Լուսանկարը՝ Կարեն Մինասյանի
Օգոստոսի 9-ին Բեռլինի Wolf & Galentz պատկերասրահում կբացվի ,,Հայաստան. Գեղեցկություն եւ բռնություն. Բնապատկերներ եւ պատերազմի հետքերի լուսանկարներ,, ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը կգործի օգոստոսի 9-ից 30-ը։
Ցուցահանդեը իրականություն է դարձել Եվրոպացի եւ հայ մասնագետների ասոցիացիայի նախագահ Միքայել Մինասյանի, Տավուշի արվեստագետների միության նախագահ, Տավուշի հոգեւոր վերածնունդ հիմնադրամի տնօրեն Արմինե Թումանյանի եւ Wolf & Galentz պատկերասրահի համադրող Արչի Գալենցի համագործակցության շնորհիվ։
Ինչպես նշում է ցուցահանդեսի համադրող Արչի Գալենցը, այս ցուցահանդեսն էլ մի ինքնաբուխ հակազդեցության արդյունք է՝ ընդդեմ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի։ Նրա կարծիքով, Հայաստանն ընկած է բազմաթիվ մշակույթների խաչմերուկում, եւ զարգացնում է դրանց նկատմամբ իր սեփական ընկալումը։
Որպեսզի ցույց տրվի այդ արվեստի զարգացումը, ըստ համադրողի ցուցահանդեսում կներկայցավեն բեռլինաբնակ երկու հայերի՝ իր եւ Ժիրայր Քոչարյանի անհատական հավաքածուներից աշխատանքներ, որոնք ընդգրկում են ժամանակակից հայ արվեստի նմուշներ սկսած 1957 թվականից։ Կցուցադրվեն վրձնի հայ վարպետներ Սեդա Բեքարյանի, Հովհաննես Զարդարյանի, Խաչատուր Եսայանի, Մհեր Աբեղյանի, Հակոբ Հակոբյանի, Հենրիխ Սիրավյանի, Ալբերտ Ծովյանի, Հարություն եւ Արմինե Կալենցների , Հովհաննես/Վանիկ/ Շարամբեյանի աշխատանքները, ոչ միայն գեղանկարչական, այլեւ գրաֆիկական եւ ջրաներկային գործեր։
Այնուհետեւ դրանց զուգահեռ կցուցադրվեն Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի լուսանկարները՝ նվիրված Արեւմտյան Հայաստանի բնապատկերներներին եւ եկեղեցիներին, ինչպես նաեւ Տավուշի մարզում 13րդ դարում կառուցված Խորանաշատ վանքի լուսանկարը։ Այս վանքը նույնպես եղել է դիպուկահարների նշանառության տակ։
Լուսանկարը՝ Դավիթ Բանուչյանի
Հաջորդ 15 լուսանկարներն ըստ համադրող Գալենցի, նվիրված են Տավուշի սահմանամերձ բնակավայրերին, որոնք տրամադրել է Տավուշի հոգեւոր վերածնունդ հիմնադրամը։ Դրանց թվում են թե վերջերս տեղի ունեցած մարտական շրջաններից նկարներ, եւ թե 2016 թ. Ապրիլյան քառօրյա պատերազմից դրվագներ, որոնք ներառում են նաեւ Արցախի սահմանամերձ շրջանները։
Տավուշի վերջին դեպքերին են նվիրված լուսանկարիչներ Հարություն Չոբանյանի, Կարեն Մինասյանի եւ Դավիթ Բանուչյանի լուսանկարները, որոնցում պատկերված են ադրբեջանական գնդակոծությունների հետքերը։
Արմինե Կալենցի գեղանկարը
Ցուցահանդեսի գործընկեր, Եվրոպացի եւ հայ մասնագետների ասոցիացիայի նախագահ Միքայել Մինասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ բացման օրը կլինի նաեւ փոքրիկ մշակութային ծրագիր։ Համերգային ծրագրով հանդես կգա բեռլինաբնակ ջութակահար Դավիթ Խաչատրյանը, որը կկատարի Կոմիտասի ստեղծագործություններից։
Նրա ասելով, ցուցահանդեսին հրավիրվել են նաեւ Բունդեսթագի պատգամավորներ Kai Wegner –ը, Prof. Monika Grütters-ը, Michael Brand-ը, Frank Heinrich-ը, եւ պրոֆեսոր Monika Grütters-ը, որը Բունդեսթագի մշակույթի հանձնաժողովի նախագահն է։
Նկատի ունենալով համավարակի պայմանները, ցուցահանդեսի բացմանը կարելի է գնալ միայն նախնական գրանցումով։ Հասցեն ՝ Wollankstrbe 112a, 13187 Berlin
Պաշտոնական բացումը օգոստոսի 9-ին ժամը 14-ին, պատկերասրահի աշխատանքային օրերը՝ երեքշաբթիից ուրբաթ, այցելությունը՝ նախնական պայմանավորվածությամբ։ Փակումը՝ Օգոստոսի 30-ին ժամը 16-20-ը։
Մանրամասների համար՝ https://wolf-galentz.de/en/armenia-grace-and-violence-images-of-landscapes-and-traces-of-war/
ՕՐԵՐ
Պրահա
Հովհաննես /Վանիկ/ Շարանբեյան
Զավեն Սարգսյանի լուսանկարը՝ Խորանաշատի վանքը, 13-րդ դար
Հակոբ Հակոբյան
Հարություն Կալենց
Հենրիխ Սիրավյան
Սեդա Բեքարյան