Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Չեխիայի ներքին գործերի նախարարությունը  փոխվարչապետ  Յան Համաչեկի (ČSSD) ղեկավարությամբ, այլեւս  Հայաստանից միջազգային ապաստան հայցողներին ` Չեխիայում մնալու դիմումները կմերժի։  Ինչպես հայտնում է չեխական novinky.cz  լրատվական կայքէջը, ըստ ներքին գործերի նախարարության, այս քայլի նպատակն է, որպեսզի Չեխիայի ապաստանի տրամադրման համակարգը չչարաշահեն՝ Եվրամիությունում բնակվելու իրավունքի օրինականացման  համար։

Ներքին գործերի նախարարությունը, հետևաբար, որոշել է 2020p. նոյեմբերի 1-ից Հայաստանը ներառել այն անվտանգ երկրների շարքում, որտեղ համակարգված ձեւով չեն խախտվում մարդու իրավունքները:

Այն որ, նույնիսկ ,,թավշյա հեղափոխությունից,, հետո աճել էր Հայաստանից Չեխիա ներագաղթողների եւ ապաստան պահանջողների թիվը,  վկայում էին նաեւ չեխաբնակ հայ թարգմանիչները։

«Հայաստանի քաղաքացիների կողմից միջազգային պաշտպանության համար դիմումների թվի աճի միտում կա», - novinky.cz  կայքէջին ասել են  ՉՀ ներքին գործերի նախարարությունում:

Նշենք, որ եթե 2016-ին ասպաստան ստանալու խնդրանքով  դիմել  էր 60 ՀՀ քաղաքացի, եւ նրանցից մերժում էր ստացել ընդամենը 7-ը, ապա միայն անցյալ տարի՝ 2019-ին դիմել  էր 372 ՀՀ քաղաքացի, որից  363-ը մերժում  էր ստացել  նախարարության պաշտոնյաների կողմից։

Այդպիսով ,  անցյալ տարի հայերը ամենաշատն են  դիմել  Չեխիայում  ապաստանի կարգավիճակ ստանալու համար։ Երկրորդ ամենամեծ խումբն ուկրաինացիներն էին (311 դիմորդ), որին հաջորդում էին վրացիները (224), վիետնամացիները (143), ղազախները (109) և ռուսները (90): Սիրիայից դիմել է  40 մարդ։

Իսկ 2018 թվականին հայտերի մեծ մասը ներկայացվել  է ուկրաինացիների (415) կողմից, իսկ հայերը դիմումները թվով  4-րդ տեղում (117) էին:

 Չնայած, ըստ  ներքին գործերի նախարարության , Հայաստանն ունի որոշ թերություններ ինչպես սահմանադրական, այնպես էլ մարդու իրավունքների ոլորտում, և երկրի դատական ​​համակարգի լիարժեք անկախությունը միշտ չէ, որ հարգվում է,  սակայն ներկայիս կառավարությունը, որը գործում է 2018 թվականից, իրականացրել  է  մի շարք բարեփոխումներ և բարելավել է իրավիճակը:  Ուստի, Հայաստանն այնպիսի  ապահով երկրների շարքում է, ինչպես օրինակ  Բուլղարիան և Ֆրանսիան:

Նշվում է նաեւ, որ անցյալ տարի 2.131 դիմումներից Չեխիայի իշխանությունները ապաստան են տվել 61 գործով, իսկ 86-ով `միայն հավելյալ  պաշտպանություն: Վերոնշյալ թվերից պարզ է դառնում, որ ապաստանի ընթացակարգերի զգալի մասն ավարտվում է ընթացակարգը դադարեցնելու որոշմամբ։

Այն պետությունները, որտեղ ընդհանուր առմամբ կիրառվում է օրենքը, գործում է ժողովրդավարական համակարգ, և առհասարակ նույնիսկ  պատերազմի դեպքում չկա հետապնդում, խոշտանգում կամ անմարդկային վերաբերմունք կամ կամայական բռնություն, համարվում են անվտանգ:

Այժմ Չեխիայում քննարկում են, որպեսզի Հայաստանի հետ մեկտեղ, անվտանգ երկրների շարքը դասեն նաեւ Մեծ Բրիտանիան, քանի որ այս երկիրն այլեւս Եվրամիության անդամ չէ Brexit- ի պատճառով, սակայն քանի որ Եվրամիության երկրները համարվում են անվտանգ, ապա Բրիտանիայի հետ նույնպես պետք է նման մի որոշում կայացվի՝ իբրեւ նախկին ԵՄ անդամ։ Կանոնն այն է, որ Եվրամիության պետությունները միմյանց համարում են անվտանգ:

Սակայն, Չեխիայի  Ներքին գործերի նախարարության  համաձայն, անվտանգ երկրների ցուցակից,  իհարկե,  կարող են  մարդիկ դիմել միջազգային պաշտպանության խնդրանքով, եթե կարողանան ապացուցել, որ այդ երկիրը չի կարող անվտանգ համարվել  հատկապես իրենց դեպքում:

Ներքին գործերի նախարարությունը հավանություն է տալիս նաեւ   Կառավարության ներկայացրած  «Ապաստանի մասին» օրենքի նախագծին  և «Օտարերկրացիների ժամանակավոր պաշտպանության մասին» ակտին:

Հ.Ասատրյան

ՕՐԵՐ