ԲԵՌԼԻՆ-Մարտի 7-ից ապրիլի 25-ը Բեռլինում անցկացվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված աննախադեպ փառատոն, որի անվանումն էր՝ ,,Ձյուն է գալիս ապրիլին,,։ Կազմակերպիչներն էին ,,Մայրաքաղաք մշակութային ֆոնդը, ֆեդերալ քաղաքագիտական հիմնադրամը, Ֆրայբուրգի թատրոնը, Բեռլինի Գորկու թատրոնը, Երեւանի ,,Ոսկե ծիրան,, կինոփառատոնը եւ ,,Անատոլու,, հիմնադրամը։ Փառատոնի հիմնական նախաձեռնողը Բեռլինի Գորկի թատրոնն էր, որը հանրաճանաչ հաստատություն է եւ 2014-ին ճանաչվել է ,,Տարվա թատրոն,,։ Ինչպես ՕՐԵՐ-ին հայտնեց Բեռլինի InteriorDAsein կենտրոնի տնօրեն, գեղանկարիչ Արչի Գալենցը, թատրոնի տնօրեն Շերմի Լանքոֆֆը թուրքական ծագումով գերմանացի է, որ ծնվել է Թուրքիայում եւ մանուկ հասակից ապրում է Գերմանիայում։ Նա թատերական դաշտի առաջատար գործիչներից է, եւ համագործակցում է նաեւ ,,Ոսկե ծիրան,, կինոփառատոնի եւ Ստամբուլի ,,Անատոլու,, մշակութային ընկերության հետ։