Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
 
 
Այսօր Ֆրանսիայի Հանրապետության Սենատն ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» հատմական բանաձևի նախագիծը՝ 305 «կողմ», 1 «դեմ» և 30 «ձեռնպահ» ձայներով: Բանաձևը ներկայացվել էր Սենատի 5 քաղաքական խմբակցությունների կողմից՝ սենատորներ Բրունո Ռետայոն, Պատրիկոի Մաննեն, Էրվե Մարսելը, Ալիան Աղասսին և Գիլյոմ Գոնտարդը: Այս մասին հայտնում է Ֆրանսիայում  Հայաստանի դեսպանությունը։ 
 
Բանաձևը, ի թիվս այլ դրույթների, ներառում է հետևյալ առանցքային կետերը.
1. առաջարկում է կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը,
2. դատապարտում է Թուրքիայի և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան ու պահանջում ադրբեջանական զորքերի դուրսբերում սեպտեմբերի 27-ից ի վեր պատերազմական գործողությունների արդյունքում գրավված տարածքներից,
3.պահանջում է կառավարությունից գործադրել բոլոր հնարավոր ջանքերը Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային գործընթացի վերսկսման համար, ինչը կապահովի 1994 թվականի հաստատված սահմանների վերականգնումը, հայ բնակչության անվտանգությունը և տեղահանված անձանց վերադարձը, ինչպես նաև կպաշտպանի հայկական մշակութային ու կրոնական ժառանգությունը։
4.  Բանաձևում, հիշատակելով ադրբեջանական իշխանությունների Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի և Մարաղայի հայկական ջարդերը և հղում անելով Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ԵԽ) ու Ռասայական խտրականության հարցերով ՄԱԿ կոմիտեի (CERD)` Ադրբեջանի վերաբերյալ զեկույցներին, արձանագրվում է Ադրբեջանում հայ բնակչության ապրելու անհնարինությունը։
 
 Ամենայն Հայոց կաթողիկոսը ողջունել է Ֆրանսիայի Սենատի որոշումը

Ողջունում ենք քիչ առաջ Ֆրանսիայի Հանրապետության Սենատի կողմից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևի որդեգրումը։ Այս մասին գրել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։

«Սա կարևոր և անհրաժեշտ մարդասիրական քայլ էր Արցախի մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքի միջազգային ճանաչման ճանապարհին։

Հայրապետական Մեր օրհնությունն ենք հղում Ֆրանսիայի բարեկամ երկրին, բարեսեր ժողովրդին և Սենատի խմբակցություններին»․- գրել է նա։

 

Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսի խոսքը 

Հույսի ու ոգևորության ճառագայթ է բարեկամ Ֆրանսայի այս որոշումը, ֆեյսբուքի իր էջում գրել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։

«Քիչ առաջ հետևեցի Ֆրանսայի Սենատում Արցախի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության բանաձևի քննարկմանը, լսեցի սենատորների ելույթներն ու միաձայն ընդունված որոշմանը։ Հազա՜ր պատիվ Ֆրանսային, ժողովրդի կամքը ներկայացնող Սենատին։

Հուսով եմ, որ այլ երկիրներ ևս կհետևեն Ֆրանսայի օրինակելի ու քաջ քայլին։

Ցավի և տխրության ամպերով կուտակված հայ ժողովուրդին կյանքի երկնքի վրա, հույսի ու ոգևորութեան ճառագայթ է բարեկամ Ֆրանսայի այս որոշումը»,- գրել է Կիլիկիո կաթողիկոսը։

 
 

Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն իր երախտագիտությունն է հայտնել ֆրանսիացի սենատորներին

ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը ֆեյսբուքի իր էջում իր երախտագիտությունն է հայտնել ֆրանսիացի սենատորներին և բոլոր անձանց ու կազմակերպություններին, որոնց ջանքերի շնորհիվ «այս պատմական որոշման ընդունումը հնարավոր դարձավ»:

«Ողջունում ենք Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի՝ Սենատի կողմից այսօր՝ նոյեմբերի 25-ին Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևը։

Խորին երախտագիտություն ենք հայտնում սենատորներին և բոլոր անձանց ու կազմակերպություններին, որոնց ջանքերի շնորհիվ այս պատմական որոշման ընդունումը հնարավոր դարձավ:

Հատկանշական է, որ, ի թիվս այլ կարևոր կետերի, ընդունված բանաձևով Սենատը դատապարտում է Արցախի դեմ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան՝ ահաբեկիչ վարձկանների մասնակցությամբ, և կոչ է անում Ֆրանսիայի իշխանություններին գործադրել հնարավոր բոլոր միջոցները՝ ապահովելու 1994 թ. հաստատված սահմանների վերականգնումը, որոնք, ըստ էության, ամրագրվել են Արցախի Հանրապետության, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված հրադադարի մասին եռակողմ անժամկետ համաձայնագրով։

Կարևորում ենք Ֆրանսիայի Սենատի համարձակ դիրքորոշումը՝ կոչ անելու կառավարությանը «ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և այդ ճանաչումը դարձնել տևական խաղաղության հաստատմանն ուղղված բանակցությունների առարկա»։

Հուսով ենք, որ Սենատի սույն որոշումը կներշնչի նույն բնույթի և նույն հզորության բանաձևերի ընդունմանը, նախ՝ Ֆրանսիայի Ազգային ժողովում, ինչպես նաև աշխարհի այլ երկրներում։

Մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ Արցախի դեմ զինված ագրեսիայից, նրա տարածքների զգալի մասի ռազմական օկուպացիայից և կարգավիճակի հարցը քննարկելու Ադրբեջանի հրապարակային հրաժարումից հետո վերանում է այլ պետությունների կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչմանը խոչընդոտող ցանկացած հանգամանք, որը մեծապես պայմանավորված էր ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը խանգարելու մտավախությամբ։

Համոզված ենք, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը նաև համապատասխանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության միջնաժամկետ և երկարաժամկետ շահերին։

Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը բխում է արդարության և ժողովուրդների հավասարության սկզբունքներից և կարևոր ներդրում կունենա Հարավային Կովկասում ավելի ամուր անվտանգության, կայունության և կանխատեսելիության ապահովման գործում»,- գրել է Մասիս Մայիլյանը:

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է արել, որով Ֆրանսիայի Սենատի կայացրած որոշումը պատմական է որակել։

«Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ»,- գրել է Փաշինյանը։

orer.eu