Դեսպան Հասանովը ջղային հայտարարություն հրապարակեց՝ Հայաստանի ռազմաարդյունաբերական համագործակցության վերաբերյալ ,,Ազատ Եվրոպա ռադիոյկայանին,, իմ կողմից տրված մեկնաբանության առնչությամբ: Այդ մեկնաբանությանն ավելացնելու ոչինչ չունեմ։ Ադրբեջանը՝ վերջին երկիրն է, որն իրավունք ունի ձայն բարձրացնելու որևէ խախտումների մասին, քանի որ նրա ամբողջ գործունեությունը այդ բնագավառում՝ համընդհանուր խախտում է, ինչի մասին կարելի է հեշտությամբ տեղեկանալ վստահելի աղբյուրներից։ Թվում է, որ այս դեպքում Հասանովը չափազանց ազդվեց Արբեջանի ԱԳՆ-ին և դեսպաններին ուղղված իր նախագահի կոշտ քննադատությունից, թե նրանք անգործության են մատնված և միայն վայելում են: Եվ ահա որոշեց ,,դրսևորել,, իրեն, ընդ որում, լայնորեն դուրս գալով իմ հարցազրույցի մեկնաբանության շրջանակներից և ընկնելով հակահայկական քարոզչության իր համար այդքան սովորական հորձանութի մեջ։
Ադրբեջանի պաշտոնյաները մշտապես ընտրովի են մոտենում տարբեր միջազգային կազմակերպությունների բանաձևերին՝ ներկայացնելով դրանք ոչ իրենց ամբողջությամբ, այլ քաղելով նրանց մասերը ենթատեքստից կամ պարզապես կեղծելով, միայն թե մատուցեն ճշտանման ,,ապացույցներ,,։ Նույնը՝ այս դեպքում։ ՄԱԿ ԱԽ բանաձևերը ընդունվել էին շուրջ 30 տարի առաջ, այն էլ՝ հակամարտության թեժ ընթացքում: Այդ պահի համար նրանք ունեին այժմեական բնույթ, ծառայելով զինադադարի հաստատման փորձերին, որից անմիջապես հետո Ադրբեջանը հերթական մի նոր հարձակում էր իրականացնում իր հայրենիքում ազատ ապրելու Արցախի ժողովրդի իրավունքի դեմ։ Մեղադրելով Հայաստանին, Ադրբեջանը թաքցնում է, որ այդ բանաձևերը նախ և առաջ ուղղված էին հենց իրեն, քանի որ բացարձակապես չէր կատարում դրանց ոչ մի դրույթ, հատկապես, ամենաէականը՝ կրակի դադարեցումը։ 1993թ․ հուլիսի 29-ի և ՄԱԿ ԱԽ այլ բանաձևերում Հայաստանին ուղղված է միայն մեկ կոչ՝ շարունակել գործադրել իր ազդեցությունը հակամատության կողմերից մեկը հանդիսացող Լեռնային Ղարաբաղի հայերի վրա։ Այսինքն, բանաձևը հստակորեն նշում է, որ հակամարտության կողմերն են Ադրբեջանը և Արցախը, որի նկատմամբ Ադրբեջանն իրագործեց ագրեսիա։
Կարելի էր նույնիսկ ողջունել Հասանովի այդ պնդումը, որ ,,Ադրբեջանը շարունակում է հակամարտության լուծումը տեսնել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ վարվող բանակցությունների միջոցով,, , եթե այն չհակասեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին նրա իսկ նախագահ Ալիևի կողմից ուղղված մեղադրանքներին և բանակցությունների չեղարկման սպառնալիքներին։
Բաց եմ թողնում Հասանովի մյուս անհեթեթ մեղադրանքները Հայաստանի հասցեին, ներառյալ նրա սիրված թեման՝ Խոջալուի ինչ-որ առասպելական ,,ցեղասպանության,, վերաբերյալ։ Հասանովը խորը ողբի մեջ է, քանի որ Ադրբեջանը, ունենալով Սերբիայի հետ ռազմավարական հարաբերությունների մասին հռչակագիր, հիասթափությամբ հետևում է Սերբիայից Հայաստան սպառազինությունների մատակարարումներին, քանի որ բարեկամները չեն վաճառում զենք իրենց բարեկամների թշնամիներին, պահանջելով դադարեցնել այդ գործարքը։ Հարց է առաջանում․ իսկ ի՞նչ անել Սերբիայի և այլ երկրների կողմից տարբեր տարիներին Ադրբեջանին ուղարկված բազմամիլիարդ դոլարների արժողությամբ զենքի հետ։ Գուցե՞ ադրբեջանցիները հավաքեն այն և հետ վերադարձնեն Սերբիա: Թե՞ Հասանովը և իր համակիրները համարում են, որ հայ երիտասարդներին սպանելը և քաղաքացիական բնակչության ռմբակոծելը արդարացվա՞ծ է։
Ես հարցականի տակ չեմ դնում Սերբիայի և Ադրբեջանի միջև բարեկամական հարաբերություններ և ռազմավարական գործընկերություն հաստատելու իրավունքը։ Սակայն, արդյո՞ք, այն բացառում է Հայաստանի հետ Սերբիայի բարեկամական կապերը, տնտեսական հարաբերությունների զարգացումը, համատեղ նախագծերի իրականացումը: Արդյո՞ք, այն ուղղված է Հայաստանի դեմ։ Արդյո՞ք, Ադրբեջանը պետք է թելադրի հայ-սերբական հարաբերությունների բովանդակությունը կամ շանտաժի ենթարկի Սերբիային, ասենք, Կոսովոյին չճանաչելու հարցում, ինչպես դա մշտապես անում են իրենց մեկնաբանությունների մեջ Հասանովը և որոշ ադրբեջանամետ վերլուծաբաններ և քաղաքական գործիչներ։ Հայաստանը ևս չի ճանաչել Կոսովոն։ Արդյո՞ք, Կոսովոյի հարցով միջազգային կազմակերպություններում քվեարկության ժամանակ Ադրբեջանի մեկ ձայնը Հայաստանի մեկ ձայնից ավելի արժեքավոր է, իսկ Ադրբեջանի՝ քվեարկությունից բացակայությունը ավելի օգտակար, քան Հայաստանի դրական քվեարկությունը։
Զավեշտալի են Հայաստանի պարտության մասին Հասանովի խոսքերը։ Նրան սովորեցրել են ցանկալին իրականի տեղ ներկայացնել, և նա չի կարող ընդունել, որ իր երկիրն ունի խորին խնդիրներ համատարած հայատյացության, հակամարտությունը ուժի կիրառմամբ լուծելու սպառնալիքների (նույնիսկ հայկական ատոմակայանը ռմբակոծելու), բազմաթիվ մարդկային և նյութական կորուստների գնով մեկ անձի բռնապետությունը ամրապնդելու և Թուրքիայի հետ համատեղ տարածաշրանի կայունությունը վտանգելու հետ։
Հասանովը իր ատելության քարոզի և մոլուցքի մեջ ինձ հիշեցնում է դաժան Հասան աղային՝ ,,Հասանագինիցա,, պոեմից (Բալկաններում թուրքական բռնապետության ժամանակաշրջանում ստեղծված ժողովրդական էպոսի հիասքանչ նմուշ, թարգմանված բազմաթիվ լեզուներով – թարգմ.), որն իր անհանդուրժողականությամբ և փառասիրությամբ, միայն ողբերգության հասցրեց իր հարազատներին, իր ժողովրդին և խաղաղությունը։
orer.eu