որ չի լսել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, այդ պատճառով կարող է ընդհանուր պատասխանել։  Հիշեցնենք, որ զորահանդեսի ելույթում Ալիևն ասել է, որ Զանգեզուրը, Սևանն ու Երևանը Ադրբեջանի պատմական հողերն են։

Ինչպե՞ս է ընկալվում թուրք ղեկավարների հայտարարությունները սփյուռքում։  ՕՐԵՐ-ի հարցումին պատասխանում է Բեյրութի ,,Ազդակ,, օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։

,,Բաքվի զորահանդեսի ընթացքում հնչած հայտարարությունները հիմնական գծերում համակարգվել են Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ։ Նախ նկատենք, որ Ալիեւի հայտարարություններում նորություն չեն հայաստանյան տարածքները ադրբեջանական համարելու հերյուրանքները։ Չմոռանանք, որ պատերազմի ավարտից հետո ստեղծված մթնոլորտում է, որ վերստին բարձրաձայնվում են նման անհիմն, սակայն ըստ էության ներքին սպառման համար շահարկելի թեմաներ։

Ալիեւը հերթական փորձն է անում հաղթանական առաջնորդի կերպարով ինքնացուցադրվելու,ինչը նաեւ քաջալերվում է անձամբ զորահանդեսին ներկա  Թուրքիայի նախագահի կողմից։

 Էրդողանը թեեւ խոսում է անավարտ պատերազմի մասին, սակայն ընդգծում է սահմանի բացման հնարավորությունը եւ մանավանդ խոսում է նոր հարթակի ձեւաւորման անհրաժեշտության մասին։ Հիշենք, որ իր արտգործնախարարն օրեր առաջ ասել էր, որ Թուրքիայի պետությունը տարածքային խնդիր չունի Հայաստանի նկատմամբ։ Ստացվում է, որ ադրբեջանական ռազմատենչ հռետորաբանության դիմաց թուրքական իրավարարություն եւ կայունության գործոն հանդիսանալու առաջադրանքն է հրապարակվում։

Ուրեմն ներադրբեջանական առումով Անկարան ուզում է ասել,որ հաղթանակած Ալիեւի հովանավորն է, որը վայելում է իր զորակցությունը, հետեւաբար շարունակելու է իշխանության մնալու առաքելությունը։ Ավելի կարեւոր են արատքին ուղերձները։ Անկարան ներկա է Հարավային Կովկասում եւ Ռուսաստանին առընթեր հիմնական դերակատարն է խաղաղության, կայունության եւ հետագա գործընթացներում։ Դրա համար էլ հայտարարում է տարածշրջանային հարթակ ստեղծելու անհրաժեշտության մասին։ Ըստ էության, սա վկայում է  տարածաշրջանում Թեհրան-Մոսկվա-Անկարա առանցքի կայացման մասին։ Երեքն էլ ենթակա՝ Արեւմուտքի պատժամիջոցային քաղաքականության։ Հարթակում՝ Թիֆլիսը, Բաքուն եւ Երեւանը ներառելու ուղերձները ածանցյալ նշանակություն ունեն,,։

ՕՐԵՐ