Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Երեկ նախատեսվածից ավելի ուշՙ Երեւանի ժամանակով ժամը 18 անց 33-ին Բունդեսթագում իշխող կոալիցիայիՙ ՔԴ-ՔՍ միության եւ ՍԴ խմբակցության պատգամավորների պահանջով բանավեճ հրավիրվեց «Խաղաղ լուծում Լեռնային Ղարաբաղի համար» թեմայով: Այս մասին հայտնում է ԱԶԳի թղթակից ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ-ը։ 

Գերմանիայի օրենսդիր մարմնում հրավիրված քննարկումը բացեց ԳԴՀ արտգործնախարար Հայկո Մաասը , որ հաղորդեց, թե խաղաղ բանակցություններին վերադառնալու հրամայականը ստիպում է ավելացնել միջազգային ճնշումը երկու կողմի վրա, իսկ ձմռանը դիմակայելու նպատակով ԵՄ եւ ԳԴՀ ֆինանսական սատարում կտրամադրեն պատերազմից տուժած շրջաններին:

Վերջինը Կարմիր խաչին արդեն տրամադրել է 2 միլիոն եվրո: Տարբեր խմբակցությունների 13 բանախոսներ մինչեւ ժամը 19.47- ը վերահաստատեցին, թե Ադրբեջանն է ռազմական ագրեսիա սկսել ԼՂ վրա եւ որ այդ երկիրն է խախտում հումանիտար

հրադադարը, կրկնեցին, թե ռազմական հանցագործություններն ակնհայտ են, պիտի քննվեն միջազգային դատարանում, Թուրքիային չխնայեցին, իսկ ռազմական առումով շահեկան վիճակում գտնվող Ալիեւից պահանջեցին հենց այս պահին վերադառնալ բանակցային սեղան, այլապես կզրկվի ԵՄ սատարումից։ 

Իր հերթին  Մեդիամաքսը հայտնում է,  որ Գերմանիայի Բունդեսթագում CDU/CSU կառավարող կուսակցությունների խմբակցության պատգամավոր Մանֆրեդ Գրունդն ասել է, որ «պետք է Արցախի վերակառուցման դոնորների համաժողով նախաձեռնել»:  «Հայերի համար այս օրերին կրկնվում է մի սարսափելի պատմություն: Եվ ինչպես միշտ իրենց պատմության ընթացքում՝ հայերի հույսը միայն իրենց վրա է: Ինչպես 1915-ին, դրան նախորդած եւ հաջորդած ջարդերի ժամանակ էր, նաեւ այսօր իրեն քաղաքակիրթ համարող աշխարհը հայացքը փախցնում է: Գերմանիան իրավունք չունի 1915-ի իր սխալը կրկնել եւ լռել անարդարության մասին: Մենք պետք է արդեն այսօր Ղարաբաղի վերակառուցման համար դոնորների համաժողով նախաձեռնենք: Այլ կերպ ասած՝ մենք պարտավոր ենք անել ամեն ինչ, որպեսզի 1915-ի պատմությունը չկրկնվի, այն ժամանակվա մեղքի մեր բաժինը պարտավոր ենք գոնե հիմա քավել», - ասել է Մանֆրեդ Գրունդը:

Գերմանիայի Բունդեսթագում SPD խմբակցության պատգամավոր Ֆրանկ Շվաբենն էլ  առաջարկել է քննարկել արցախյան պատերազմում ռազմական հանցագործներին պատասխանատվության ենթարկելու հարցը։ Իսկ 

AFD խմբակցության պատգամավոր Շտեֆեն Կոտրեն ասել է, որ «Հայերը ինքնապաշտպանական պատերազմ են վարում ի տարբերություն հարձակում գործած Ադրբեջանի, որը միջազգայնորեն արգելված կասետային ռազմամթերքով նպատակային նշանառությամբ հարվածում է խաղաղ բնակչությանը: Ադրբեջանցիները գնդակահարում են հայ ռազմագերիներին, գլխատում նրանց, բացեիբաց խոսում հայերին Ղարաբաղից արտաքսելու, ոչնչացնելու մասին»։

 

orer.eu