Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեռնում՝ Շվեյցարիայի խորհրդարանի շենքի առջև գտնվող հրապարակում, hոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել բազմամարդ բողոքի ցույց` ընդդեմ Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի սանձազերծած պատերազմի։ Հայաստանի և Արցախի հետ համերաշխության կարգախոսի ներքո ընթացած ցույցը նախաձեռնել էր Շվեյցարիա-Հայաստան ընկերակցությունը՝ հայկական համայնքային մի շարք կառուցների աջակցությամբ ու գործուն մասնակցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցարարները դատապարտել են Արցախի և Հայաստանի դեմ ագրեսիան, խաղաղ բնակչության ու ենթակառուցվածքների թիրախավորումը, ահաբեկչական խմբավորումների օգտագործումը հայ բնակչության դեմ, հակահայկական ատելության խոսքի ու այլատյացության պետական մակարդակով խրախուսումը։ Ցուցարարները վանկարկել են խաղաղության, զինադադարի ու անվտանգ միջավայրի հաստատման կոչեր։ Շվեյցարիայի  հասարակությանը և լրատվամիջոցների ներկայացուցիչներին տրամադրվել են ապացույցներ, որոնք անհերքելի կերպով փաստում են Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից իրականացվող նվաճողական քաղաքականությունը և հայ ազգաբնակչության ոչնչացմանն ուղղված քայլերը։

 Ցուցարարները շեշտել են, որ այսօր հայ ժողովուրդը պայքարում է միջազգային ահաբեկիչների ու նրանց հովանավորներ Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ՝ այն նույն ահաբեկիչների, որոնք թիրախավորում են նաև եվրոպական քաղաքները ու նրանց բնակչությունը։

Ցույցի ընթացքում ելույթներով հանդես են եկել մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ: Ցույցը վարել է և ելույթով հանդես է եկել Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվավոր նախագահ և Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը։

Սեպտեմբերի 30-ին Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որով խստորեն դատապարտել էր Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Հայաստանի ու Արցախի դեմ պլանավորված և իրականացված լայնածավալ հարձակումը։ Հայտարարությունը ստորագրող պատգամավորների թվում էր Շվեյցարիայի խորհրդարանի նախագահ Իզաբել Մորեն։

 

orer.eu