Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Այսօր տաղանդաշատ դերասանուհի, արձակագիր եւ թարգմանչուհի Անահիտ Թոփչյանի ծննդյան օրն է։  Նախորդ տարիներին ներկայացրել ենք  մեծանուն դերասանուհու եւ գրողի անցած ճանապարհը, այսօր հրապարկում ենք նրա կարճ պատմվածքներից մի փունջ, որ կոչվում է՝ Կարճ պատմություններ երկար վեպերի համար։  

Իսկ նրանք ովքեր չեն կարդացել մեր նախորդ հրապարկումը, կարող են ծանոթանալ հետեւյալ հղումով՝  http://orer.eu/hy/allcategories-hy-am/72-hy-am/6915-anahit-topchyan-2019.html

 

 

 

Անահիտ ԹՈՓՉՅԱՆ

 

 ԿԱՐՃ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԿԱՐ ՎԵՊԵՐԻ ՀԱՄԱՐ

 

 

Թատերական հրաշքներ

 

Լուսարձակողը սիրահարվեց զանգվածային տեսարանից մի աղջկա:

Եվ ամենաուժեղ լույսը նրա վրա էր գցում:

Երբ դերասանները ներկայացման վերջում դուրս էին գալիս գլուխ տալու, հանդիսատեսն ամենից շատ նրան էր ծափահարում, կարծելով, թե ներկայացման  հերոսուհին նա է:

Ներկայացմանը զբաղված դերասանները զարմանում էին . ՙԻ՞նչ է կատարվում՚:

Որոշ ժամանակ անց թատրոնի տնօրենը գլխի ընկավ, և լուսարձակողին խիստ նկատողություն արեցին, գրանցելով անձնական գործի մեջ և զրկելով վեց ամսվա աշխատավարձից:

Սակայն այդ ամենից հետո էլ նա շարունակեց լուսավորել իր սիրած աղջկան:

Գեղարվեստական խորհուրդ հավաքեցին: Գործը մանրազնին քննարկեցին, ամոթանք տվեցին տղային և աղջկան իրենց անպարկեշտ և անվայել վարքի համար, որն անթույլատրելի է թատրոնում: Ամենայն լրջությամբ, փրփուրը բերանին, ապացուցում էին նրանց բարոյական անկման աստիճանը: Կարմրում, կապտում և կանաչում էին... Երիտասարդները, գունատված, կախել էին գլուխները:

Բայց դա էլ չօգնեց՝ երեկոյան ամեն ինչ կրկնվեց: Լուսարձակողի զգացմունքներն իր գիտակցությունից ավելի զորավոր էին: Ոչինչ չէր կարող նրան զսպել: Աղջիկը շողշողում էր իր Սիրո Լույսի ճառագայթների ներքո: Ըստ էության, ճառագայթն ինքն էր գտնում աղջկան:

Տնօրենն ու գեղխորհրդի անդամները ծայր աստիճան հուսահատված էին…

 

Որոշ ժամանակ անց նրանք ամուսնացան:

Եվ լուսարձակողն այլևս աղջկա վրա լույս չէր գցում:

Ամեն ինչ իր տեղն ընկավ:

Թատրոնի օրինավոր առօրյա կյանքն իր հունի մեջ մտավ:

 

Եվ բոլորը հանգստացան:

 

Լուվր

 

 

Փարիզում հաշմանդամների ցույցեր էին տեղի ունենում:

Այդ ամենը օրեր շարունակ, ավելի ճիշտ, օր ու գիշեր, ըմբոշխնում էր ֆրանսիական հեռուստատեսությունը: Տեսարանը, մեղմ ասած, սահմռկեցուցիչ էր: Մարմնական և մտային արատներ ունեցող մարդկանց մի հոծ զանգված...

Թե ինչ էին նրանք պահանջում, այնքան էլ հասկանալի չէր: Հավանաբար, սոցիալ-տնտեսական հավասարություն, իրենց իրավունքների պաշտպանություն, որպես լիարժեք քաղաքացիների, չնայած՝ բոլորն էլ հաշմանդամների սայլակներով էին և քանի որ մշտական օգնության կարիքն ունեին, յուրաքանչյուրի կողքին սայլակն առաջ հրող մի օգնական կար...

 

Օրերս Լուվր այցելեցի և, երբ հին հունական քանդակի սրահ մտա՝ ապշեցի. ինձ հանկած թվաց, թե հաշմանդամների արվեստ է դա: Եվ շուրջբոլորը հաշմանդամների արձաններ են...

 

Եվ թող ներեն ինձ՝ Նիկեն, Վեներան և Ապոլոնը...

 Փարիզ 1992

 

 

Տեսողություն

 

 

Լավ է, որ տարիքի հետ տեսողությունը վատանում է:

Բնությունն, այնուամենայնիվ, բանական է: Հակառակ դեպքում, կինն ամեն անգամ հայելու մեջ նայելիս սոսկումի մեջ կընկներ այն փոփոխություններից, որ կատարել են իր հետ տարիները:

Թուլացնելով տեսողությունը՝ բնությունը խնայում է մարդուն:

 

Տարիքի հետ տեսողությունը վատանում է: Փոխարենը, մի ուրիշ տեսողություն է զորանում. ներքին տեսողությունը, սկսում ես ավելի խորը տեսնել:

Հեռու ավելի լավ է չնայել՝ այնտեղ մեզ ոչ մի լավ բան չի սպասում: Խորքը նայելը՝ յուրատեսակ փախուստ է իրականությունից:

Դա ինքնախաբեություն է, սակայն և փրկություն: Բնությունը խելոք է և բանական:

 

 

Լավ է լինել...

 

 Լավ է լինել հավ:

Մարդիկ կերակրում են քեզ, բնությունն է կերակրում... Իհարկե, ոչ անշահախնդիր: Նրանք սպասում են քեզնից, և դու նրանց ձու ես տալիս: Օրը մեկ հատ: Երբ դադարում ես տալ, նրանք քեզ մորթում-ուտում են: Եվ վերջ: Այնպես որ, այնքան էլ, այնուամենայնիվ, լավ բան չէ հավ լինելը, բայց պարզ է և հասկանալի:

 Կատուներին և շներին կերակրում են և փոխարենը ոչինչ չեն պահանջում, ոչ մի ձու, միայն սեր և հավատարմություն: Չէ, ավելի լավ է շուն կամ կատու լինել:

 Երեխային կերակրում են և պտուղներ են նրանից սպասում, և սեր, և հավատարմություն:

Դժվար է երեխա լինել:

Երեխան  մեծանում, հասուն մարդ է դառնում:

 Մարդուն ոչ ոք չի կերակրում: Մարդն ինքն է իրեն կերակրում: Եվ ոչ ոք նրանից ոչ մի ձու չի սպասում՝ ոչ ոսկե, ոչ հասարակ, ոչ էլ մի ուրիշ տեսակ:

Մարդն ինքն իրենից է սպասում, ինքն է իրենից պահանջում: Նա իր համար պարտավորություններ է հորինել, որպեսզի իմաստավորի իր կյանքը: Մարդը փորձում է գոնե մեկ հատ ՙձու՚ ածել իր կյանքում,  որպեսզի արդարացնի իր գոյությունը:

 Մարդն ինքն է իրեն կերակրում: Մարդն ինքն է իրենից պահանջում: Մարդն ինքն է իրեն ստեղծում: Մարդն ինքն է...

Ինչի՞ համար: Անհասկանալի է: Կատարյալ մազոխիզմ:

Զարմանալի է մարդ լինելը:

Իսկ ավելի լավ է ազատ թռչուն լինել, և մարդկանցից հեռու...

1994

 

Հրաշք կոշիկներ

 

Այսօր ես մեռելային տրամադրություն ունեմ:

Որոշել եմ վաճառել իմ չքնաղ հրաշք կոշիկները:

Բանն այն է, որ նրանցով չէր կարելի քայլել, նրանցով պետք էր սահել, թեթևակի հողին դիպչել, գրեթե թռչել՝ չքայլել: Ինչ որ հատուկ Հողի վրայով, իսկ ավելի ճիշտ, ավելի շուտ, Բեմի վրայով: Քանզի այդ հատուկ Հողը՝ Բեմն է: Կախարդական Հողը: Որով չի կարելի սովորականի պես քայլել: Դա մի ուրիշ արարողություն է, դժվար է բացատրել: Ով գիտի բեմի արժեքը, ինձ կհասկանա: Ով չգիտի՝ չի հասկանա: Այ, նրանք քայլում են բեմով, տրորում են բեմը: Նրանք վտանգավոր են, նրանք ամեն ինչն են տրորում: Եվ բեմը նրանց տեղը չէ: Նրանք անելիք չունեն բեմում:

Գուցե ես այդ կոշիկները կյանքի համար չէի գնել, այլ բեմի: Չէ որ առաջ ես կյանքի համար ոչինչ չէի գնում, ամեն ինչը բեմի համար էր: Այս կամ այն կնոջ համար, որին պիտի մարմնավորեի: Իսկ հետո արդեն, խաղալուց հետո, երբ տարիներ անց մոռացվում էր, հագնում էի կյանքում, կամ՝ բոլորովին չէի հագնում, եթե այն մեր կյանքի հետ կապ չէր ունենում: Ուստի, իմ և իմ գնումների գլխավոր կյանքը՝ բեմական կյանքն էր:

Այնպես որ, հաստատ բեմի համար էի առել այդ կոշիկները: Գուցե մի օր հարկ կլինի քայլել... հայտնի չէ, թե կյանքն ինչպես կդասավորվի: Ուրեմն, պետք է պատրաստ լինել: Ե°վ լինելուն, և° չլինելուն... Որքա¯ն դժվար է հրաժարվել հույսից: Իսկ ինչո՞ւ հրաժարվել այդ հույսից, գրողը տանի:

Բոլորը հեգնում են, քմծիծաղում. Ո՞ւր պիտի գնաս այդ կոշիկով...

Նրանք չեն հասկանում: Եվ դա սպանում է ինձ: Ուզում են զրկել ինձ երազից, իմ հույսից: Դարձյալ բեմում լինելու իմ հույսից: Իհարկե, եթե շատ սպասեմ, նրանք մոդայից դուրս կգան: Եվ հայտնի չէ, թե որքան պիտի սպասեմ: Անհասկանալի ժամանակներում ենք ապրում:

Երևի այնուհանդերձ ստիպված պիտի ծախեմ երազանքս: Որպեսզի ինձ հանգիստ թողնեն: Երազանք ունեցողները դուր չեն գալիս մարդկանց... Իսկ բեմում կարելի է և բոբիկ քայլել: Մանավանդ, որ դա համապատասխանում է քո ներկա վիճակին. երբ քեզ ամեն ինչից են զրկել. և° բեմից, և° հայրենիքից: Բայց ամենասոսկալին, որ ուզում են նաև հույսից զրկել: Իսկ առանց հույսի ապրելն անկարելի է:

Չէ, հավանաբար, չեմ վաճառի իմ հրաշք կոշիկները:

 

Արտացոլում

 

Առավոտյան Պետրոսն արթնացավ, նայեց հայելու մեջ և ինքն իրեն չտեսավ: Նա աչքերը կկոցեց, ավելի մոտիկից նայեց, և դարձյալ չտեսավ: Ի՞նչ է կատարվում: Մատը քսեց փոշոտ մակերեսին և հաստ գիծ թողեց հայելու վրա: Մի լաթ վերցրեց, հայելին սրբեց և նորից նայեց: Բայց սեփական արտացոլումը դարձյալ չհայտնվեց: Այս անգամ արդեն վախեցավ: Հասկացավ, որ հայելին այստեղ կապ չունի: Ամբողջ գաղտնիքն իր մեջ է. իր գիտակցությունն է մշուշված, պղտորված, մթագնած, աղտոտված...

Տարօրինակ է սակայն. շուրջը գտնվող բոլոր առարկաներն արտացոլվում էին հայելու մեջ: Միայն ինքը չկար: Պետրոսը նույնիսկ ձեռք տվեց էտաժերին, այնուհետև ինքն իրեն, այնքան արտասովոր էր այդ երևույթը: Ամեն բան կարծես տեղն էր. և° ոտքերը, և° ձեռքերը, և° գլուխը... Նույնիսկ զգուշորեն դիպավ առնանդամին: Դա էլ տեղում էր: Սակայն, չգիտես ինչու, հայելու մեջ չէր արտացոլվում:

ՙԵս երևի խելագարվում եմ: Խմելուց է... Շտապ պետք է մի բաժակ գցել, խելքի գալ...՚, - որոշեց Պետրոսը, նյարդայնորեն դողալով:

Մի լիքը բաժակ լցրեց և մի շնչով դատարկեց: Լցրեց երկրորդը և դարձյալ նետվեց հայելու մոտ: Ձեռքի բաժակը տեսավ միանգամից... այն սավառնում էր օդում, տեղաշարժվելով հայելու մեջ` ինքն իրեն... տեղափոխող ձեռքը սակայն չկար: Աչքերը սոսկումից փակեց...

Եվ այսպես, Պետրոսն անհետացել էր:

ՙԱստված ինձ պատժել է: Զրկել է արտացոլումից..., - ցնցված վեր թռավ Պետրոսը: - Հետևաբար և գիտակցումից, ինքս ինձ ճանաչելու կարողությունից... Մարդ ճանաչում է իրեն իր արտացոլման միջոցով... Ես այլևս արտացոլում չունեմ: Նշանակում է, ես նույնպես գոյություն չունեմ: Ես վերջացած մարդ եմ...՚:

ՙՍակայն, սպասի°ր, այդպես շուտ մի հուսահատվիր... Դա այդքան էլ հեշտ չէ... Երբ մարդն ստեղծագործում է, ինչ-որ բան է ստեղծում, նա ինքն իրեն արտացոլում է, և այդպիսով ճանաչում է իրեն... իր ստեղծածի միջոցով...  Այնպես որ, ոչ ոք չի կարող ինձ զրկել իմ արտացոլումից: Թքա¯ծ եմ ունեցել բոլոր հայելիների վրա: Վերջի վերջո, ես գրող եմ... Ես կգրե¯մ... և իմ այդ արտացոլումն ինձ բավական է: Աստված չի կարող ինձ միանգամից ամեն ինչից զրկել... այսինքն, իմ բոլոր արտացոլումներից... Գուցե դա կատարվի ժամանակի ընթացքում, աստիճանաբար, բայց ոչ միանգամից... Դա պարզ է, դա գիտակցում են ողջ աշխարհի մտավորականները... Ի դեպ, աշխարհի մասին... Տերն ստեղծեց այս աշխարհը քաոսից... Նա էլ ինքնաճանաչման կարիք ուներ: Աշխարհը Նրա արտացոլումն է: Աստծո արտացոլումը: Աստվածն ուտոպիստ էր... Ուզում էր կատարյալ մարդ ստեղծել, սակայն հրեշ ստեղծեց... ինձ նման մի գարշելի արարած... Նա իրավացի է. մարդն արտացոլման արժանի չէ: Ես չկամ, գոյություն չունեմ, փուչիկ եմ, սապնե պղպջակ, միայն կաղապար... ռեխ ու հետույք... նույն բանն են դարձել... Հատկապես անդադար խմելուց հետո... Ի±նչ արտացոլում կարող է լինել... Չէ որ արտացոլվում է ներքին աշխարհը... իսկ այն գոյություն չունի... չունի¯... Լրիվ անասնացել եմ... Ամեն ինչ մոխրացրել, ոչնչացրել, այրել... և այժմ գոյություն չունեմ... անհետացել եմ... Ամեն ինչ ճիշտ է... Անհետացել եմ... նախ՝ կյանքում, հետո՝ հայելում... Կամ հակառակը. նախ հայելու մեջ, այնուհետև... Չէ, ինչ-որ էն չեմ ասում... Պետք է մի քիչ էլ թարմանալ…՚:

Եվ նորից բաժակը լցրեց: Շշի մեջ գրեթե բան չէր մնացել: Նստեց գրելու: Սակայն մուսան չքվել էր... Ինչ-որ բան էր կատարվում նրա երևակայության հետ...

ՙԴա ժամանակավոր է...՚, - հանգստացրեց ինքն իրեն Պողոսը, թե՞ Պետրոսը... արդեն ինքն էլ չէր հիշում... խառնում էր... Եվ նորից լցրեց... վերջին կաթիլները...

 

 Աղջիկը պլակատից

 

 Մի սիրունատես աղջիկ քայլում էր Շանզ Էլիզեով և հանկարծ կտրուկ կանգ առավ: Նրա հայացքը գամվեց սիրահարված աչքերով մի գեղեցիկ և առնական երիտասարդի: Տղան ինչ-որ մեկի հետ էր խոսում: Թե ո՞ւմ՝ չէր երևում: Խոսում էր աշխույժ, անկաշկանդ և նույնիսկ մտերմիկ. մերթ կամացուկ ծիծաղելով կատակում էր, մերթ լրջանում և դառնում մտահոգ, մերթ անցնելով շշուկի՝ նվաղկոտ և խորհրդավոր ժպտում, ասես սեր խոստովաներ, մերթ լարված ուշադրությամբ լսում էր, այնուհետև համաձայնում և պատասխանում... Թե ինչի մասին էին խոսումª չէր լսվում, կարելի էր միայն ենթադրել... Անշուշտ, սիրո մասին էր: Ինչպիսի¯ սիրահարված  հայացք ուներ: Եվ որքա¯ն հազվագյուտ է դա այսօր:

Անցորդները, սակայն, ոչ մի ուշադրություն չէին դարձնում նրան, ամեն ինչ բնական էր. ամբոխի հոսքի մեջ մեկը մյուսին չէր նայում:

Ոչ ոք չէր նկատում, որ նա... պլակատի աղջկա հետ է խոսում:

Ոչ ոք դա չէր նկատել, բացի մեկից. կենդանի աղջկանից, որը քիչ հեռու քարացած կանգնել նրան էր նայում: Բայց տղան էլ աղջկան չէր նկատում: Նա կլանված էր իր սիրով, շարունակում էր զրույցը պլակատի իր սիրած աղջկա հետ: Իսկ երբ նկատեց, որ իրեն նայում են, կտրուկ շրջվեց և կրպակի մյուս կողմն անցավ: Այնտեղ նա մեկ ուրիշ աղջկա բարևեց՝ մեկ ուրիշ պլակատից, մի քիչ շաղակրատեց հետը և դարձյալ վերադարձավ իր սիրեցյալի մոտ:

Իսկ կենդանի աղջիկն այդպես էլ մնաց չնկատված, չարժանացավ տղայի ուշադրությանը:

 

Տիկին Ժոզեֆինայի սիրած կատուները

 

Տիկին Ժոզեֆինան շատ միայնակ էր: Այդ պատճառով էլ բազմաթիվ կատուներ էր պահում: Սիրում էր նրանց: Երեխայի պես փայփայում, լողացնում, կերակրում... Հեշտ չէր այդ անելը, չէ որ 13 հատ էին: Բայց նա չէր վախենում դժվարություններից, քանզի փոխարենը սեր և նվիրվածություն էր ստանում: Կատուները Ժոզեֆինայի հետ միևնույն անկողնում էին քնում, միևնույն ամանից ուտում, մի խոսքով, պաշտում էր նրանց մինչև ուղնուծուծը:

Մի օր տիկին Ժոզեֆինան չարթնացավ, հեռուստացույցի առջև իր բազկաթոռի մեջ նստած...

Նրա դիակը, այսինքն հեռուստացույցի առջև նստած կմախքը, հայտնաբերեցին միայն հինգ տարի անց: ՙԿույր՚ հեռուստացույցը շարունակում էր հաղորդել վերջին լուրերը, ասես ոչինչ չէր պատահել...

Հարևաններն այդքան տարիների ընթացքում ոչինչ չէին կասկածել... քանզի դիակի հոտ չկար. տիկին Ժոզեֆինայի սիրած կատուները պարզապես կերել էին նրան...

Իսկ նրա բացակայությունը ոչ ոք չէր նկատել, որովհետև... Որովհետև այդպես է... Ամեն մարդ իրենով է զբաղված:

 

 Վերևն Աստված կա...

 

Ավտոբուսի կանգառում, իր բազմաթիվ և բազմատեսակ պայուսակներով շրջապատված, մի կլոշար  էր նստած: Խեղճը, խուճապահար և հուսահատ դեսուդեն էր նայում՝ իր կորցրած դրամը գտնելու համար: Մետաղադրամը պսպղում էր արևի տակ, իրենից շատ մոտիկ, սակայն թշվառը չգիտես ինչու չէր նկատում:

Ես, ավտոբուսից, տեսա այդ փայլող դրամը և մղվեցի, որ ցույց տամ խեղճին, սակայն, ավա¯ղ, ուշ էր, ավտոբուսը շարժվեց:

Իմ բնազդային շարժումն աննկատ չանցավ: Ուղևորները տարակուսած ինձ էին նայում:

ՙՎերջիվերջո կգտնի... սարսափելի ոչինչ չկա...՚, - ինքս ինձ ժպտացի և, իմ բնական անդրադարձից հաճելիորեն զարմացած, փաստեցի, որ դեռևս չեմ կորցրել մարդկայնությունս, համերաշխության զգացումը տառապյալ մերձավորի հանդեպ... ի տարբերություն ավտոբուսի մյուս ուղևորների:

Երբ մի քանի րոպե անց ավտոբուսից իջա, ուղիղ դիմացս, ասֆալտի վրա, պսպղում էր ճիշտ  կլոշարի մետաղադրամի պես մի տասֆրանկանոց: Կարծես ինձ էր սպասում: Ես վերցրի դրամը: Դա արդարացիորեն պատկանում էր ինձ: Վաղուց ոչինչ չէի գտել Փարիզի փողոցներում:

Ինչպես տեսնում եք, այս աշխարհում ոչինչ աննկատ չի անցնում, ամեն ինչ հատուցվում է: Ոչ միայն բարի գործերը, այլև մտքերը, և նույնիսկ մղումները:

Աստված կա°:

 

Մահվան սպասավորներն անմահ են...

 

 Թոշակառուների սալոնում էի: Ընդհանրապես, ես շատ հետաքրքրասեր եմ՝ ուզում եմ ամեն ինչ իմանալ: Հեռվից մի գեղեցիկ ցուցափեղկ տեսա և մոտեցա. տապանաքարերի լուսանկարներ էին՝ գեղեցիկ շրջանակված... Դեռևս չէի գիտակցում, թե... Մի ժպտերես կին եկավ ընդառաջ.

- Դա ձեզ հետաքրքրո՞ւմ է..., - սիրալիր հարցրեց նա:

- Այո, շատ, - ավելի սիրալիր պատասխանեցի ես:

- Հիանալի է: Ուրեմն, ուզում եք պատվիրե±լ...

- Ի՞նչ...

- Ձեր թաղումը:

- Ինչպե՞ս թե... պատվիրել... Բայց ես չեմ պատրաստվում մեռնել:

- Դա ոչ մի կարևորություն չունի: Պատրաստվում եք, թե ոչ... մի օր միևնույն է պետք է մեռնեք՝ կյանքի օրենքն է:

- Ես գուցե դեռ երկար ապրեմ, ինչո՞ւ եք ուզում, որ մահվան մասին մտածեմ:

- Ինձ համար միևնույն է: Ձեզ համար եմ ասում, հիմա գները շատ հարմար են. ես կարող եմ ձեզ հիսուն տոկոս զեղչ անել:

- Շնորհակալ եմ, կմտածեմ...

- Վաղն այդ հնարավորությունը չեք ունենա, պարոն, շուտ որոշեք, այսօր վերջին օրն է:

- Հասկանում եք, մի տեսակ դժվար է համակերպվել սեփական մահվան հետ...

- Իսկ դուք մի համակերպվեք՝ պարզապես պատվիրեք: Այնուհետև, որքան կուզեք ապրեք, ոչ ոք ձեզ չի շտապեցնում... Եվ հետո, պետք չէ այդքան եսասեր լինել, պարոն, մտածեք նաև ձեր զավակների մասին, թեթևացրեք նրանց բեռը, ազատեք այդ կենցաղային հոգսերից, որպեսզի ձեզ նման հորը կորցնելու պահին կարողանան լրիվ տրվել իրենց վշտին: Հուսով եմ, նրանք երախտապարտ կլինեն՝ ձեր զավակները:

- Բայց ես զավակներ չունեմ, տիկին...

- Առավելևս պետք է ամեն ինչ նախապատրաստել հիմա՝ կենդանության օրոք... պատշաճորեն կազմակերպել սեփական թաղումը... Ժամանակակից մարդն այս դարում պետք չէ, որ այդչափ զգայուն լինի, պետք է սառնասրտորեն դատել...

- Բայց, սիրելի տիկին, ձեզ արդեն ասացի. ես պատրաստվում եմ երկար ապրել, շատ երկար... և վստահ չեմ, թե իմ մեռնելու պահին ձեր հիմնարկը գոյություն կունենա... Ինչո՞ւ, ուրեմն, իզուր դրամս քամուն տամ...

- Հանգիստ եղեք պարոն, մեր հիմնարկը գոյություն կունենա... Մահվան սպասավորներն անմահ են... և միշտ պատրաստ են ձեզ ծառայելու... - դամբանական մի դառնանուշ ժպիտ պարգևելով, քաղցրաձայն մրմնջաց Տիկին Մահը:

 

Եվ ես հմայված ստորագրեցի...

 

 Հյուրասեր տիկին Վարդուհուն սխալ հասկացան...

 

Տիկին Վարդուհին եկել էր Լոս Անջելես՝ աղջկա մոտ հյուր: Աղջիկն արդեն վաղուց էր ապրում այստեղ և հարմարվել էր նոր կյանքին: Նա գիշեր-ցերեկ աշխատում էր, որ մի կերպ գլուխը պահի, և տանը գրեթե չէր լինում: Այնպես որ տիկին Վարդուհին աղջկա երեսը գրեթե չէր տեսնում: Ծանոթ հայ հարևան էլ չուներ, որ հետը շփվեր... Անգլերեն էլ չգիտեր, որ օտարների հետ զրուցեր...

Բայց թե ինչպե՞ս դիմանար մենակությանը. Ինչպե՞ս սուրճը մենակ խմեր... Սիրտը սկսեց նեղվել: Եվ մի օր էլ սուրճը եփեց ու... դիմացի հարևանուհու դուռը զանգեց: ՙՓլիզ՚ ասելով և ոտ ու ձեռքով հասկացնելով զարմացած տարիքոտ ամերիկուհուն մի կերպ ներս բերեց: Սուրճը՝ փախլավայով համոզեց խմել, նարնջի հյութն էլ վայելեցին... Զարմացած ամերիկուհին ՙթենքյու՚ ասելով հեռացավ: Տիկին Վարդուհին գոհ էր իր արարքից:

Հաջորդ օրը, նույն ժամին Տիկին Վարդուհին նորից դրեց սուրճը և նորից հարևանուհու դուռը զանգեց... Հարևանուհին, դարձյալ զարմացած, ընդունեց հրավերը... Մի քիչ վախեցած ըմպում էր սուրճը և շուրջն ուշադիր նայում: Հետո շտապեց հեռանալ, ինչ-որ անհասկանալի շարժումներ անելով... Թե ի՞նչ էր ուզում հասկացնել, տիկին Վարդուհին այդպես էլ գլխի չընկավ:

Երրորդ օրն ամեն ինչ կրկնվեց. Տիկին Վարդուհին դրեց սուրճը և հարևանուհու զանգը սեղմեց: Հարևանուհին երկար ժամանակ չէր բացում: Սակայն զգացվում էր, որ տանը մարդ կա... Տիկին Վարդուհին ժպիտը դեմքին համբերատար սպասում էր: Հետո նորից դուռը զանգեց: Սակայն բացող չկար: Տիկին Վարդուհին անհանգստացած դարձավ իր բնակարան: ՙՏեսնես, ի՞նչ է պատահել, որ չբացեց... Հիվանդ հո չի՞...՚:

...Ուշ երեկոյան, երբ աղջիկն աշխատանքից վերադարձավ, մորը տանը չգտավ: Նախ զարմացավ, հետո անհանգստացավ, չէ որ մայրը տնից գրեթե դուրս չէր գալիս. վախենում էր: Ի՞նչ կարող էր պատահած լինել, ո՞ւր է կորել: Որոշեց տագնապ բարձրացնելուց առաջ հարևանուհուն հարցնել. որևէ տեղեկություն չունի՞ արդյոք, որևէ բան չի՞ լսել կամ տեսել...

Հարևանուհին հայտնեց, որ իր մորը եկան տարան: Հոգեբուժարանից: ՙՉէ որ նա հիվանդ է. արդեն երեք օր է, գալիս է ինձ մոտ և ստիպում սուրճ խմել... Դուք ի՞նչ է, չգիտեի՞ք, որ նա հիվանդ է... Անուշադիր եք ձեր մոր հանդեպ: Լավ չէ: Դե ես էլ զանգեցի, որ ման տանեն... Որքա՞ն պիտի դիմանայի այդ բռնությանը՚:

Եվ դուռն աղջկա երեսին փակեց: