Փաշինյանի նամակը Պուտինին. պատասխանը՝ Ռուսաստանը կաջակցի, եթե ռազմական բախումները տեղափոխվեն Հայաստանի տարածք
Typography
- Smaller Small Medium Big Bigger
- Default Helvetica Segoe Georgia Times
- Reading Mode
Հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները:
Նամակում, մասնավորապես, ընդգծվել է Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխման և վերջիններիս Լեռնային Ղարաբաղի դեմ մարտական գործողություններում ներգրավման հանգամանքը:
Հաշվի առնելով մարտական գործողությունների Հայաստանի Հանրապետության սահմանին մոտենալու, ՀՀ տարածքի նկամամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը՝ ՀՀ վարչապետը դիմել է ՌԴ նախագահին սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը:
Իր հերթին Ռուսաստանի արտգործնախարարությունը պատասխանել է Հայաստանի վարչապետի նամակին։
«Հաստատում ենք Ռուսաստանի Դաշնության հավատարմությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ դաշնակցային պարտավորությունների մասով, այդ թվում պարտավորությունների, որոնք բխում են 1997թ. օգոստոսի 29-ի՝ Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ Բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության մասին պայմանագրից: Այդ Պայմանագրի որոշ հոդվածներ նախատեսում են կոնկրետ գործողություններ՝ միմյանց տարածքների նկատմամբ զինված հարձակումների եւ կամ ագրեսիայի ակտերի սպառնալիքի առաջացման դեպքում:
Պայմանագրի համաձայն, Ռուսաստանը Երեւանին կցուցաբերի ամբողջ անհրաժեշտ օգնությունը, եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջականորեն Հայաստանի տարածք:
Կրկին կոչ ենք անում ղարաբաղյան հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել կրակը, նպաստել դեէսկալացիային եւ վերադառնալ առարկայական բանակցությունների խաղաղ կարգավորմանը հիմնարար սկզբունքների հիման վրա հասնելու նպատակով՝ հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանին Հանրապետության արտգործնախարարների ձեռքբերված պայմանավորվածություններին համահունչ», - ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում:
orer.eu