Երեկ Եվրոմիության հրապարակում Բելգիայի հայերի կոմիտեն կազմակերպել էր խաղաղության ցույց, եվրոատյանների ուշադրությանը սևեռելու Արցախում շարունակվող ռազմական գործողությունների եւ միջազգային ատյաններին հորդորելու դատապարտել ոչ միայն Ադրբեջանի ագրեսիան, այլեւ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ակտիվ մասնակցությունն այս պատերազմին:
Օրվա ընտրությունն ու տարածքը բնավ պատահական չէր: Հոկտեմբերի 1-ը Եվրոպական գագաթաժողովի օրն էր: Եվրոմիության տարածքի «Շուման» հրապարակը, ուր իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել Բելգիայի տարբեր քաղաքներում ապրող հազարավոր հայեր, Եվրոմիության կառույցների խաչվող այն տարածքն է, որտեղ տեղակայված են միջազգային տարբեր կազմակերպություններ: Հետեւաբար մեր հայրենակիցների կազմակերպած ցույցը զգոնության կոչ էր միջազգային հանրությանը հասու դարձնելու, որ Հարավային Կովկասում լայնամասշտաբ պատերազմի բռնկումը կարող է ունենալ անկանխատեսելի հետեւանքներ, տարածվել տարածաշրջանի սահմաններից դուրսՙ սպառնալով միջազգային անվտանգությանը: Սա պատերազմ է ոչ միայն ընդդեմ Արցախի ու Հայաստանի, այլեւ քաղաքակիրթ աշխարհի:
Դատապարտող հայտարարություններով խոսեցին նաև Եվրոխորհրդարանի պատգամավորներ, մասնավորապես շեշտադրելով Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականութանը, պատերազմի դադարեցման, տարածաշրջանում անվտանգության ապահովման անհրաժեշտության կարեւորությունը:
Արաքս Սաֆարյան
orer.eu