Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 Կատակերգական մրցույթի մրցանակը՝ շվեդական ,,Զանգիր մայրիկին,, ֆիլմին

Սեպտեմբերի 24ին հայտնի դարձան Պրահայի Ֆեբիոֆեստ միջազգային կինոփառատոնի հաղթող ֆիլմերը։ Փակման հանդիսավոր արարողության ժամանակ  գլխավոր ժյուրիի անդամներ , հայտնի ռեժիսորներ Բետա Պարկանովան եւ Սլավիկ Հորակը հայտարարեցին, որ գլխավոր մրցանակը միահամուռ որոշմամբ տալիս են սլովակյան ,,Ծառայողները,, ֆիլմին, որը կոմունիստական ժամանակաշրջանում անվտանգության ուժերի կողմից աստվածաբանական ակադեմիայի ուսանողների ծանր հետապնդումների մասին է։ Մրցանակը եւ 6000 եվրո պարգեւը ստացավ  ֆիլմի ռեժիսոր Իվան Օստրոխովսկին, ով իր խոսքում նշեց, որ չէր սպասում նման գնահատանքի։

 

Ժյուրիի հատուկ մրցանակին արժանացավ Մարա Շհյոդալի նորվեգա-շվեդական ,,Հույս,, ֆիլմը։ Համավարակի պատճառով ռեժիսորը չէր կարողացել ժամանել, բայց  տեսաձայնագրությամբ ուղարկել էր իր շնորհակալնքի խոսքը։

Կինոփառատոնի ծրագրերի համատնօրեն Նիկոլայ Նիկիտինը նշեց, որ նոր մրցութային ծրագիրը պայմանավորված է այն հանգամանքով, որ աշխարհում գործող 30 000 կինոփառատոնների շարքում, միայն երեք կինոփառատոն  են ընտրել  կատակերգական ֆիլմերի ուղղությունը։  Ուստի կատակերգական ֆիլմերի նոր մրցութային ծրագիրը  նպատակ ունի նաեւ ներկայացնելու մեր կյանքի հումորային կողմերը, մանավանդ, որ Պրահան Խիտիլովայի, Մենցելի եւ Ֆորմանի ֆիլմերով արդեն նման ավանդույթներ ունի։ Այսպիսով, այս անվանակարգում գլխավոր մրցանակը տրվեց Լիզա Ասխանի շվեդական  ,, Զանգիր մայրիկին,, կատակերգությանը։ Այս մրցանակը որոշել էր 33 հանդիսատեսից կազմաված ժյուրին՝ դերասանուհի Դանա Մորակովայի գլխավորությամբ։

,,Ամենեստի ինեթերնեշընլ,, միջազգային կազմակերպության մրցանակին արժանացավ Իրան-Չեխիա համատեղ արտադրության Մահնազ Մոհամադիի ,, Որդի-Մայր,, դրաման։ Մահնազը թեեւ պրոֆեսիոնալ կինոռեժիսոր չէ, սակայն Իրանում հայտնի իրավապաշտպան է, ով պայքարում է մարդու իրավունքների համար։ Այս ֆիլմը Իրանում արգելված է։ Այդ մասին հայտնեցին եւ մրցանակը ստացան ֆիլմի իրանցի եւ չեխ պրոդյուսերները։

Հանդիսավոր արարողության ժամանակ պատվեցին նաեւ ,,Ես էլ կինոգործիչ եմ,, մրցույթի երիտասարդ հաղթողներին։

 

Նշենք, որ այս տարի համավարակի պատճառով մարտ ամսից փառատոնը տեղափոխվեց սեպտեմբեր, եւ այդ պատճառով փոփոխվեց նաեւ ծրագիրը։ Ինչպես նշեց կինոփառատոնի նախագահ Ֆերո Ֆենիչը, ըստ էության 1,5 փառատոն կազմակերպեցին։ Նա հույս հայտնեց, որ մյուս տարվա մարտ ամսին արդեն կլինեն առանց դիմակների եւ համավարակի։

 

Հիշեցնենք նաեւ, որ այս տարի կինոփառատոնի պատվավոր հյուրն էր  կանդահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, բայց ինչպես գրեթե բոլոր արտասահմանյան հյուրերը, նա էլ չկարողացավ գալ Պրահա եւ մասնակցությունը հետաձգվեց։ Կինոփառատոնում որեւէ հայկական ֆիլմ չցուցադրվեց, սակայն բուլղարական  ,,Հերթապահություն,, դրամայում փոքր դեր ուներ բուլղարահայ դերասան Հովհաննես Թորոսյանը։

 

Օրեր