Խոսելով Ղարաբաղյան հակամարտության մասին՝ Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում։
Խոսելով Ղարաբաղյան հակամարտության մասին՝ Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Չպետք է մոռանալ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայ ժողովրդի ապրած ողբերգության մասին։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նման հայտարարություն է արել «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբում՝ խոսելով 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին։
Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը՝ նա նշել է, որ Ռուսաստանի ու Թուրքիայի դիրքորոշումները Ղարաբաղի հարցում չեն համընկնում:
Նա խոսել է նաև հակամարտության ակունքների մասին։ Նախագահը շեշտել է՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը սկսվել է անցյալում` հայ ժողովրդի նկատմամբ դաժան հանցագործություններով:
«Ցավոք, փաստ է, որ Սումգայիթում, ապա նաև Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի դեմ ծանր հանցագործություններ են կատարվել»,- ասել է Պուտինը:
ՌԴ նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ էլ հատուկ կապեր է ունեցել ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի հետ:
«Մեզ համար և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը հավասար գործընկերներ են, և երկուսի հետ էլ ցանկանում ենք լիարժեք հարաբերություններ հաստատել: Մենք այնպիսի դիրքորոշում ենք ընդունում, որը թույլ կտա ունենալ երկու կողմերի վստահությունը: Ոչ ոք ավելի շահագրգռված չէ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում, որքան Ռուսաստանը»,- հավելել է Պուտինը:
Նա նշել է, որ շատ կցանկանար փոխզիջում գտնել Ղարաբաղի հարցում: ՌԴ նախագահի խոսքով՝ ինքն օրվա մեջ մի քանի անգամ հեռախոսազրույց է ունենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
«Մեր տեղեկություններով՝ հակամարտության ներկայիս սրացման սկզբից ի վեր Ղարաբաղում ընդհանուր առմամբ զոհվել է գրեթե 5000 մարդ»,- հավելել է ՌԴ նախագահը։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։
Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։
Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։
Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ:
Ադրբեջանը մինչև այսօր էլ խախտում է հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները։