Սեպտեմբերի 18-ին Պրահայի ,,Սլովանսկի դում,, համալիրի ,,Սինեմա սիթի,, կինոդահլիճում բացվեց ,,Ֆեբիոֆեստ,, միջազգային 27-րդ կինոփառատոնը։ Այն մարտ ամսից տեղափոխվել էր սեպտեմբեր՝ համավարակի պատճառով, կրճատվել են փառատոնային օրերն ու ցուցադրվելիք ֆիլմերի ցանկը։ Կինոփառատոնի բացումը ավանդույթի համաձայն կատարեց փառատոնի հիմնադիր նախագահ Ֆերո Ֆենիչը։ Նա նշեց, որ առաջին անգամ կինոփառատոնը բացում է ամբողջությամբ սեւ կոստյումով ու վերնաշապիկով, քանի որ այս ամիսների ընթացքում տխրություն էր իջել , բայց նաեւ համարում է, որ Ֆեբիոֆեստը այս սահմանափակված օրերին յուրահատուկ հակաբիոտիկ դեղամիջոց է։
Ինչպես արդեն նախապես հայտարարվել էր, այս տարի չեխական կինոյում ունեցած ավանդի համար ,,Քրիստիան,, մրցանակով պարգեւատրվեց հանրահայտ դերասանուհի Իվա Յանջուրովան, ով շնորհակալությամբ ստացավ մրցանակը Չեխիայի մշակույթի նախարար Զաորալեկի հիացական խոսքից հետո։
Մյուս ,,Քրիսիանին,, արժանացած սլովակ դերասան Միլան Լասիցան համավարակի պատճառով չէր կարողացել գալ, բայց նրա փոխարեն մրցանակը ստացավ Չեխիայում Սլովակիայի դեսպան Լայչակը։
Այնուհետեւ ներկաներին դիմեցին ժյուրիի անդամները, իսկ գեղարվեստական ղեկավարներից Նիկոլայ Նիկիտինը ներկայացրեց կինոփառատոնի նոր՝ կատակերգական ժանրի ֆիլմերի մրցութային ծրագիրը։ Նա նաեւ նշեց, որ շատ հայտնի կինոգործիչներ չեն կարողացել ժամանել, բայց ուղարկել են ողջույնի խոսքեր, այդ թվում՝ կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը։ Վերջինիս մասնակցությունը հետաձգվել է մինչեւ 2021 թվականի մարտ։ Ամենահամարձակը դանիացի կինոռեժիսոր ՈՒլրիխ Թոմսենն է, ով Քովիդնց չի վախեցել եւ եկել է Պրահա՝ մասնակցելու փառատոնին։ Նրա ,,Գուտերբի,, նոր ֆիլմը ցուցադրվում է փառատոնի շրջանակներում։
Կինոփառատոնի բացումը կատարվեց հայտնի երգիչ Կարել Գոտին նվիրված ,,Կարել,, ֆիլմով։ Ֆիլմը ներկայացրեց ռեժիսոր Օլգա Մալիրովան։
Հակոբ Ասատրյան
Պրահա
Լուսանկարները՝ ՕՐԵՐի եւ Ֆեբիոֆեստի