Լուսանկարում՝ Կուտինայում հրատարակված Տարեգիրքը։
Այսօր լրանում է Կոմիտասի ծննդյան 151-ամյակը։ Անցյալ տարվա ՕՐԵՐ-ի հատուկ համարում Սոֆյա Քալանթարյան Ղալամաքարյանի հետ հարցազրույցով անդրադարձել էինք Կոմիտասի ծննդավայրին։ Այս տարի Կուտինայում արդեն հրատարակվել է տարեգիրք, որում առաջին անգամ գրվել է նաեւ Կոմիտասի մասին։ Տիկին Ղալամքարյանը գրել է Կոմիտասի կյանքի եւ գործունեության մասին, իսկ պոլսահայ Տիրան Լոքմագյոզյանը՝ թուրքական երգերի կոմիտասյան մշակումների մասին։
Ստորեւ ներկայացնում ենք ՕՐԵՐ-ի 2019-ի թվականի 9-12 համարի հրապարակումը։
Կոմիտասի 150 ամյակն իր ծննդավայրում՝ Կուտինայում
Պատմում է Սոֆյա Քալանթարյան Ղալամաքարյանը
Սոֆյա Քալանթարյան Ղալամաքարյանը ժամանակին դասախոսել է Վանաձորի մանկավարժական համալսարանի անգլիական բաժնում, այժմ թոշակի է անցել։ Ծնվել է Վանաձորում, բայց նախնիները Արեւմտյան Հայաստանից են՝ Բաղեշից։
Ինչպես գիտեք, Կոմիտասը ծնվել է 1869թ. սեպտեմբերի 26-ին Փոքր Ասիայի Կուտինա կամ Քիւթահիա քաղաքում, եւ երկու օր անց նրան մկրտել ենª տալով Սողոմոն անունը։ Հայրը՝ Գեւորգ Սողոմոնյանն էր, մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը։
150 տարի անց՝ 2019 թվականին այդ օրը առաջին անգամ Կոմիտասի ծննդավայրի տունը այցելեց Սոֆյա Քալանթարյան Ղալամքարյանը։
ՕՐԵՐ-ին տված հարցազրույցում տիկին Սոֆյան նշեց, որ իր վաղեմի երազանքն էր լինել Կուտինայում եւ ուխտ էր արել, որ Կոմիտասի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին այցելի նրա ծննդավայրի տուն։ Եվ ահա նա իրականացրեց այդ երազանքը։ Թուրքիայում նրան աջակցեցին ոչ միայն թուրք պրոֆեսորները, այլեւ տեղի հայերը, իսկ նրան ողջ ճամփորդության ընթացքում ուղեկցեց պոլսահայուհի Բեսսեն։Այդ ճամփորդության մանրամասները ներկայացնում ենք մեր ընթերցողներին։
Լուսանկարում՝ Կուտինայի հայկական եկեղեցու դարպասը
Սոֆյա Քալանթարյան. ՙՄենք հայտնվեցինք մեզ համար անծանոթ քաղաքում։ Կարծես Կոմիտասի շունչը մեզ ամենուր ուղեկցում էր։ Չէ՞ որ Կոմիտասի ցանկությունն էր, որ ողջ աշխարհն իմանա հայ երգը, եւ մի ներքին պատասխանտվությամբ ես էլ ցանկություն ունեի, որ Կոմիտասին դուրս հանենք այս 150 տարվա լռությունից։ Մեր միակ ծանոթը Կոմիտասն էր։
Նախ գնացինք Կուտինայի պետական համալսարանի երաժշտական ֆակուլտետ, որտեղ հանդիպեցինք դեկան Լեւենդ Մերչիին։ Նա մեզ ծանոթացրեց ուսուցչական կազմին, բայց նրանցից եւ ոչ մեկը Կոմիտասի մասին ոչինչ չգիտեր։ Երբ ասացի, որ 2019-ը ՅՈՒՆԷՍԿՕ-ն հայտարարել է Կոմիտասի տարի, հաճելիորեն զարմացան։ Նրանք միանգամից մտան համացանց եւ տեղեկացան Կոմիտասի մասին։ Այդպես սկսվեցին մեր հաճելի զրույցները։ Քննարկեցինք, թե ինչպես անենք, որ Կոմիտասի մասին, նրա ժառանգությանը ծանոթացնենք Կուտինայի բնակիչներին։ Նույնիսկ համատեղ համերգի մասին էինք պայմանավորվել մեր կոնսերվատորիայի երգչախմբի հետ, սակայն համավարակի պատճառով բոլոր ծրագրերը հետաձգվեցին։
Հետաքրքիր էր, թե ինչպես գտանք Կոմիտասի հայրական տունը։ Երբ մի տեղ կանգնեցի նկարվելու, հյուրանոցի աշխատակիցներից մեկը ցանկություն հայտնեց մեզ լուսանկարել։ Հետո միասին թեյ խմեցինք եւ պատմեցինք, որ Կոմիտասի տունն ենք փնտրում։ Նա էլ մեզ ուղարկեց Հնագիտության թանգարան-ինստիտուտ։
Լուսանկարներում՝ Սոֆյա Քալանթարյանը Կոմիտասի ծննդավայրի տան շեմին
Մեր հանդիպումները շարունակվեցին չորս օր, մինչեւ որ Հնագիտության թանգարանի տնօրենին հանդիպեցինք։ Նա բացեց Կուտինային նվիրված տարեգիրքն, ուր գրված էր այդ քաղաքի նշանավոր մարդկանց մասին։ Բնականաբար, Կոմիտասի մասին ոչինչ չկար։ Նա առաջարկեց, որ հաջորդ տարվա գրքում անպայման գրենք Կոմիտասի մասին։ Երեւան վերադառնալուց հետո ես անմիջապես գրեցի, ուղարկեցի ստամբուլահայ բարեկամ Տիրան Լոքմագյոզյանին, նա թարգմանեց թուրքերենի եւ ուղարկեցինք թանգարանի տնօրենին։ Այնպես որ 2020-ի տարեգրքում կընդգրկվի նաեւ Կոմիտասի մասին հոդվածը։
Եվ այսպես, թանգարանի տնօրենը մեր այնտեղ գտնվելու պահին զանգեց ինչ որ մեկին եւ ասաց, որ իր հյուրերը փնտրում են Կոմիտասի տունը։ Ես ցույց էի տվել Ռիտա Գույումճյանի Կոմիտասի մասին գրքում տպագրված տան նկարը։ Թանգարանի տնօրենը փորձում էր Կուտինայի կուսակալության միջոցով կալվածային փաստաթղթերով փաստել, թե իսկապես ո՞րն է Կոմիտասի մանկության տունը։ Ամեն դեպքում ես հուշեցի, որ Սողոմոնյան ազգանունով փնտրեն։
Հայկական թաղերն էլ գնացինք, բայց տունը չգտանք։
Ու քանի որ տունը դեռ չէինք գտել, սեպտեմբերի 26-ին որոշեցինք ինչ որ կերպ նշել Կոմիտասի տարեդարձը։ Հայաստանից խունկ ու մոմ էի բերել, Կոմիտասի պատարագից ՙՏէր Ողորմյա՚ի ձայնագրությունն էի վերցրել, ինչպես նաեւ Կոմիտասի կատարմամբ իր ութ երգերի ձայնագրությունները։ Որոշեցինք գտնել այն եկեղեցին, որտեղ Կոմիտասի հորեբայրը եւ հայրը դպիր էին։Եկեղեցին գտանք, բայց դարպասը փակ էր։Հետեւում միայն մի շուն կար։ Անցորդներից մեկը իմացավ, որ ուզում ենք մտնել, զանգեց տիրոջը եւ հարցրեց, բայց նա թույլ չտվեց մտնել։Ստիպված դարպասի մոտ մոմերը վառեցինք, խունկը ծխացրինք, ՙՏէր Ողորմեան՚ միացրեցինք եւ Բեսսեն երգեց։
Հաջորդ օրը վերջապես գնացինք Կոմիտասի տունը, թեեւ դեռեւս վստահ չէինք, թե դա է այդ տունը։ Ամեն դեպքում մեր ուղեկցողի խնդրանքը չմերժեցին, եւ թողեցին մտնենք ու նկարենք տունը։ Այդպես եղանք Կոմիտասի տանը։
Հաջորդ օրը հյուրանոցում մեզ մի այլ անակնկալ էր սպասվում։ Երբ արթնացանաք, հյուրանոցի բոլոր հարկերում հնչում էր Կոմիտասի երաժշտությունը։ Ես ու Բեսսեն զարմացել էինք։ Հետո պարզեցինք, որ հյուրանոցի տերն է մեզ համար այդ անակնկալը մտածել։ Ես մի տեսակ ուխտս կատարված համարեցի, երբ լսեցի, որ Կոմիտասն իր 150-ամյակին հնչում է իր ծննդավայրում։
Լուսանկարում՝ Կոմիտասի գերեզմանի մոտ հայտնվեց թիթեռը
Այնուհետեւ, երբ վերադարձա Երեւան, ընկերուհուս՝ Աստղիկ Իսրայելյանի հետ հոկտեմբերի 5-ին գնացինք Կոմիտասի անվան պանթեոն, քանի որ հող էի բերել Կուտինայից, եւ ցանկանում էի Կոմիտասի գերեզմանին սփռել։ Այնտեղ հանդիպեցինք Վանաձորի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցի մի խումբ աշակերտների, ուսուցիչների եւ ծնողների։ Մտածեցինք ինչ լավ զուգադիպություն է՝ իրենք էլ ներկա կգտվեն։ Չեք հավատա, թե ինչ տեղի ունեցավ, երբ Կուտինայից բերած հողը սփռեցի, անմիջապես մի թիթեռ եկավ եւ նստեց շապիկիս վրա։ Ասում են, թե քրիստոնեական հավատալիքների մեջ, թիթեռը Հարության խորհրդանիշն է, հոգու անմահության խորհրդանիշը՝ սիրելիից ուղարկված։ Մենք զարմանքից քարացել էինք եւ հուզվել...՚։
Պատրաստեց Հ.Ասատրյանը