Պրահայի Ռեպորիե շրջանի քաղաքապետ Պավել Նովոտնին սոցիալական ցանցերում Ղարաբաղում ընթացող հակամարտության մեջ բազմիցս իր համերաշխությունն է հայտնել Հայաստանի քաղաքացիական բնակչության տառապանքներին և դրանում մեղադրել է Թուրքիայի նախագահին: Նա բազմիցս հրապարակայնորեն հիշեցրել է, որ Թուրքիան երբեք ներողություն չի խնդրել Հայոց ցեղասպանության համար, այդ մասին եւս մի անգամ հիշատակել է ցեղասպանության տարելիցի օրը, եւ դա համընկել է նաեւ քրդերի հետապնդումների ֆոնին, եւ քաղախորհուրդը շենքից կախել է քրդական դրոշը:
Չորեքշաբթի, հոկտեմբերի 21-ին, Պրահայի Ռեպորիեի քաղխորհուրդը լսել է քաղաքապետի և փոխքաղաքապետերի տեղեկատվությունը առ այն, որ Ռեպորիեն հանրայնորեն «ճանաչում է» Լեռնային Ղարաբաղի, կամ Արցախի Հանրապետությունը եւ իր համերաշխությունն է հայտնել Հայաստանի տառապյալ քաղաքացիական բնակչությանը, նաեւ քաղաքապետարանի շենքից կախելով Պրահայի հայ համայնքի նվիրած դրոշը։
ՕՐԵՐ-ին տված հարցազրույցում, Պրահայի Ռեպորիե շրջանի քաղաքապետ Պավել Նովոտնին ասաց. «Թուրքիայի անվերջանալի լռությունը Հայոց ցեղասպանության շուրջ, ավելի շուտ այն, ինչ ես անվանում եմ 1895-1918 թվականներին ընկած ժամանակահատվածում կատարված մի շարք ցեղասպանություններ, համարում եմ Թուրքիայի ամենամեծ ամոթը, որպես Օսմանյան կայսրության ժառանգորդ։ Ես բազմաթիվ հայ ընկերներ ունեմ Պրահայում, քուրդ ընկերներ ունեմ, և համարձակորեն կարող եմ ասել, որ ես երբեք չեմ բարեկամանա պարոն Էրդողանի հետ: Ըստ իս, նա ոչ միայն սատարեց ներկայիս ագրեսիան, այլեւ կարծում եմ, որ դրա շարժիչ ուժերից մեկն էր: Մենք ուրախ ենք, որ գոնե խորհրդանշական իմաստով համերաշխություն հայտնեցինք հայերին: Ես իսկապես սիրում եմ հայերին: Գիտեք, իմ երկու երեխաներն էլ շախմատ են խաղում, եւ ես էլ անշուշտ շախմատիստ եմ, և երբ երեխաներս չեն ցանկանում սովորել, ես նրանց պատմում եմ Հայաստանի մասին, աշխարհի միակ երկիրը, որտեղ բոլորը մանկուց շախմատ են խաղում»։
Orer.eu