ՅՈՒՆԻՍԵՖ-ի մամուլի խոսնակը՝ Լիբանանում իրականացվող աջակցության ծրագրերի մասին
ԺՆԵՎ, ԲԵՅՐՈՒԹ, 26-ը օգոստոսի, 2020թ. - Ժնևում տեղի ունեցած ճեպազրույցում ՅՈՒՆԻՍԵՖ-ի մամուլի խոսնակ Մարիքսի Մերկադոն ներկայացրել է Բեյրութում իրականացվող աջակցության ծրագրերի ընթացքը:
Օգոստոսի 10-ից 17-ը ՅՈՒՆԻՍԵՖ-ը և գործընկերները կարիքների արագ գնահատում են իրականացրել: Հարցվածների կեսը նշել է, որ պայթյունից հետո իրենց բնակավայրերում երեխաների մոտ նկատվել են վարքագծային փոփոխություն, հոգետրավմայի ախտանշաններ կամ սթրես, որոնք կարող են արտահայտվել ծայրահեղ անհանգստությամբ կամ հանդարտությամբ, ծնողների և ընտանիքների հետ շփման բացակայությամբ, մղձավանջերով, քնի խանգարումներով, ագրեսիվ վարքագծով։ Հարցվածների մեկ երրորդը նշել է նաև մեծահասակների շրջանում ի հայտ եկած բացասական ախտանշանների մասին։
Սոցիալ-հոգեբանական աջակցությունը ծրագրային առաջնահերթություններից է։ Հստակ է, որ կարիքները չափազանց մեծ են: Պայթյունի հետևանքով առաջացած տրավման հաղթահարելու համար երեխաներն անհապաղ և շարունակական հոգեբանական աջակցության կարիք ունեն: ՅՈՒՆԻՍԵՖ-ի սոցիալ-հոգեբանական աջակցության ծրագիրը համալիր մոտեցում է նախատեսում երեխաների և ծնողների համար. աղետից տուժած վայրերում երեխայամետ կենտրոնների հիմնում, անհրաժեշտության դեպքում՝ մասնագիտացված, ինտենսիվ և երկարաժամկետ հոգեբանական աջակցություն:
Պայթյունի պատճառած վնասներն՝ ըստ վերջին տվյալների.
- Տուժած տարածքներում շենքերի գրեթե 5 տոկոսն անջատվել է հիմնական ջրամատակարարման ցանցից։ Ջրի մատակարարման աղբյուրների, շենքերի, ինչպես նաև ջրամատակարարման ներքին ցանցերի վնասման պատճառով բնակավայրերում չկա մաքուր ջուր:
- Աղբահանման ծառայությունները սահմանափակ են կամ աշխատում են ուշացումներով՝ մեծացնելով ջրի պակասով պայմանավորված, հիվանդությունների տարածման հավանականությունը։
- 6 խոշոր հիվանդանոցների և 20 կլինիկաների շենքային վնասները 500 մահճակալով նվազեցրել են հանրային առողջապահական ծառայության կարողությունները։
- Կրթության և բարձրագույն կրթության նախարարության տվյալով, տարբեր ծանրության վնասներ են կրել 50 000 աշակերտի սպասարկող՝ 159 հանրային և մասնավոր, և 20 տեխնիկական և միջին մասնագիտական դպրոցներ:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործընկերների աջակցությամբ մինչ այօր իրականացրել է.
- Առաջնային սոցիալ-հոգեբանական աջակցության շրջանակներում՝ առողջապահական խորհրդատվություն և ուղղորդում է տրամադրվել հարյուրավոր երեխաների և նրանց խնամակալների։
- Տուժած բնակավայրերում վերականգնվել է ավելի քան 60 շենքերի ջրամատակարարումը, տեղադրվել են 109 ջրի բաքեր։
- Դեղամիջոցների և պատվաստանյութերի 98 տոկոսը դեղորայքի կենտրոնական պահեստից տեղափոխվել և տրամադրվել է առաջնային բուժօգնության օղակներին, դիսպանսերներին, ՄԱԿ ՓԳՀ պատվաստումների և պատվաստումներ իրականացնող այլ կենտրոններին։
- Կենտրոնական հիվանդանոցային համալիրում վերանորոգել է պատվաստումների երկու մասնագիտացված սենյակ, երկու սառնարան, տեղադրվել է արևային գեներատոր։
- Ներկրվել է մարդասիրական օգնության երեք խմբաքանակ, այդ թվում՝ 3.5 միլիոն արժողությամբ անհատական պաշտպանիչ պարագաներ։
- Աջակցություն ավելի քան 1 100 երիտասարդների՝ իրենց բնակավայրերում մաքրման, թեթև վերանորոգման աշխատանքների իրականացման գործում, սննդամթերքի և դիմակների տրամադրոմ:
Առաջիկա երեք ամիսներին երեխաների և նրանց ընտանիքների անհապաղ կարիքները բավարարելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ին անհրաժեշտ է 46,7 մլն ԱՄՆ դոլար:
Պետք է վերականգնել առաջնային ծառայությունները, զինել դեռահասներին և երիտասարդներին անհրաժեշտ հմտություններով՝ իրենց երկիրը վերակառուցելու համար։
Միացե՛ք մեզ, օժանդակեք Լիբանանում տուժած երեխաներին և ընտանիքներին, հանգանակեք ՝ https://help.unicef.org/beirut-explosions: