Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

«Զինծառայողների ապահովագրութեան» հիմնադրամին ուղարկուած նուիրատուութիւնների թիւը, Տաւուշում տեղի ունեցած մարտական գործողութիւններից յետոյ կրկնապատկուել է: Յուլիսի 17-27ը, նուիրաբերութիւն կատարած 55 երկրներից առաջին տեղում Միացեալ Նահանգներն է, որտեղ բնակուող մեր հայրենակիցները 96 միլիոն 190 հազար դրամ են փոխանցել կազմակերպութեան հաշուեհամարին: Այս մասին տեղեկացրեց «Զինծառայողների ապահովագրութեան»  հիմնադրամի տնօրէն Վարուժան Աւետիքեանը՝ Օգոստոսի 5ին Լոս Անջելեսում ՀՀ գլխաւոր հիւպատոսութեան կազմակերպած առցանց մամուլի ասուլիսի ժամանակ, որին ներկայ էին համայնքի լրագրողներ, պատուոյ հիւպատոսներ: Վարուժան Աւետիքեանը համապարփակ կերպով ներկայացրեց կազմակերպութեան գործունէութիւնը, խօսեց մարտահրաւէրների մասին:

«Զինծառայողների ապահովագրութեան»  հիմնադրամը գործունէութիւնը  սկսել է 2017 թուից՝ հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհուած եւ վիրաւորում ստացած հերոսների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրութեան, կայուն եւ հաւասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով: «2016 թուի Ապրիլեան պատերազմից յետոյ ամբողջ աշխարհից, այդ թւում՝ ԱՄՆի հայ համայնքից, պաշտօնական խողովակներով 11 միլիոն դոլար, ոչ պաշտօնական խողովակներով էլ բաւական գումար ուղարկուեց Հայաստան: Այդ  գումարի մի մասը բաշխուեց զոհուած կամ հաշմանդամ դարձած զինծառայողներին, ինչը ճիշտ ժամանակին էր ու շատ օգտակար: Սակայն որոշակի խնդիրներ նկատուեցին, եւ դա առաջին հերթին կապուած էր գումարների բաշխման հաւասարութեան, արդարութեան եւ թափանցիկութեան հետ. օրինակ, մարդիկ գումար էին ուղարկում բարեկամների, ծանօթների միջոցով, եւ գումարը հասնում էր միայն նրանց, ում ճանաչում էին, այն դէպքում, երբ հեռաւոր որեւէ գիւղում բնակուող զինծառայողի ընտանիքներ յաճախ չէին ստանում ոչինչ: Այս խնդիրը լուծելու համար, միտք առաջացաւ ստեղծել հիմնադրամ:  ՀՀ Կենտրոնական Բանկում հաշուարկներ կատարուեցին առ այն, որ եթէ Հայաստանում աշխատող իւրաքանչիւր քաղաքացի ամսական հազար դրամ իր աշխատավարձից վճարի հիմնադրամին՝ մենք կը կարողանանք հիմնովին լուծել խնդիրները:  2016 թուի վերջին Ազգային Ժողովում ընդունուեց օրէնք եւ 2017 թուի Մարտից Հիմնադրամը սկսեց գործել», պատմեց Աւետիքեանը:

«Զինծառայողների ապահովագրութեան» հիմնադրամը 120-170 հազար դոլարի հատուցում է տրամադրում մարտական գործողութիւնների ժամանակ, կամ հակառակորդի նախայարձակ գործողութիւնների հետեւանքով մահացած զինծառայողների ընտանիքներին,  եւ առաջին կարգի հաշմանդամ դարձած  զինծառայողներին: «Երբ զինծառայող է զոհւում կամ վիրաւորւում,  Պաշտպանութեան նախարարութիւնը համապատասխան տեղեկատուութիւնն ուղարկում է հիմնադրամին, ինչի հիման վրայ, մեր հետ համագործակցող Կոնուէրս, Հայբիզնես, եւ Արցախ բանկերում հաշուեհամար ենք բացում, եւ  սկսում ենք փոխանցել գումարները: Նախատեսուած 120-170 հազար դոլարը տրւում է հետեւեալ կերպ՝ սկզբում յանձնւում է միանուագ 20 հազար դոլար, այնուհետեւ, 20 տարուայ ընթացքում՝ ամսական տրւում է 400-600 դոլար: Զոհուած զինծառայողի դէպքում, վճարումը  ընտանիքի անդամներին՝ հօրը, մօրը, կնոջն ու երեխաներին բաշխւում է հաւասարապէս», յայտնեց Աւետիքեանը:

Հիմնադրամի կառավարումն իրականացւում է տնօրէնների խորհդրի միջոցով, որի նախագահը ՀՀ Պաշտպանութեան նախարար Դաւիթ Տօնոյեանն է: Ըստ օրէնքի, խորհրդի երեք անդամ պէտք է նշանակուած լինեն կառավարութեան կողմից, երեք անդամ` Կենտրոնական Բանկի,  եւ երեքը՝ զինծառայողների սոցիալական խնդիրներով զբաղուող հասարակական կազմակերպութիւնների կողմից: Հիմնադրամի բոլոր աշխատակցիները Կենտրոնական բանկից են, ովքեր աշխատում են կամաւորութեան հիմունքներով: Ըստ Վարուժան Աւետիքեանի, աշխատակազմն իրականացնում է երկու կարեւոր գործառոյթ՝ հիմնադրամի թափանցիկութեան ապահովում, եւ միջոցների պատշաճ կառավարում: Տնօրէնը յայտնեց, որ հիմնադրամին յաջողուել է նաեւ  ակտիւների օգտագործումից էլ եկամուտ ստանալ, եւ օրինակ, 2019 թուին, հիմնադրամի ֆոնդերի կառավարումից ստացուել է շուրջ երեք միլիոն դոլար եկամուտ, որն աւելացուել է ընդհանուր ֆոնդին:

Անդրադառնալով Հիմնադրամի նկատմամբ վստահութեան հարցին, Աւետիքեանը նշեց, որ կազմակերպութիւնն աշխատում է բացարձակ թափանցիկութեան սկզբունքով, ինչը տեսանելի է կազմակերպութեան կայքում https://www.1000plus.am: ««Զինծառայողների ապահովագրութեան» հիմնադրամի գործունէութեան՝ հաւաքագրումների եւ հատուցումների մասին, եռամսեակը մէկ ներկայացւում է մանրամասն հաշուետուութիւն, որը տեղադրուած է կայքում: Թափանցիկութեան ապահովման միջոցներից է հազար դրամների փոխանցումների մասին տեղեկատուութեան տրամադրումը. կայքում ստեղծել ենք  հնարաւորութիւն, որը Հայաստանում աշխատող եւ աշխատավարձ ստացող իւրաքանչիւր քաղաքացու թոյլ է տալիս սոցապահովութեան քարտի իր համարը ներմուծելով, տեսնել թէ իր գործատունը որքան գումար է փոխանցել հիմնադրամին: Միաժամանակ, կայքի միջոցով բանկային քարտով նուիրատուութիւն կատարողի անունն ու փոխանցուած գումարն անմիջապէս երեւում է: Սրանք թափանցիկութիւնը վերահսկելու բացառիկ գործիքներ են: Նաեւ, Հիմնադրամն ամէն տարի անցնում է  անկախ հաշուական ստուգում, միջազգային՝ Earst and Young ընկերութեան կողմից, որի արդիւնքները հրապարակւում է նրանց կայքում», նշում է Հիմնադրամի տնօրէնը:

Հիմնադրամի կայքից տեղեկանում ենք, որ  ստեղծման օրուանից 54 միլիոն դոլար է փոխանցուել կազմակերպութեանը, որից 52.5 միլիոնը՝ հազար դրամների միջոցով հաւաքուած գումարներն են, 1.5 միլիոն դոլար կազմել են նուիրատուութիւնները: «Այս պահին միանուագ եւ ամսական կատարուած հատուցումները շահառուներին կազմում է 4.5 միլիոն դոլար, եւ ունենք 30 միլիոնի պարտաւորութիւն՝ առաջիկայ քսան տարիների ընթացքում 400 զինծառայողների կամ նրանց ընտանիքների նկատմամբ», տեղեկացնում է տնօրէնը, եւ յաւելում, որ հատուցումներն, ըստ օրէնքի, նախատեսուած էր տրամադրել միայն  2017 թուից սկսած դէպքերի համար, սակայն հաւաքուած գումարով  առիթ է ստեղծուել յատկացումներ անել նաեւ նշուած շրջանից առաջ զոհուածների ընտանիքներին ու վիրաւորուածներին: «Օրէնքում, հիմնադրամի խորհրդին հնարաւորութիւն էր տրւում, որ եթէ ֆինանսական միջոցները բաւարարեն, ապա կարելի է որոշում կայացնել եւ հատուցում կատարել նաեւ մինչեւ 2017 թուականը տեղի ունեցած դէպքերին: Ուրախ եմ յայտնել, որ վերջին երեք տարիներին պատահարները սահմանին պակաս էին մեր կանխատեսումներից, ինչը հնարաւորութիւն տուեց մեզ հատուցումներ կատարելու նաեւ 2015-2016 թթ. դէպքերի համար: Անցեալ տարի էլ պարզ դարձաւ, որ մէր ֆինանսական կայունութիւնը թոյլ է տալիս, որ հատուցենք  2008 թուից մինչ 2014 թուականը դէպքերի համար: Այսինքն, չկայ 2008 թուից մինչ այսօր մարտական գործողութիւնների կամ թշնամու նախայարձակ լինելու պատճառով զոհուած կամ հաշմանդամ դարձած որեւէ զինծառայող կամ նրանց ընտանիք, ով մեզնից փոխհատուցում չի ստացել», վստահեցնում է «Զինծառայողների ապահովագրութեան» հիմնադրամի տնօրէնը: Վարուժան Աւետիքեանը յայտնեց, որ այս պահին խորհուրդը ունի նաեւ ռազմավարական մօտեցում՝ փոխհատուցում տրամադրելու  1998ից մինչեւ 2008 թուի դէպքերի համար, ինչի համար կատարւում է արխիւների ուսումնասիրութիւն, միաժամանակ, նպատակ կայ հասնել 90ականների սկիզբ եւ հատուցել  նաեւ Արցախեան ազատամարտում զոհուածների ընտանիքներին ու վիրաւորում ստացածներին: «Տարբերութիւն չկայ թէ ով է շահառուն՝ Արցախի, Հայաստանի քաղաքացի է, թէ սփիւռքահայ, ով մասնակցել է հայրենիքի սահմանների պաշտպանութեան գործին: Հատուցում ենք նաեւ  կամաւորներին, ովքեր պաշտօնապէս միացել են հայկական որեւէ զօրամիաւորմանը, եւ նրանց հետ դէպք է տեղի ունեցել: Միաժամանակ, եթէ չենք կարողանում գտնել շահառուներին՝ հիմնականում երկրից բացակայելու պատճառով, նրանց համար նախատեսուած գումարը պահում ենք մինչեւ կը գտնենք», նշում է Աւետիքեանը:

«Զինծառայողների ապահովագրութեան» հիմնադրամին ամսական 85 հազար դոլար է փոխանցում նաեւ Արցախի հանրապետութիւնը՝ նոյնանման Հիմնադրամի միջոցով հաւաքուած գումարներից:

Խօսելով նուիրատուութեան ձեւերի մասին, Աւետիքեանը նշեց, որ դրանք  հնարաւորութիւն են ստեղծում նաեւ աշխարհասփիւռ հայերի մասնակցութեան համար: «Սփիւռքի մեր հայրենակիցները կարող են նուիրատուութիւն կատարել մեր կայքէջի միջոցով, բանկային փոխանցմամբ եւ PayPal համակարգով, որի համար ունենք ամերիկեան  հաշուեհամար, ՀՀ արտգործնախարարութեան եւ հիւպատոսութեան շնորհիւ, քանի որ Հայաստանում  PayPal չի գործում: Աստուած տա կարիք չունենանք այս հարցով դրամահաւաքների, բայց քանի որ հայրենիքը պատերազմի մէջ է, ցաւօք հնարաւոր են նաեւ դէպքեր, եւ պէտք է պատրաստ լինենք՝  պատշաճ կերպով հատուցելու մեր զինուորներին առնուազն ֆինանսական հոգսերի համար, որովհետեւ մարդկային կորուստը փոխհատուցման ենթակայ չէ: Շնորհակալութիւն համայն հայութեանը. սա մեր հաւաքական ուժի դրսեւորումն է, թէ ինչպէս փոքր ներդրումով կարող ենք մեծ արժէք ստեղծել»: Վարուժան Աւետիքեանը պատմեց նաեւ Հիմնադրամի բարի կամքի դեսպանների ծրագրի մասին: Աշխարհի տարբեր անկիւններում, իրենց համայնքներում ակտիւ հայերը, ովքեր ցանկութիւն ունեն ներկայացնելու Հիմնադրամը, կարող են դիմել  եւ կազմակերպութեան կողմից ներկայացուած պահանջներին  համապատասխանելու դէպքում դառնալ «Զինծառայողների ապահովագրութեան» հիմնադրամի դեսպաններ:

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Աղբյուր՝ http://asbarez.com