Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 Մոդուս Վիվենդի կենտրոնի նախագահ Արա Պապյանի ելույթը  Լիոնի գիտաժողվում ՝ 2018թ նոյեմբերին

 

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունը կանգնած է բախտորոշ ճամփաբաժանի առջև: Քանի որ Հայաստանի, ինչպես նաև հայ ժողովրդի հավաքական ներուժը քաղաքական, տնտեսական կամ ռազմական ոլորտներում զիջում է, և մշտապես զիջելու է Թուրքիայի ու Ադրբեջանի ընդհանուր ներուժին, անհրաժեշտ է պայքարի ու դիմակայության ողջ գործընթացը տեղափոխել այլ ոլորտ, ուր Հայաստանը ոչ միայն չի զիջում նրանց, այլև ունի շոշափելի առավելություն:

       Այսինքն, անհրաժեշտ է հայ-թուրքական հարաբերությունները տեղափոխել իրավական դաշտ և այդ հարաբերություններում առկա բոլոր խնդիրներին տալ իրավական լուծումներ և ձևակերպումներ: Անդրադառնամ երկու հիմնահարցի և նրանց քննությանն ըստ միջազգային իրավունքի.

  1. Հայ-թուրքական իրավապայմանագրային հարաբերություններին,
  2. Հայ-թուրքական իրավական (de jure) սահմանին:

 

Նախ, ի՞նչ է միջազգային պայմանագիրը:

Պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի (1969թ.) երկրորդ հոդվածը «պայմանագիր» հասկացությունը բնորոշում է հետևյալ կերպ. «Պայմանագիր» նշանակում է պետությունների միջև գրավոր կերպով կնքված և միջազգային իրավունքով կառավարվող միջազգային համաձայնություն: Այսինքն, պայմանագրի օրինականության համար անհրաժեշտ է, որ պայմանագիրը կնքող կողմերից յուրաքանչյուրը լինի միջազգային իրավունքի սուբյեկտ, այսինքն`լինի միջազգայնորեն ճանաչված պետության օրինական կառավարության լիազոր ներկայացուցիչ, և նրա գործունեությունն առնվազն չհակասի միջազգային իրավունքին:

     Այս տեսանկյունից էլ, ժամանակագրական կարգով, անդրադառնանք բոլոր այն հինգը պայմանգրերին, որոնք վերաբերում են հայ-թուրքական սահմանին, հստակեցնենք իրավապայմանագրային վիճակը և որոշենք այդ պայմանագրերից յուրաքանչյուրի կարգավիճակն ըստ միջազգային իրավունքի:

 

  1. Ժամանակագրական առումով առաջին պայմանագիրը Սևրի պայմանագիրն է՝ կնքված 1920թ. օգոստոսի 10-ին:

Սույն պայմանագրին ավելի հանգամանալից անդրադարձ կլինի վերջում։ Նշենք, որ Սևրի պայմանագիրն օրինական է, քանի որ կնքող բոլոր կողմերն իրենց երկրների օրինական և ճանաչված իշխանություններն էին: Պայմանագրի շուրջ, ըստ սահմանված կարգի, ընթացել են երկարատև բանակցություններ և Օսմանյան կայսրության անունից պայմանագիրը ստորագրել է լիազոր պատվիրակությունը: Սևրի պայմանագիրը չի արժանացել լիակատար վավերացման (հետևաբար մնում է ոչ կատարյալ (unperfected), սակայն այն նաև երբևէ չեղյալ չի հայտարարվել (հետևաբար մնում է օրինական փաստաթուղթ, որը սակայն ուժի մեջ չի մտել (legal document not in force):

 

  1. Ժամանակագրական առումով հաջորդ պայմանագիրն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է՝ կնքված 1920թ. դեկտեմբերի 3-ին:

Սա սովետահայ պատմագրության ամենասիրելի թեմաներից մեկն էր, քանի որ հնարավորություն էր տալիս մեղադրել Հայ հեղափոխական դաշնակցությանը դավաճանության մեջ, իսկ բոլշևիկներին ներկայացնել իբրև ազգի փրկիչներ: Մեր խնդիրը չէ պատմական քննարկումներ կատարել կամ տալ քաղաքական գնահատականներ: Մեր նպատակն է քննել Ալեքսանդրապոլի պայմանագիրը միջազգային իրավունքի տեսանկյունից:

Այս տեսանկյունից Ալեքսանդրապոլի պայմանագիրն անօրինական է ու անվավեր, նախ այն պատճառով, որ կնքող կողմերից և ոչ մեկը չի ունեցել դրա իրավասությունը: Պայմանագիրը հայկական կողմից կնքողներն արդեն իշխանություն չէին, իսկ Թուրքիայի կողմից կնքողները դեռևս իշխանություն չէին: Երկու կողմերն էլ գործել են ultra vires,[1] այսինքն՝ ակնհայտորեն գերազանցել են իրենց իրավասությունները:

 

  1. Ժամանակագրական առումով հաջորդ պայմանագիրը Մոսկվայի պայմանագիրն է՝ կնքված 1921թ. մարտի 16-ին:

Ինչպես գրված է Մոսկվայի պայմանագրի նախաբանում, այն կնքվել է «Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության կառավարության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության» միջև: Քանի որ ցանկացած պայմանագրի կարգավիճակ ածանցվում է այն ստորագրողների իրավական կարգավիճակից, ուստի առաջին հերթին անհրաժեշտ է հստակեցնել նրանցից յուրաքանչյուրի կարգավիճակը 1921թ. մարտի 16-ի դրությամբ:

 

ա) Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության (РСФСР) կարգավիճակը 1921թ.-ին.

Պայմանագիրը կնքելու պահին չկար «Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետություն» (РСФСР) ճանաչված պետություն, հետևաբար՝ միջազգային իրավունքի սուբյեկտ: Բնականաբար նրա կառավարությունը չուներ որևէ միջազգային պայմանագիր կնքելու իրավասություն: ՌՍՖՍՀ-ի, արդեն ՍՍՀՄ տարազով, միջազգային օրինական ճանաչումը սկսել է միայն 1924թ. փետրվարի 1-ից՝ Մեծ Բրիտանիայի կողմից ճանաչումով:[2]

 

բ) Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կարգավիճակը 1921թ.-ին.

Ըստ էության, սովետական իշխանության և կառավարության վերաբերյալ վերը ասվածն ամբողջովին վերաբերում է, այսպես կոչված, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությանը, որի անունից թուրքական կողմը ստորագրել է Մոսկվայի պայմանագիրը: Հիշարժան է, որ անգամ քեմալականներն իրենք որևէ հավակնություն չունեին օրինական իշխանությունների առկայության դեպքում իրենց համարելու Թուրքիայի լիազոր ներկայացուցիչներ: Նրանք պայմանագրերը կնքում էին ոչ թե Թուրքիայի կամ Թուրքիայի կառավարության անունից, այլ «Թուրքիայի Ազգային մեծ ժողով» կոչվող կառույցի նախագահության անունից: Աներկբայորեն, առնվազն մինչև 1922թ.-ի նոյեմբերը, այսինքն՝ սուլթան Մուհամեդ VI-ի մեկնումը Թուրքիայից, համաձայն Օսմանյան կայսրության գործող սահմանադրության, վերջինիս կառավարությանն էին վերապահված միջազգային հարաբերությունների մեջ մտնելու լիազորությունները, միայն սուլթանը կարող էր լիազորել որևէ անձի՝ գործելու երկրի անունից:[3]

 

  1. Հայ-թուրքական սահմանին վերաբերող հաջորդ պայմանագիրը Կարսի պայմանագիրն է՝ կնքված 1921թ. հոկտեմբերի 13-ին:

Միանշանակ է, որ Կարսի պայմանագիրն անօրինական է և անվավեր, քանի որ պայմանագիրը կնքած կողմերից և ոչ մեկը չի եղել միջազգային իրավունքի սուբյեկտ:

      Ալեքսանդրապոլի և Մոսկվայի պայմանագրերին վերաբերող հատվածում քեմալականների մասին արդեն խոսվեց: Անդրադառնանք Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության կարգավիճակին, որն էլ հանդիսացել է քեմալականների հետ պայմանագիրը կնքած կողմերից մեկը: Անվիճելի է, որ Սովետական Հայաստանը երբեք չի եղել միջազգային իրավունքի սուբյեկտ: Այն երբեք ճանաչված չի եղել միջազգային իրավունքի որևէ այլ սուբյեկտի կողմից, երբեք չի ունեցել այլ երկրների հետ հարաբերությունների մեջ մտնելու կարողություն: Իրավական տեսանկյունից 1921թ.-ին Հայաստանի տարածքը բռնազավթված տարածք էր. այդպես է միջազգային իրավունքը բնութագրում այն տարածքները, երբ օտարերկրյա բանակը մտնում է միջազգայնորոն ճանաչված երկիր, տապալում է օրինական իշխանությունը և հաստատում է իր դրածո իշխանությունը, անկախ նորահաստատ իշխանության տարազից:

 

  1. Ժամանակագրական առումով վերջին պայմանագիրը, որին հարկ ենք համարում անդրադառնալ, Լոզանի պայմանագիրն է՝ կնքված 1923թ. հուլիսի 24-ին:

Նախ, մի շատ տարածված մոլորության մասին: Լոզանի պայմանագրի կնքումով Սևրի պայմանագիրը չեղյալ չի հայտարարվել: Որևէ պայմանագիր կամ միջազգային պարտավորություն նոր պայմանագիր կնքելու պարագայում ինքնըստինքյան չեղյալ չի լինում: Պայմանագիրը չեղյալ է դառնում ոչ այլ կերպ, քան չեղյալ հայտարարումով: Ընդ որում, պայմանագիրը կարող է չեղյալ հայտարարվել միմիայն նախորդ պայմանագրի մաս հանդիսացող բոլոր, կրկնում եմ բոլո՛ր, կողմերի համաձայնությամբ՝ դրա մասին հստակ հայտարարումով և հաջորդ պայմանագրի մեջ այդ իրողության ամրագրումով: Լոզանի պայմանագրի մեջ ընդհանրապես որևէ հիշատակում չկա Սևրի պայմանագրի մասին:

Հիմա ամփոփենք մեր քննության արդյունքները, սակայն մինչ այդ մի հստակեցում: Ճիշտ է, որ Պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիան ընդունվել է 1969թ.-ին և հետադարձ ուժ չունի, ինչպես հայտարարված է կոնվենցիայի 4-րդ հոդվածում, այնուամենայնիվ հստակ է, որ բոլոր այն չափորոշիչային հիմնադրույթները, որոնցով քննության առանք վերոնշյալ պայմանագրերը, միջազգային իրավունքում առկա են եղել և գործել են դարեր ի վեր, այսինքն, լատիներեն ասած, եղել են jus cogens, այն է՝ բոլորի համար պարտադիր ու անբեկանելի: Դրանք պարզապես ամրագրվել են Վիեննայի միջազգային կոնվենցիայի մեջ: Եվ ինչպես հաստատում է նույն Վիեննայի կոնվենցիայի 53-րդ հոդվածը, պայմանագիրն անվավեր է, եթե կնքելու պահին այն հակասել է միջազգային ընդհանուր իրավունքի որևէ անբեկանելի հիմնադրույթի, այսինքն՝ որևէ jus cogens-ի:

Հետևաբար, վերը քննության առնված 5 պայմանագրերից 3-ն անվավեր են, քանի որ դրանցից յուրաքանչյուրը կնքվել է միանգամից մի քանի jus cogens-ների ոտնահարմամբ:

 

Ըստ այդմ, անվավեր պայմանագրերն են՝ Ալեքսանդրապոլի, Մոսկվայի և Կարսի պայմանագրերը: Սևրի պայմանագիրն օրինական է և վավեր, սակայն այն ուժի մեջ չի մտել, քանի որ լիովին չի վավերացվել: Իսկ վավերական ու օրինական Լոզանի պայմանագիրը, ինչպես ասվեց, Հայաստանին վերաբերում է անուղղակիորեն:

 

Անդրադառնանք հայ-թուրքական սահմանին վերաբերող փաստաթղթերից ամենակարևորին՝ Սևրի պայմանագրից ածանցվող իրավարար վճռին, որը կայացվել է 1920թ.-ի նոյեմբերի 22-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Թոմաս Վիլսոնի կողմից և պաշտոնապես վերնագրված է. «Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի և հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ»:

 

Համառոտ ակնարկ Իրավարար վճռի նախընթացին

Հայոց անկախության հռչակումից մեկուկես տարի հետո` 1920թ.-ի հունվարի 19-ին, Դաշնակից ուժերի Գերագույն խորհուրդն ի վերջո ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը`պայմանով, որ նորաստեղծ երկրի սահմանները կհստակեցվեն հետագայում: Միացյալ Նահանգները ճանաչեցին Հայաստանի անկախությունը 1920թ. ապրիլի 23-ին: Արդեն 1920թ.-ի ապրիլի 26-ին Դաշնակից ուժերի Գերագույն խորհուրդը Սան Ռեմոյի իր հավաքի ժամանակ որոշում կայացրեց դիմել ԱՄՆի նախագահին երկու խնդրանքով՝ ստանձնել Հայաստանի մանդատը և իրավարար վճռով որոշել Հայաստանի և Թուրքիայի սահմանը:[4]

 

Հայաստանի մանդատը մերժվեց ԱՄՆ Սենատի կողմից 1920թ.-ի հունիսի 1-ին,  սակայն երկրորդ խնդրանքի վերաբերյալ ամերիկյան պատասխանը դրական էր, և 1920թ. մայիսի 17-ին ԱՄՆ պետքարտուղարը Ֆրանսիայում ամերիկյան դեսպանի միջոցով դաշնակիցներին տեղեկացրեց, որ նախագահը համաձայնել է գործել որպես իրավարար: Խնդիրն իրականացնելու համար արդեն հուլիսի կեսերին պետքարտուղարությունը պրոֆեսոր Վիլյամ Վեստերմանի գլխավորությամբ ստեղծեց փորձագետների մի խումբ, որը կոչվում էր. «Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի իրավարարության հանձնախումբ»: Սևրում 1920թ. օգոստոսի 10ին Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո նշյալ հանձնախումբը պաշտոնապես սկսեց իր աշխատանքները: Երբ 1920թ. հոկտեմբերի 18-ին ԱՄՆ պետքարտուղարությունը ստացավ Սևրի պայմանագրի ստորագրված տարբերակը, դա բավարար հիմք էր ԱՄՆ-ի նախագահի համար պաշտոնապես կայացնելու իր իրավարար վճիռը: Նախագահ Վիլսոնը 1920թ. նոյեմբերի 22-ին ստորագրեց իրավարար վճիռը և դրա առդիր փաստաթղթերը: Փաստաթղթերի այդ փաթեթը, որը կազմում է մի ամբողջություն, բաղկացած է 241 էջից, որից բուն իրավարար վճիռն 89 էջ է, իսկ 10 հավելվածները`152 էջ: Իրավարար վճիռը 1920թ. դեկտեմբերի 6ին Փարիզում ԱՄՆ դեսպանատան կողմից պաշտոնապես փոխանցվեց Դաշնակից ուժերին:

 

Ըստ իրավարար վճռի, Հայաստանի Հանրապետության տիտղոսն ու իրավունքները ճանաչվում էին նախկին Օսմանյան կայսրության Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի նահանգների զգալի մասի վրա` ավելի քան հարյուր հազար քառ. կմ: Քանի որ վճիռն ուժի մեջ էր մտնում անմիջապես, ապա ԱՄՆ պաշտպանության նախարարությունը սահմանանշող հանձնաժողովի համար տպագրեց նաև մանրամասն աշխատանքային քարտեզները։

 

Իրավարար վճռի ուժի մեջ մտնելու ժամանակի և նախապայմանների մասին

Միանշանակ է, որ Սան Ռեմոյի կոնֆերանսում Դաշնակից ուժերի եռյակը` Բրիտանական կայսրությունը, Ֆրանսիան և Իտալիան, 1920 թ. ապրիլի 27ի պաշտոնական նոտայով և Սևրի պայմանագիրը ստորագրած բոլոր երկրները՝ այդ ժամանակ 18 երկիր, 89-րդ հոդվածով իրավարարության հայցով դիմելով ԱՄՆ նախագահին, իրավարար վճռի ընդունումը չեն պայմանավորել որևէ հանգամանքով, այլ պարտավորվել եմ «վճիռն ընդունել անմիջապես»: Սևրի պայմանագրի 90-րդ հոդվածով Թուրքիան լրացուցիչ վերահաստատել է այս դիրքորոշումը՝ ամրագրելով. «սկսած իրավարար որոշման օրից Թուրքիան հրաժարվում է [Հայաստանին] փոխանցվելիք տարածքի նկատմամբ իր բոլոր իրավունքներից և տիտղոսից»:

Վճռի ներկա կարգավիճակին, ինչպես նաև պայմանագրերի իրավական հանգամանալից փորձաքննությանը կարելի է ծանոթանալ իմ «Հայոց պանջատիրության իրավական հիմունքները» գրքում կամ www.modusvivendicenter.org կայքէջում։

 

Ամփոփ եզրակացություն

 

  1. Քանի որ ԱՄՆի նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը միանշանակորեն համապատասխանում է իրավարար վճիռների միջազգայնորեն ճանաչված չորս չափորոշիչներին,
  2. Քանի որ Իրավարար վճիռները չունեն վավերականության ժամանակային սահմանափակում,
  3. Քանի որ իրավարար վճռի վավերականությունը կախում չունի վճռի հետագա ճակատագրից,
  4. Քանի որ միջազգային իրավունքը, մասնավորապես Հաագայի կոնվենցիան, որով ամփոփվել և ամրագրվել է իրավարար վճիռների կարգավիճակը, ընդհանրապես չի նախատեսում վճռի չեղյալ հայտարարում,
  5. Քանի որ կողմերից մեկի մերժումը ի կատար ածելու իրավարարությունը, չի ազդում վճռի վավերականության վրա,
  6. Քանի որ Իրավարար վճիռները վերջնական, անբեկանելի և կատարման համար պարտադիր փաստաթղթեր են,
  7. Քանի որ կողմերը, համաձայնվելով վեճը հանձնել իրավարարությանը, դրանով իսկ կանխավ տալիս են իրենց համաձայնությունը կատարման համար պարտադիր ճանաչել իրավարարի ցանկացած վճիռ,
  8. Քանի որ Բրիտանական կայսրությունը, Ֆրանսիան և Իտալիան, հանդես գալով Դաշնակից ուժերի անունից, 1920թ. ապրիլի 27ին իրավարար վճռի հայցադիմումով դիմել են ԱՄՆ նախագահին, դրանով իսկ պարտավորվել են այն ընդունել առանց այլևայլության,
  9. Քանի որ հայցադիմումի մաս կազմողները պարտավորվել են Իրավարար վճիռն ընդունել անմիջապես և առանց նախապայմանների,
  10. Քանի որ Թուրքիան 1920թ. օգոստոսի 10ին պարտավորվել է հրաժարվել փոխանցվելիք տարածքի տիտղոսից և իրավունքներից վճռի կայացման օրը և առանց նախապայմանների,
  11. Քանի որ Թուրքիան 1923թ. հուլիսի 24ին Լոզանի պայմանագրի 16րդ հոդվածով վերահաստատել է իրեն չփոխանցված տարածքների նկատմամբ բոլոր իրավունքներից և տիտղոսից հրաժարվելու դիրքորոշումը,

ուստի. Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռն այսօր էլ վավերական և կատարման համար պարտադիր փաստաթուղթ է իրավարարի, Իրավարար վճռին մաս կազմող բոլոր երկների և նրանց իրավահաջորդների համար:

 

Այսպիսով, չնայած «Վիլսոնյան Հայաստանի» տարածքի Թուրքիայի կողմից տևական բռնազավթմանը Թուրքիային չի պատկանում տվյալ տարածքի իրավական տիտղոսը: 1920թ.-ի նոյեմբերի 22ից առ այսօր այդ տարածքի վրա նրա de facto իշխանությունը ավելին չէ, քան զուտ վարչական վերահսկողություն, այսինքն այնպիսին, ինչպիսին Թուրքիան ներկայումս ունի Հյուսիսային Կիպրոսում:

Հետևաբար, Թուրքիայի Հանրապետության ներկայությունը և նրա բոլոր գործողությունները «Վիլսոնյան Հայաստանի» տարածքում անօրինական են և անվավեր, որովհետև ռազմական բռնազավթումը չի կարող հանգեցնել տարածքի օրինական իրավատիրության:

Աշխարհում գործընթացներն առաջ են գնում հարաճուն արագությամբ և միշտ չէ, որ այդ գործընթացները մեր օգտին են: Եկել է լուրջ որոշումներ ընդունելու և առավել լուրջ քայլեր ձեռնարկելու ժամանակը: Մենք հապաղելու ժամանակ չունենք:

 

 

 

[1]. Luzius Wildhaber, Treaty Making Power and Constitution, Basel and Stuttgart, 1971, p. 150.

[2]. Survey of International Affairs 1924, (comp. by Arnold J. Toynbee), London, 1926, p. 491.

[3]. O’Connell D. P., State Succession in Municipal Law and International Law, v. I, Cambridge, 1967, p. 211.

[4] . The Treaties of Peace, 1919-1923, vol. I, New York, 1924, p. xxxii.