Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Լրահոսը մեր ժամանակներում ծանր ու դժվարին տեղեկություններ է բերում. թագավարակը ևս մեկ կյանք խլեց. այլևս մեզ հետ չէ Գուգարաց թեմի առաջնորդը՝ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը։ Դաժան հիվանդությունը խլեց նվիրյալ հայորդու ու հոգևորականի կյանքը, որը լուսավոր հետք է թողել իր հետևից։

Բազում առիթներ եմ ունեցել նրա հետ մոտիկից հաղորդակցվելու, երբ նա դարձավ Գուգարաց թեմի առաջնորդ՝ վերակենդանացնելով հոգևոր կյանքը Լոռվա աշխարհում, ուր իր իսկ խոսքերով ասած՝ ամեն քայլափոխի հոգևոր հուշարձան կա։ Եվ նա ձգտում էր, որ այդ հուշարձանները ավելի ու ավելի մոտիկ լինեն հավատացյալներին ու հոգևոր կյանքը վերածնունդ ապրի։ Նրա ակտիվ ջանքերի արդյունքում եկեղեցինները սկսեցին վերանորոգվել ու իրենց դռները բացել մարդկանց առջև։ Այսօրվա նման հիշում եմ հայրենի Ճոճկան գյուղի, հայազգի գեներալ Միխայիլ Լորիս-Մելիքովի պատվին, նրա մոր կողմից կառուցած եկեղեցու վերականգնումը՝ իր իսկ կողմից գտած ամերիկահայ հովանավորի միջոցով։ Պետք էր տեսնել նրա ոգևորությունը , երբ կատարում էր օծումը: Կամ պետք էր զգալ նրա պայքարը Արդվու եկեղեցին վերականգնելու գործում, որ այն լինի հարգանքի տուրք Հովհան Օձնեցի կաթողիկոսի գահակալման 1300-ամյակի առթիվ։ Շատ բարձր էր գնահատում Լոռվա Օձուն գյուղում ծնված, Հայաստանում իր կաթողիկոսական գործունեության խոր հետքերը թողած Վեհափառ Հայրապետին: Կաթողիկոս, որը հանուն Հայաստանի ու հայության անվտանգության իր կենդանության օրոք հրաժարվեց գահակալությունից ու ճգնավոր դարձավ Արդվիում: Այստեղ էլ նա իր հավերժական հանգիստը գտավ, նրա գերեզմանին Սրբանես կամ Սուրբ Հովհաննես եկեղեցին  բարձրացավ։

Սրբազանը տարբեր միջոցառումներ իրականացրեց Հովհան Օձնեցի կաթողիկոսի գահակալության հոբելյանի՝ 1300-ամյակի առթիվ՝ հազարավոր հավատացյալների ուխտագնացությունը կազմակերպելով Արդվու և Օձունի վանքեր: Նրա նախաձեռնությամբ՝ Արդվիում տեղ գտավ Հովհան Օձնեցի կաթողիկոսի ինքնատիպ արձանը,Մայր Աթոռում Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ՝ միջազգային համաժողով տեղի ունեցավ, գրքեր հրատարակվեցին։

Ես ընդամենը համառոտ մի միջոցառման մասին պատմեցի, իսկ այն ամենօրյա գործունեությունը, որ Սրբազան Հայրն էր վարում, աներևակայելի էր իր ընդգրկվածությամբ և ծավալներով։ Այդ ե՞րբ և ինչպե՞ս էր հասցնում ամենուր լինել, իր օրհնությունը բերել, խոսք ասել, մարդկանց հետ հաղորդակցվել։ Իսկ դրանք կարող էին լինել ամենատարբեր միջոցառումներ՝ «Թումանյական օրերից» մինչև բացօթյա գեղանկարչության միջազգային փառատոններ, գրքերի հրատարակություններից մինչև տեսաֆիլմերի պատրաստում։ Նրա օրհնությամբ ու մասնակցությամբ հասցրինք տեսաֆիլմեր պատրաստել Խուճապի վանքի, Ախթալայի վանական համալիրի մասին։

Զուգահեռաբար մտածում էի Սրբազանի մասին տեսաֆիլմ ստեղծել։ Ամեն անգամ , երբ խոսք էի բացում այդ մասին, ասում էր. «Թողնենք հարմար ժամանակների»։ Բայց չգիտես ինչու ես շտապում էի, որովհետև տեսնում էի, թե ինչ հոգևոր և համամարդկային, բազմազան գործունեություն է ծավալում Սեպուհ Սրբազանը  Թումանյանական աշխարհում։ Մի օր միասին այցելեցինք Թումանյանի տուն-թանգարանի հարևանությամբ գտնվող եկեղեցի: Թումանյանի հոր շիրմին ծաղիկներ խոնարհելիս հպարտությամբ ասաց. «Մեծ լոռեցին քահանայի որդի է, մենք նաև դրանով ենք հպարտանում»։ Նա ամեն կերպ նպաստում էր Թումանյանին նվիրված ամենատարբեր միջոցառումներին, որպես կանոն, անձամբ էր մասնակցում, օրհնություն բերում, ելույթ ունենում:

Այցելելով Լոռի՝ նրան կարելի էր տարբեր եկեղեցական համալիրներում տեսնել։ Սիրով էր հաղորդակցվում հավատացյալների հետ։ Հիշում եմ մի անգամ չինացի լուսանկարիչ-զբոսաշրջիկների խումբ էր եկել։ Նրանց ամենայն մանրամասնությամբ Հաղբատավանքի պատմությունն էր ներկայացնում, իսկ լուսանկարիչների կադրերում Հաղբատավանքի տարբեր եկեղեցիների, խաչքարերի կերպարն էր ստեղծվում։ Նա ասում էր, որ Լոռվա պատմական հուշարձանները ինքնատիպ են և իրենց նմանը չունեցող և բնական է զբոսաշրջիկների հոսքը, բայց ավելին պետք է անել, որ ավելի շատ մարդիկ տեսնեն ու ճանաչեն մեր քրիստոնեական տաճարներն ու եկեղեցիները։

Ուրախ էր, որ Ախթալայի վանական համալիրը ավելի ու ավելի է ուշադրության արժանանում։ Վերջին անգամ էլ նրա հետ հանդիպելու առիթը ունեցա այս տարվա սեպտեմբերի 20-ին Ախթալայի վանքում եկեղեցու վերազարթոնքի 30 ամյակի առթիվ կազմակերպված տոնակատարության օրը: Պատարագից հետո նրա ձեռքից «Գիր օրհնության» ստացա։ Այդ օրն էլ էր ժողովուրդը ոգևորված իրեն ուղղված Սրբազան Հոր մաղթանքներով։ Ինչ իմանայինք, որ շատերիս համար նրա հետ դա վերջին հանդիպումն էր լինելու: Դաժան ճակատագիրը մեզ զրկեց նվիրյալ հոգևոր առաջնորդից ու լավ բարեկամից։ Դժվար է հավատալ, որ նա այլև մեզ հետ չէ, բայց մեզ հետ է լինելու նրա պայծառ ու մարդկային կերպարը, խորունկ մտքերն ու խոհերը, լավատեսությունը։ Ավելի քան վստահ եմ, որ Լոռվա աշխարհում դեռ երկար կթևածի նրա ոգին և էությունը: 

 

Սերգո Երիցյան,

«Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ,

բանասիրական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր

 

Խորը ցավով տեղեկացնում ենք, որ վախճանվել է Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը: Նրա զգայուն սիրտը չդիմացավ կորոնավիրուսին և Արցախյան պատերազմի մեծաթիվ զոհերի ցավին: Հարուստ և բովանդակալից կենսագրություն ունի սրբազան հայրը:

Կենսագրությունը

Ծնվել է 1959 թ. մարտի 24-ին Թուրքիայի Մալաթիա քաղաքում: Նախնական կրթությունն ստացել է Կ. Պոլսի Ներսիսյան վարժարանում:
1969 թ. ընտանիքով հայրենադարձվել է Հայաստան և բնակություն հաստատել Գյումրի քաղաքում, որտեղ շարունակել և ավարտել է միջնակարգ կրթությունը:
1978 թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հոգևոր ճեմարան:
1979 թ. զորակոչվել է խորհրդային բանակ և զորացրվելուց հետո ուսումը շարունակել Հոգևոր ճեմարանում:
1985 թ. մարտին պաշտպանել է ավարտաճառ՝ «Ղուկաս Խարբերդցու թարգմանչական գործունեությունը» թեմայով:
Հոգևոր ճեմարանն ավարտելուց հետո Վազգեն Ա Հայրապետի օրհնությամբ՝ որպես ընդունարանի քարտուղար՝ ծառայության է անցել Վեհարանում:
1987 թ. հունիսի 7-ին՝ Հոգեգալստյան տոնին, ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա: Հետձեռնադրության շարունակել է ծառայությունը Վեհարանում:
1987 թ. սեպտեմբերին Վազգեն Ա Վեհափառ Հայրապետի կարգադրությամբ նշանակվել է Հոգևոր ճեմարանի վերակացու և ապա՝ փոխտեսուչ:
1989 թ. նոյեմբերին պաշտպանել է վարդապետական թեզ՝ «Պահքը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում» թեմայով՝ արժանանալով վարդապետական չորս աստիճանի տվչության:
1990 թ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Շվեյցարիայի Ժնև քաղաքի հայ համայնքի հոգևոր հովիվ:
1991 թ. հրավիրվել է Մայր Աթոռ և նշանակվել Շիրակի թեմի փոխառաջնորդ:
1995 թ. հունիսից հրավիրվել է Մայր Աթոռ և Գարեգին Ա Վեհափառի օրհնությամբ զբաղեցրել Մայր Աթոռի պահեստային տնտեսության գույքագրման հանձնաժողովի նախագահի, ապա և կաթողիկոսի՝ տնտեսական ու շինարարական գործերով խորհրդականի պաշտոնը:
1996 թ. որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ՝ ընդգրկվել է Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի կազմում:
1996 թ. նշանակվել է «Պետություն – եկեղեցի» փոխհարաբերություններում՝ պետության կողմից Մայր Աթոռին եկեղեցական կալվածքների վերադարձման հանձնախմբի անդամ:
1996 թ. հունիսի 3-ին Գարեգին Ա կաթողիկոսի Հայրապետական սրբատառ կոնդակով նշանակվել է Գուգարաց թեմի (Լոռու և Տավուշի մարզեր) առաջնորդ:
1997 թ. հունիսի 15-ին, ձեռամբ Տ. Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի, ձեռնադրվել և օծվել է եպիսկոպոս:
2000 թ. մարտի 24-ին Գարեգին Բ Հայրապետի կողմից նշանակվել է Հայաստանյայց եկեղեցու կանոնադրության մշակման հանձնախմբի անդամ և այդ աշխատանքներին իր մասնակցությունը բերել մինչև 2003 թվականը:
2000 թ. հոկտեմբերին նշանակվել է Գերագույն Հոգևոր խորհրդի անդամ և անդամակցել մինչև 2007 թվականը:
2000 թ. նշանակվել է 1700-ամյակի տոնակատարությունների գործադիր վարչության անդամ:
2002 թ. հոկտեմբերին ընտրվել է Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի հայկական մասնաճյուղի իսկական անդամ:
2004 թ. դեկտեմբերին պարգևատրվել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի հուշամեդալով:
2005 թ. հունվարին պարգևատրվել է Հայ ժողովրդի բարեկամ և մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի անվան ոսկե մեդալով:
2006 թ. ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կողմից պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով՝ «Պետություն – եկեղեցի» փոխհարաբերության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար:
2010 թ. դեկտեմբերի 26-ին «Լոռվա ձոր» հայրենակցական միության կողմից շնորհվել է «Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսի հետնորդ» կոչումը: Գուգարաց թեմի ձևավորման և կայացման գործում Սեպուհ սրբազանի հեռատես աշխատանքային գործունեության շնորհիվ, ներդրած հսկայական ջանքերի արդյունքում թեմն անուրանալի հաջողություններ արձանագրեց:
2012 թ. մայիսի 17-ին Գարեգին Բ Հայրապետի սրբատառ կոնդակով շնորհվել է «Արքության» պատիվ՝ Սեպուհ սրբազանի քահանայագործության 25-ամյակի և առաջնորդության 15-ամյակի առթիվ:
2015 թ. փետրվարի 24-ին՝ զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150-ամյակին ընդառաջ՝ ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանին պարգևատրեց «Անդրանիկ Օզանյան» մեդալով զինծառայողների հոգևոր և հայրենասիրական դաստիարակության գործում ունեցած անուրանալի ավանդի համար, ինչպես նաև ՀՀ Զինված ուժերի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ:
2016 թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշանակվել է Կարգապահական հանձնախմբի անդամ:
2017 թ. լրացավ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի քահանայական ձեռնադրության 30, եպիսկոպոսության 20 և առաջնորդության 21 տարին:
2017 թ. հունիսին ընտրվել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ:
2019 թ. մարտի 24-ին լրացավ սրբազանի 60-ամյակը:
Մեծ է եղել Սեպուհ սրբազանի հանրային գործունեության շրջանակը:
Նա հիմնադրեց «Ծիծեռնակ» ճամբարը, որտեղ անապահով ընտանիքների հազարավոր երեխաներ են իրենց հանգիստն անցկացրել: «Ձեռք մեկնիր եղբորդ» ծրագրի շրջանակներում անձամբ թեմի առաջնորդի հայթայթած հովանավորչական գումարներով Լոռու մարզում գնվել և 32 անապահով ընտանիքներին են հատկացվել բնակարաններ:
Անհնար է բոլորը թվարկել:
Սեպուհ սրբազանի մահն անդառնալի կորուստ է ոչ միայն հոգևոր աշխարհի, այլև մարզկենտրոն Վանաձորի և Լոռու մարզի ողջ բնակչության համար։
Վերջին ցանկությունը
Սեպուհ սրբազանն իր մահից առաջ կտակ է գրել հետևյալ բովանդակությամբ. «Հոգեհաց տալ ցանկացողներին խնդրում եմ, որ այն տրվի ի մասնավորի ճամբարի երեխաներին: Շատ ցանկալի է, որ ծաղկեպսակի փոխարեն նվիրատվությունները հատկացվեն «Ծիծեռնակ» ճամբարին»:
Հայր Առաքելական եկեղեցի
Գուգարաց թեմ
Բանկ ֊ԱՇԲ Վանաձոր ,
հ/հ 247170004938