Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Միջազգային հանրությունը պետք է ճանաչի Արցախի անկախությունը

Սլովենիայի հանրաճանաչ եւ ազդեցիկ  Դելո թերթի մեկնաբան Բորիս Չիբեցը հարցազրույց է տպարգել հայտնի հայ գործարար, առողջարանային համալիրի եւ հյուրանոցների սեփականատեր  Վալերի Առաքելովի հետ, որը վերնագրել է՝ ,,Կորոնավիրուսի շրջանի առաջին պատերազմը,,։ Լյուբլյանայում հրատարակվող  թերթն այսպիսով անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմին, մանրամասն ներկայացնելով թե հակամարտության պատմությունը, եւ թե  հումանիտար աղետի առջեւ կանգած հայ ժողովրդին։

Պատասխանելով մեկնաբանի հարցերին, Վալերի Առաքելովը նախ ներկայացրել է Հայաստանի աշխարհագրական դիրքը՝ իբրեւ աշխարհի ամենահին պետություններից մեկը եւ առաջինը քրիստոնեությունն իբրեւ կրոն ընդունած պետություն, որը  դարեր շարունակ տեսել է պատերազմներ ու արշավանքներ, շրջապատված է Իրանով, Ադրբեջանով, Թուրքիայով եւ Վրաստանով։ Նշում է նաեւ, որ Ադրբեջանն իբրեւ պետություն կազմավորվել է ընդամենը 1918 թվականին։

Թղթակցի այն հարցին, թե ինչո՞ւ հիմա ծագեց այս պատերազմը , Վալերի Առաքելովը նախ պատմական ակնարկով անդրադարձել է 1915 թվականին թուրքերի կողմից իրականացված ցեղասպանությանը, որի հետեւանքով հայ ժողովուրդը ցրվեց աշխարհով մեկ։ Հայկական տարածքները բոլշեւիկնեը տվել են  Աթաթուրքին, իսկ Լեռնային Ղարաբաղը, որը հայկական էր, ինքնավարության կարգավիճակով տրվել է Ադրբեջանին։ Այն հարցին, թե Լեռնային Ղարաբաղը Սովետական Կոսովոն չէր, Առաքելովը պատասխանում է՝,, Ոչ, այնտեղ միայն հայեր էին ապրում։ Կոսովոն չուներ ինքնավարության կարգավիճակ, իսկ Ղարաբաղում  ինքնավարություն էր, այնտեղ են հայկական ամենահին եկեղեցիներն ու հուշարձանները։

,,ԽՍՀՄ փլուզման ժամանակ Ղարաբաղի հայերը ցանկացան առանձնանալ Ադրբեջանական հանրապետությունից, եւ միանալ Հայաստանին։ Ի պատասխան դրա ադրբեջանցիները տարբեր քաղաքներում հարձակվեցին  հայ քաղաքացիական անձնանց վրա եւ սպանեցին ու բռնությունների ենթարկեցին։ Նոր սրումը 26 տարվա ընդմիջումից հետո տեղի ունեցավ Թուրքիայի միջամտության պատճառով, որը ցանկանում է ուժեղացնել իր դիրքերը տարածաշրջանում։  Թուրքիան Ադրբեջանին օգնում է եւ իր անօդաչու սարքերով, եւ Սիրիայից բերած վարձկան ահաբեկիչներով, քանի որ Անկարան ուզում է իշխող դիրքեր գրավել ռեգիոնում եւ ստեղծել  իր երազած խալիֆաթը՝ միավորելով Անդրկովկասի եւ Ասիայի թուրքալեզու ժողովուրդներին,, ասում է Վալերի Առաքելովը։

Նա նաեւ նշում է, որ սա առաջին պատերազմն է, որն սկսվել է Քովիդ 19-ի պայմաններում, եւ Թուրքիան իր ներքին ու արտաքին խնդիրներից շեղելու համար, այդ թվում Կիպրոսի խնդրի հետ կապված ԵՄ-ի հետ տարաձայնություններից,  սանձազերծել է այս պատերազմը։ Երբ Բաքվում ասում են, թե Հայաստանն է սկսել պատերազմը,ապա միայն կարելի է հարց տալ, թե ինչպես փոքր Հայաստանը կարող էր պատերազմ սկսել իրենց ավելի մեծ երկրների դեմ։ Լեռնային Ղարաբաղն իր սահմաններից դուրս տարածքները ազատագրել է իր անվտանգության համար։ ,,Այնպես որ մենք հարձակվելու նպատակ չունեինք։ Ադրբեջանին չհաջողվեց  առաջ ընթանալ, բայց հազարից ավելի  հայ երիտասարդներ արդեն զոհվել են, իսկ Ադրբեջանն իր զոհերի մասին տեղեկություններ չի հաղորդում։ Երեք անգամ հրադադար է կնքվել եւ երեք անգամ էլ Ադրբեջանը խախտել է, Ալիեւն ասել է, որ դա իրենց հողն է եւ մինչեւ վերջ կգնան, բայց դա իրենց իրավունք չի տալիս գնդակոծել խաղաղ բնակչությանը,, ասում է նա։

Այն հարցին, թե ինչ կլիներ եթե Ղարաբաղն անցներ Ադրբեջանին, Առաքելովը պատասխանում է, որ այնտեղ հայ չէր մնա, բոլորին կսպանեին։ ,,Նրանք անընդհատ ռմբակոծում են քաղաքները, ավերակների են վերածել Ստեփանակերտը, ծննդատունը, եկեղեցին։ Հայերն իրենց տները երբեք չեն թողնի, կմեռնեն, բայց չեն հեռանա։ Պատերազմը կվերջանա, եթե միջազգային հանրությունը ճանաչի Արցախի անկախությունը,, -ասում է մեր հայրենակիցը։

 Հոդվածի բնագիրը՝ այստեղ  https://www.delo.si/novice/svet/prva-vojna-v-casu-koronavirusa/?fbclid=IwAR1Sc11qtVftDAdS7WCNASchTAQXCN6vmB7sU6vqKSWt8SWCQBKI12lP8II

 

Orer.eu