Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Հայկական զինուժի կողմից թուրքական «Բայրաքդարների» (թարգմանաբարՙ դրոշակակիր) խոցումը բեկումնային պահերից մեկը եղավ Արցախում արդեն 27 օր ընթացող այս պատերազմում, ոչ միայն ռազմական, այլեւ հոգեբանական գետնի վրա: Առաջին 20 օրերին ադրբեջանաթուրքական ուժերի օդում ունեցած գերազանցությանը վերջ տրվեց եւ վերականգնվեց ռազմական հավասարակշռությունը, որի պայմաններում մեր զորքերին հաջողվեց ջլատման գործողություններ ձեռնարկել Հադրութի սրտումՙ Իշխանաձոր մխրճված թշնամու շարքերի դեմ եւ հետզհետե վերադառնալ նախկին դիրքեր: Ու թեեւ հակառակորդը այժմ փորձում է, ինչպես միշտՙ 1992-ից ի վեր, Արցախ ներթափանցել կենտրոնովՙ Աղդամ-Ասկերան ուղղությամբ, սակայն անխոցելի համարվող թուրքական ԱԹՍ-երի խոցոտումով ավելի իրականանալի են թվում հայկական ու ադրբեջանական կողմերին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու միջազգային բանագնացների եւ առաջին հերթին Ռուսաստանի ջանքերը:

Եվ արդեն նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումները Բրյուսելում, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի այսօր սկսվող խորհրդակցությունները Վաշինգտոնում, վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցները տարբեր մայրաքաղաքների հետ փաստում են, որ նախապատրաստական հարթակ է պատրաստվումՙ ամենայն հավանականությամբ Կրեմլում, որին, ըստ երեւույթին, մյուս գլխավոր մայրաքաղաքները «հաճույքով» զիջելու են իրենց խաղաղարարի, ընդհուպՙ խաղաղապահի գործառույթները փոխադարձ համաձայնությամբ, հաջողության պարագայում խաղաղության դափնեպսակը կիսելու, իսկ ձախողության դեպքումՙ Կրեմլին քավության նոխազ դարձնելու նկատառումներով:

Սակայն վճռական բանակցությունների մոտալուտ լինելու ցուցիչներից մեկը երեքշաբթի օրը կայացածՙ այսպես կոչված «դարի հանդիպումն» էրՙ ՀՀ եւ ԱՀ նախկին նախագահների միջեւ, որը շարունակվելու պարագայում կարելի է կնքել «Նախագահական ակումբ» փաղաքշական անունով: Ու թեեւ այդ հանդիպումից արդեն 3-րդ օրն է ոչ մի արտահոսք չի եղել, բայց ենթադրելի է, որ տարբեր, նույնիսկ հակադիր տեսակետներ ունեցող այդ ղեկավարների գլխավոր խնդիրը պահանջվող զիջումների սահմանագիծը որոշելը, այսպես կոչվածՙ կարմիր գիծ քաշելն է եղել, որից այն կողմ մահացու է բոլորիս համար:

Սպասվող դժվարին բանակցություններին ընդառաջ անհրաժեշտ է միջնորդ կողմերի առաջ դնել հետեւյալ պահանջըՙ գնահատական տալ ադրբեջանաթուրքական ագրեսիային, սկսելով դրա նախապատրաստական փուլից եւ ընդգրկելով դրա իրականացման հակամարդկային եւ հակամարդկայնական բոլոր գործողություններըՙ թշնամական-ֆաշիստական հռետորաբանություն, խաղաղ բնակավայրերի ռմբակոծում, թնդանոթի միջոցով էթնիկ զտումներ, Արցախը «այրած հողի» վերածելու, անբնակելի դարձնելու, ազգաբնակչությանը իր երկրում գաղթական դարձնելու, մեր եւ նույնիսկ իր սեփական բազմահազար զինվորների սպանության եւ հաշմանդամության մատնելու, պատերազմական ոճիրներ գործելու վերաբերյալ: Առանց այդ գնահատանքիՙ անիմաստ են դառնում հետագա բոլոր բանակցությունները, որոնց արդյունքում կայանալիք լուծումները, փոխադարձ հնարավոր զիջումները առ ոչինչ են դառնալու: Մանավանդ որ այդ ագրեսիան ծրագրվել, իրականացվել ու դեռ շարունակվում է համաշխարհային աղետիՙ համավարակի պայմաններում, որի վերաբերյալ դեռեւս մարտ ամսին ՄԱԿ-ը պաշտոնապես պահանջել էր դադարեցնել ռազմական բոլոր գործողությունները ողջ աշխարհում, իսկ սեպտեմբեր ամսին շատ երկրներում, այդ թվում նաեւ Հայաստանում, մոլեգնում էր արդեն 2-րդ, ավելի հուժկու ալիքը covid-19-ի, մինչդեռ ադրբեջանաթուրքական «մեկ ազգՙ երկու պետությունները» ներխուժեցին հայկական տարածքՙ նախապայմաններ ստեղծելով նաեւ վարակակիրների ու զոհերի թվի աճի համար: Կրկնակի ու եռակի հանցագործություն, որին պատասխան հատուցում պետք է տան «մեկ ազգը» եւ «երկու պետությունները»:

Ի սկզբանե պետք է դնել փոխհատուցման պահանջը: Նախնական հաշվումներով շուրջ 5 մլրդ դոլարի հատուցում է պետք զոհված մեր տղաների եւ քաղաքացիական անձանց ընտանիքներին, վիրավորների, հաշմանդամված հայրենակիցների օգնության, ավերակված քաղաքների ու գյուղերի, ենթակառույցների վերականգման ու վերաշինության, պատերազմից տուժած տնտեսությունը փրկելու համար: Միայն այդ ձեւով է հնարավոր դույզն չափով վստահություն հաղորդել բանակցային գործընթացին, միայն այդ ձեւով է հնարավոր երաշխիք ունենալ, որ թշնամին այլեւս չի կրկնի իր արկածախնդրությունը, գոնե տեսանելի ապագայում:

Պետք է ամուր կառչած մնալ փոխհատուցման պահանջից եւ հույս չդնել միջազգային ատյաններում հետագա գործընթացների վրա: Ցեղասպանական արարքները պետք է գնահատական ստանան տեղում:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ԱԶԳ օրաթերթի գլխավոր խմբագիր