Բարսելոնա - Իսպանիայում ապրող հայրերս և հայկական կազմակերպությունները խստորեն դատապարտում ենք այսօր առավոտյան Ադրբեջանի կոռուպացված, ավտորիտար ղեկավարության սկսած լայնածավալ ռազմական հարձակումը հայկական սահմանապահ դիրքերի, քաղաքների ու խաղաղ բնակչության վրա։
Կոչ ենք անում Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները և շուտափույթ կերպով վերադառնալ բանակցություններին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Արցախի հակամարտության խաղաղ լուծմանը հասնելու համար՝ ըստ միջազգային իրավունքի նորմերի, այդ թվում ազգերի ինքնորրշման սկզբունքի։ Պատերազմ սկսելու ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ավտորիտար ղեկավարությունը և Իլհամ Ալիևը:
Իլհամ Ալիևը նաեւ պատասխանատու է խաղաղ բանակցությունները ամիսներ շարունակ փակուղի տանելու և ձախողելու համար՝ այսպիսով խաթարելով տարածաշրջանում խաղաղության հաստատումը։ Սա առաջին դեպքը չէ, որ ադրբեջանական զինված ուժերը հարձակում են գործում հայկական սահմանապահների և բնակավայրերի վրա։ 2016 թվականի ապրիլին ադրբեջանական զինված ուժերի կողմից հարձակումների ընթացքում դաժան և վայրագ ձևով սպաննվեցին Արցախի Թալիշ գյուղի խաղաղ բնակիչները։ 2020 թվականի հուլիսին ադրբեջանական զինված միավորումների հարձակումը Հայաստանի պետական սահմանի վրա տապալվեց հայկական բանակի կողմից։
Այդ դեպքերից հետո թուրքական իշխանությունները բացահայտորեն նեցուկ կանգնեցին Ադրբեջանի իշխանություններին։ Նրանց հովանավորությամբ Սիրիայի Իդլիբ նահանգից «Սիրիական ազգային բանակ» թուրքամետ ահաբեկչական խմբավորման մոտ 300 վարձկաններ տեղափոխվեցին Ադրբեջան՝ որպես վարձկան զինվորներ Հայաստանի դեմ նախապատրաստվող պատերազմին մասնակցելու ու խաղաղ բնակչությանը թիրախավորելու համար։
2020 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին տեղի ունեցած թուրք-ադրբեջանական զորավարժությունները, անհասկանալի պատճառներով թուրքական զորամիավորումների առկայությունը Ադրբեջանում, և այս ռազմական ոտնձգության առաջին իսկ վարկյանից թուրք լրագրողների ուղիղ եթերով դրա լուսաբանումները Ադրբեջանից ևս մեկ անգամ վկայում են թուրքական իշխանությունների բացահայտ հովանավորչության մասին։
Կոչ ենք անում Թուրքիայի իշխանություններին դադարեցնել պատերազմի հրահրումը, որով նրանք նպաստում են տարածաշրջանում անկայունությանը։ Կոչ ենք անում բոլոր իսպանական և եվրոպական քաղաքական ինստիտուտներին, մարդասիրական ու հասարակական կազմակերպություններին և միջազգային հանրությանը դատապարտել Ադրբեջանի ավտորիտար ղեկավարության սկսած լայնածավալ հարձակումը և հանդես գալ համապատասխան կոչով՝ վերադառնալու խնդրի խաղաղ կարգավորման ուղղված բանակցություններին։
Հետևելով այսօր Իսպանական որոշ ԶԼՄ-ների տարածած կողմնակալ լրատվությունները, կոչ ենք անում և ակնկալում իրավիճակի անկողմնակալ լուսաբանում՝ հիմնվելով բացառապես՝ երկկողմանի պաշտոնական տեղեկատվությունների վրա։
Հայաստանը, Արցախը և հայ ժողովուրդը՝ լինի հայրենիքում թե սփյուռքում, կողմ են խաղաղության, երկխոսության ու խնդրի խաղաղ հանգուցալուծմանը, սակայն մեզ թելադրված որևէ ռազմական ոտնձգություն՝ մեր սահմաններին և խաղաղ բնակչության վրա, կստանա կոշտև արժանի պատասխան։
#StopAzeriAggression #StopAzerbaijan #ArtsakhStrong #StopAliyev #PeaceInArtsakh #NKPEACE
orer.eu