Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Դեկտեմբերի 8-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպեց Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։

ԱԳ նախարարներն անդրադարձան երկկողմ օրակարգի մի շարք հարցերի: Նախարար Այվազյանը գոհունակություն հայտնեց հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ՝ ընդգծելով այն բոլոր ուղղություններով առավել ընդլայնելու և հարստացնելու պատրաստակամությունը:

Բանակցությունների առանցքում տարածաշրջանային կայունության և անվտանգության խնդիրներն էին: Օգտվելով առիթից՝ նախարար Այվազյանը բարձր գնահատեց Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի ընթացքում և դրան հաջորդած շրջանում խաղաղության հաստատման և հումանիտար իրավիճակի հասցեագրման ուղղությամբ Ֆրանսիայի կողմից գործադրված ջանքերը։

Նախարար Այվազյանը շեշտեց Արցախի դեմ պատերազմի ողջ ընթացքում Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների իրականացումը, այդ թվում՝ խաղաղ բնակչության դեմ արգելված զինատեսակների կիրառմամբ, կենսական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, որի նպատակն էր Արցախում ստեղծել հումանիտար աղետ և հասնել Արցախի լիարժեք հայաթափմանը:

Անդրադառնալով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրմանը՝ Հայաստանի արտգործնախարարն ընդգծեց տեղահանված արցախահայության՝ հայրենիք վերադարձի համար պայմանների ապահովման և նրանց իրավունքների պաշտպանության կարևորությունը: Նախարար Այվազյանը բարձր գնահատեց այս դժվարին ժամանակներում Ֆրանսիայի և ֆրանսիացի ժողովրդի աջակցությունը Արցախի ժողովրդին, որն արտահայտվեց նաև Արցախի ժողովրդին հումանիտար օգնության տրամադրմամբ: Այս համատեքստում երկուստեք ընդգծվեց միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների նորմերի խստագույն պահպանումը, Արցախի պատմամշակութային ժառանագության նկատմամբ հարգալից վերաբերմունքը, այդ թվում՝ տեղում միջազգային համապատասխան մարմինների ներգրավման միջոցով:

Տարածաշրջանային անվտանգության համատեքստում երկուստեք անհանգստացնող գնահատվեց Թուրքիայի ապակայունացնող դերակատարությունը ինչպես Արցախի դեմ ագրեսիայում ուղիղ ներգրավվածությամբ, այնպես էլ՝ տարածաշրջան Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխմամբ:

Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո ԼՂ խաղաղ գործընթացի վերսկսման շուրջ: Այս առնչությամբ նախարար Այվազյանը կարևորեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման վրա հիմնված Արցախի կարգավիճակի ճանաչումը:

Հանդիպման ավարտին տեղի ունեցավ Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Արա Այվազյանի և Ժան-Իվ Լը Դրիանի համատեղ մամուլի ասուլիսը:

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի խոսքը և պատասխանը լրագրողի հարցին Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ համատեղ մամուլի ասուլիսին

 

Հարգելի պարոն Լը Դրիան,

Հարգելի գործընկերներ,

Ուրախ եմ այսօր գտնվել բարեկամ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Շնորհակալություն եմ հայտնում իմ ֆրանսիացի գործընկերոջը հրավերի և ջերմ ընդունելության համար։

Գոհունակությամբ կարող եմ արձանագրել, որ մենք այսօր արդյունավետ և անկեղծ զրույց ունեցանք հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների օրակարգում գտնվող ամենահրատապ հարցերի շուրջ։ Հանդիպման առանցքային հարցերից մեկը, իհարկե, Թուրքիայի գործուն աջակցությամբ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան էր, և դրա արդյունքում ստեղծված բարդ իրավիճակը։ Մենք մտքեր փոխանակեցինք պատերազմից հետո ի հայտ եկած հումանիտար խնդիրների լուծման, խաղաղ բանակցային գործընթացի հետագա ընթացքի, տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն ուղղված քայլերի, ինչպես նաև ադրբեջանական զորքերի վերահսկողության տակ հայտնված հայկական բազմադարյա մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ։

Ես Հայաստանի Հանրապետության անունից խորին երախտագիտություն հայտնեցի ֆրանսիացի գործընկերոջս՝ պատերազմի ամենասկզբից ի վեր Ֆրանսիայի որդեգրած համարձակ և, միևնույն ժամանակ, անկողմնակալ դիրքորոշման համար։ Մեզ համար խիստ կարևոր էին նախագահ Էմանուել Մակրոնի հասցեական հայտարարությունները, որտեղ վերջինս հստակ մատնանշեց ագրեսորին և անդրադարձ կատարեց Թուրքիայի խիստ վնասակար ու վտանգավոր ներգրավվածությանը պատերազմում, ինչպես նաև ջիհադիստ ահաբեկիչների՝ դեպի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխման հարցին։

Օգտվելով ընձեռված առիթից՝ կցանկանայի նաև հատուկ շնորհակալություն հայտնել անձամբ արտգործնախարար Լը Դրիանին՝ ինչպես պատերազմի ծանր օրերին, այնպես էլ՝ հրադադարի հաստատումից հետո խնդրի կարգավորմանը և Հայաստանին օգնելու հարցում իր ներգրավվածության, ինչպես նաև ֆրանսիական դիվանագիտության կառուցողական գործունեության համար։

Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Հայաստանին Ֆրանսիայի կողմից ցուցաբերված հումանիտար աջակցության համար։ Վերջին ամիսներին մենք, հիրավի, զգացել ենք ֆրանսիացի ժողովրդի, պետության և հասարակական շրջանակների անկեղծ աջակցությունն ու կարեկցանքը մեր թիկունքում։ Դրա ամենավառ վկայությունն ինչպես վերոնշյալ փաստերն են, այնպես էլ՝ ֆրանսիացի մտավորականների, արվեստի ու մշակույթի ոլորտի ներկայացուցիչների, պետական ու քաղաքական գործիչների հազարավոր հայտարարությունները և մամուլի հրապարակումները։ Այս համատեքստում կցանկանայի նաև հիշատակել «Le Monde» օրաթերթի երկու լրագրողներին, ովքեր ծանր վիրավորվել են Արցախում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս։ Նրանց արագ ապաքինում եմ մաղթում։ 

Իմ ֆրանսիացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ հանգամանալից անդրադարձանք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի տևական կարգավորմանը։ Ներկայացրի Հայաստանի մտահոգությունները, այդ թվում՝ պատերազմի օրերին Արցախից հեռացած հայ բնակչության իրենց բնակավայրեր անվտանգ ու արժանապատիվ վերադարձի և ռազմագերիների անհապաղ փոխանակման ու աճյունների վերադարձի հարցերի առնչությամբ։

Խստագույնս դատապարտելի է Ադրբեջանի զինվորականների կողմից հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դրսևորման դեպքերը, որոնք ոչ միայն չեն դատապարտվում Ադրբեջանի բարձր ղեկավարության կողմից, այլև արժանանում են հասարակական աջակցության: Հայատյացության այս դրսևորումների թիրախ են դառնում նաև Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական բազմաթիվ միջնադարյան մշակութային, կրոնական կոթողները, որոնք ադրբեջանական կողմը կամ փորձում է ոչնչացնել, սրբապղծել, կամ էլ՝ փոխել դրանց ինքնությունը: Մտքեր փոխանակեցինք միջազգային կազմակերպությունների միջոցով այդ կրոնական-մշակութային կոթողների պահպանման ուղղությամբ:

Գործընկերոջս ներկայացրի Հայաստանի դիրքորոշումը բանակցությունների հետագա ընթացքի վերաբերյալ։ Ընդգծեցի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման վրա հիմնված Արցախի կարգավիճակի ճանաչման կարևորությունը: 

Անդրադարձ կատարեցինք նաև հայ-ֆրանսիական սերտ քաղաքական երկխոսության խորացման հետագա հեռանկարներին և համագործակցության ծրագրերին։ 

Ավարտելով խոսքս՝ կուզենայի ընդգծել, որ շատ ուրախ կլինեմ հյուրընկալել գործընկերոջս՝ Ժան-Իվ Լը Դրիանին Երևանում՝ օրակարգային հարցերի շուրջ հայ-ֆրանսիական արդյունավետ երկխոսությունը շարունակելու նպատակով։ 

Շնորհակալություն:

Հարց. Պարոն Լը Դրիան, նոյեմբերի 9-ի հայտարարությունն ուղղված էր ռազմական գործողությունների դադարեցմանը, և Դուք էլ եք նշել, որ անհրաժեշտ է վերականգնել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանման մասով: Ինչպե՞ս է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը տեսնում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը՝ հաշվի առնելով, որ այս հարցը Մադրիդյան հիմնարար սկզբունքներից միակն է, որը դեռ չի հասցեագրվել: Պարոն Այվազյան, կցանկանայի նաև Ձեր մեկնաբանությունը ինքնորոշման իրավունքի վերաբերյալ: 

Արա Այվազյան. Տեսեք, ինքնորոշման իրավունքը եղել է բանակցային գործընթացի հիմնասյուներից մեկը, և ռազմական ուժի կիրառմամբ ինքնորոշման իրավունքը հնարավոր չի հանել օրակարգից: Ադրբեջանը և Թուրքիան, սկսելով ռազմական ագրեսիան Արցախի ինքնորոշման դեմ, խախտել են միջազգային իրենց պարտավորությունները, իսկ Ադրբեջանը խախտել է նաև խաղաղ բանակցային գործընթացի իր պարտականությունները: Սեպտեմբերի 27-ից ի վեր մինչ օրս, միջազգային հանրության մոտ ընկալման նոր ջրբաժան տեղի ունեցավ, որովհետև միջազգային հանրությունը հասկացավ, որ Լեռնային Ղարաբաղի հարցը սոսկ տարածքային վեճ չէ: Եվ Արցախի բոլոր այն հատվածներում, որոնք անցան Ադրբեջանի հսկողության տակ, տեղի ունեցան էթնիկ զտումներ և ռազմական հանցագործություններ, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է անհրաժեշտությունն անդրադառնալ Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը: Միայն այդ դեպքում, ինձ թվում է, հնարավոր է հասնել տևական և արդար խաղաղության,  և միայն այդ ժամանակ կարելի է մտածել Հարավային Կովկասում խաղաղ գոյատևման և նոր ժամանակաշրջանի մասին: 

Դեկտեմբերի 9-ին Ֆրանսիա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպեց Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեին։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Սենատի առաջին փոխնախագահը, արտաքին հարաբերությունների, պաշտպանության ու զինված ուժերի հանձնաժողովի նախագահը, Սենատի մի շարք քաղաքական խմբակցությունների ղեկավարներ, ինչպես նաև «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահը։

Զրուցակիցները երկուստեք գոհունակություն հայտնեցին Հայաստանի և Ֆրանսիայի միջև ինտենսիվ քաղաքական երկխոսության առկայությամբ՝ հիմնված հարուստ պատմամշակութային առնչությունների և երկու ժողովուրդների միջև անկեղծ բարեկամության վրա:  

Նախարար Այվազյանը շնորհակալություն հայտնեց նոյեմբերի 25-ին Սենատի կողմից ընդունված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին» բանաձևի կապակցությամբ՝ շեշտելով, որ այն կարևոր ազդակ է միջազգային հանրությանը և արտահայտում է մարդու իրավունքների համընդհանուր քաղաքակրթական արժեքներին ֆրանսիացի ժողովրդի անշեղ հավատարմությունը։

Անդրադառնալով բանաձևի խորհրդին՝ նախարարն ընդգծեց դրա կարևորությունն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման և արցախյան հիմնահարցի արդարացի լուծման գործընթացում: Նախարարը նշեց, որ Թուրքիան, գործուն աջակցություն ցուցաբերելով Արցախի դեմ Ադրբեջանի ռազմատենչ ագրեսիային, պատասխանատվություն է կրում Ադրբեջանի` հայ ժողովրդին իր պատմական հայրենիքում բնաջնջելու քաղաքականության համար:

Նախարար Այվազյանը ֆրանսիացի պաշտոնյաների ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված հայկական պատմամշակութային և կրոնական կոթողների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, դրանց ոչնչացման, և պղծման դրսևորումների վրա: Այս համատեքստում կողմերը շեշտեցին հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պահպանության և այդ գործում միջազգային մասնագիտացված կառույցների ակտիվ ներգրավվածության կարևորությունը:

Հանդիպմանը քննարկվեցին նաև Արցախի ժողովրդի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գոյացած հումանիտար մարտահրավերները և դրանք հասցեագրելուն ուղղված քայլերը։

Տեղի ունեցավ մտքերի ակտիվ փոխանակում տարածաշրջանային մի շարք հրատապ հարցերի շուրջ:

 

 

Այսքանը, շնորհակալություն: