Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Հոկտեմբերի 12-ին Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում տեղի ունեցավ էստոնահայության բողոքի ցույցը՝  ընդդեմ Թուրքիայի եւ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի։ Ցուցարարները նախ հավաքվել են Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, ապա Հայ Առեքելական եկեղեցու Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վարդան Սրբազանի առաջնորդությամբ շարժվել են դեպի Տալլինում Թուրքիայի դեսպանություն։ Ինչպես նշեց ՕՐԵՐ-ի հետ զրույցում Էստոնիայի հայ համայնքի ղեկավար Ռազմիկ Իվանյանը, երթի մասնակիցները կրել են  ,,Հայաստանը ցանկանում է խաղաղություն,, , ,,Թուրքիա դադարեցրու ագրեսիան,, , եւ այլ լոզունգներ, ինչպես նաեւ Արցախի անկախությունը ճանաչելու կոչեր։ 

Թուրքիայի դեսպանատան դիմաց հայ համայնքի ներկայացուցիչները երգել են Հայաստանի հիմնը, պահանջել են դադարեցնել ահաբեկչական քաղաքականությունը Արցախի եւ Հայաստանի նկատմամբ։ Այնուհետեւ քայլերթի  մասնակիցները շարժվել են դեպի Ազատության հրապարակ, ուր տեղադրված խաչի մոտ շարունակել են հսկում-ցույցը։ Այստեղ են եկել նաեւ մի շարք լրատվական գործակալությունների լրագրողներ, որոնք հարցազրույցներ են վարել հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հավաքի մասնակիցները Արցախ ու Հայաստան վանկարկելով, պահանջել են վերջ տալ ագրեսիային եւ  խաղաղություն հաստատել հակամարտության գոտում՝ ճանաչելով Արցախի անկախությունը։ 

 

« Ակցիայի նպատակն է խաղաղության հաստատումը տարածաշրջանում: Մենք կոչ ենք անում կանգնեցնել ահաբեկչությունն ու ռազմական հանցագործությունները հայերի նկատմամբ, որոնք ապրում են Լեռնային Ղարաբաղում, որոնք տվյալ պահին իրենց պատմական հողում պայքարում են իրենց ապրելու ու ինքնորոշման իրավունքի համար: Խաղաղ քայլերթով մենք ողջ աշխարհի մարդկանց կոչ ենք անում ավելի ակտիվ գործողությունների»,- ասված է կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ:

Հայ համայնքի ներկայացուցիչների խոսքով` իրենք ոչինչ չունեն ադրբեջանցիների դեմ, ավելին` իրենք չենք մեղադրում նրանց: Իրենք դեմ են Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների վարած քաղաքականությանը:

«Մենք կանգնած ենք Լեռնային Ղարաբաղում խաղաղության կողքին: Լեռնային Ղարաբաղում պատերազմը շարունակվում է արդեն 17 օր, ինչի հետևանքով երկու կողմերն էլ արդեն մեծ կորուստներ են կրել: Թուրքիան ուղղակի ներգրավված է հակամարտությունում, աջակցելով Ադրբեջանին հայ ժողովրդի դեմ պատերազմում, ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական տեսանկյունից: Արցախի Պաշտպանության բանակը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները: Հայերը պայքար են մղում միջազգային ահաբեկչության դեմ` իրենց գոյության համար: Միայն Արցախի միջազգային ճանաչումը կարող է կանխել փոքր ազգի ոչնչացումը, քանի որ այդ ժամանակ գործի կդրվեն իրավական մեխանիզմները, որոնք անհրաժեշտ են իրավիճակի կայունացման համար: Իսկ մինչ այդ 17-րդ օրն անընդմեջ 18-20 տարեկան երիտասարդներ են զոհվում պատերազմում խաղաղության համար, կյանքը վայելելու փոխարեն: Նրանք զոհվում են հայրենիքը պաշտպանելով»,- նշում են քայլերթի կազմակերպիչները:

Նշենք նաեւ, որ երթին ու ցույցին մասնակցել են 200-ից ավելի ոչ միայն հայեր, այլեւ՝ էստոնացիներ։ 

orer.eu

 

-