Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
 
Մեր ընթերցողներին ենք ներկայացնում Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանի Gazeta de Cluj թերթին տրված հարցազրույցի հայերեն թարգմանությունը:
 
 
Տասնյակ տարիներ շարունակ Ադրբեջանի իշխանությունները վարում էին էթնիկական և տնտեսական խտրականության քաղաքականություն, որն ուղղված էր Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնո-ժողովրդագրական կազմը փոխելուն: Հարյուր հազարավոր էթնիկ հայեր արտաքսվել են Ադրբեջանի տարածքից և Լեռնային Ղարաբաղի մի շարք բնակավայրերից: Թուրքիան ուղղակիորեն աջակցել է Ադրբեջանին և այդ երկրի հանցակիցն է:
 
-Լիվիու Ման. Ո՞րն է Հայաստանի և Ադրբեջանի միջև այս հակամարտության բռնկման պատճառը:
 
-Սերգեյ Մինասյան. ԼՂ հակամարտությունը, որպես միջազգային տարածաշրջանային քաղաքականության խնդիր, ձևավորվել է դեռևս 20-րդ դարի սկզբին, երբ ռուսական կայսրության անկումից հետո Հարավային Կովկասում ձևավորվեց 2 անկախ հանրապետություն՝ Հայաստանը և Ադրբեջանը, և մեծամասամբ հայերով բնակեցված տարածաշրջանը, որը հայերեն կոչվում է Արցախ, դիտարկվում էր այդ ժամանակների ռազմաքաղաքական և դիվանագիտական գործընթացների շրջանակներում։ Հավանաբար, ավելի ճակատագրական գործոն դարձավ 1921թ. հուլիսին` Հայաստանի և Ադրբեջանի խորհրդայնացումից հետո, Անդրկովկասյան բյուրոյի որոշումը, որի արդյունքում, Իոսիֆ Ստալինի ուղղակի ճնշման ներքո, այդ տարածաշրջանն ընդգրկվեց Խորհրդային Ադրբեջանի կազմում։ Տասնամյակներ շարունակ Ադրբեջանի կոմունիստական ուժերը էթնիկ և տնտեսական խտրականության քաղաքականություն իրականացրեցին, որի նպատակն էր փոխել տարածաշրջանի վարչական սահմանները, ինչպես նաև իրականացնել Լեռնային Ղարաբաղի էթնո-ժողովրդագրական կազմը փոխելու քաղաքականություն։ Այդ շրջանի հայերի փորձերը՝ հակազդել Խորհրդային Ադրբեջանի խտրական քաղաքականությանը, 1980-90-ականներին՝ Խորհրդային Միության գոյության վերջին տարիներին, հանգեցրեցին ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ (Գյանջա) և այլ քաղաքներում բնակվող հայկական բնակչության զանգվածային ջարդերի և տեղահանումների։ Հարյուր հազարավոր էթնիկ հայեր տեղահանվեցին Խորհրդային Ադրբեջանի տարածքից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի մի շարք բնակավայրերից։
ԽՍՀՄ փլուզման գործընթացի ընթացքում, այդ պահին գործող ԽՍՀՄ սահմանադրական օրենսդրության հետ լիարժեք համապատասխանության սահմաններում, նախկին խորհրդային Ադրբեջանի տարածքում առաջացավ երկու պետական միավորում՝ ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախի Հանրապետությունը)։ Ադրբեջանը չհաշտվեց այդ փաստի հետ, որի արդյունքում նախորդ տարիների ջարդերի և տեղահանումների հետ միասին սկսեց լայնածավալ ագրեսիա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ, որն ավարտվեց նրա ռազմական պարտությամբ։
Արդյունքում 1994թ. մայիսին, միջազգային դիտորդների միջնորդությամբ, ստորագրվեց եռակողմ զինադադար Հայաստանի Հանրապետության և Արդբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի կողմից։ Հայաստանը համարվում է ԼՂ հայերի անվտանգության երաշխավորը և ներկայացնում է ԼՂՀ շահերը միջազգային հարթակներում և բանակցային գործընթացում, որը դեռ 1990-ական թվականներից վարվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների միջնորդությամբ (Ռուսաստան, Ֆրանսիա և ԱՄՆ)։
 
Լիվիու Ման. Ինչու՞ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա սահմանի երկայնքով, որը երկու երկրների կողմից և միաձայն համարվում է միջազգայնորեն ճանաչված սահման։
 
-Սերգեյ Մինասյան. Դեռևս 90-ական թվականներից Լեռնային Ղարաբաղի դեմ ծավալած ակտիվ ռազմական գործողություններին զուգահեռ Ադրբեջանը հրետակոծության է ենթարկել նաև Հայաստանի սահմանը։ Հակահայկական հռետորաբանության ազդեցությամբ և Ադրբեջանի պետական մարմինների միջնորդությամբ Հայաստանի քաղաքացիների դեմ տեղի են ունեցել գործողություններ, որի ապացույցը 2004թ. ՆԱՏՕ-ի կուրսերի ժամանակ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունն էր՝ Ռամիլ Սաֆարովի կողմից։ Չնայած Սաֆարովը, Հունգարիայի դատարանի որոշման համաձայն, ցմահ ազատազրկման էր դատապարտվել, սակայն 2013թ., հունգարական իշխանությունների որոշմամբ, արտահանձնվել էր Ադրբեջանին, որտեղ միանգամից ազատ էր արձակվել և արժանացել պարգևների ու կոչումների։ Նման գործողությունները, ինչպես օրինակ, Հայաստանի սահմանին սույն թվականի հուլիսին ռազմական ագրեսիայի առաջին փուլից հետո Ադրբեջանի կառավարության կողմից կազմակերպված տարբեր երկրներում ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների կողմից հայերի վրա հարձակումները (ԱՄՆ-ից մինչև Ռուսաստան, Բելգիայից մինչև Գերմանիա) ցույց են տալիս, որ Ադրբեջանի ագրեսիվ մտադրությունները չեն սահմանափակվում միայն Լեռնային Ղարաբաղի կամ, նույնիսկ, Հայաստանի Հանրապետության սահմաններով, այլև ուղղված են հայերի և նրանց ունեցվածքի դեմ՝ ամբողջ աշխարհով։
Հայաստանի սահմանների դեմ ներկայիս ագրեսիան, որն իր ոճով հիշեցնում է 2016թ․ ապրիլին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի մեկ այլ ագրեսիան, ամենայն հավանականությամբ պայմանավորված է սոցիալ-տնտեսական դժվարություններով, որոնք սրվել են այդ երկրում նոր տիպի կորոնավիրուսի համավարակի պայմաններում։ Իսկ Հայաստանի, և ոչ թե Լեռնային Ղարաբաղի սահմաններին հարվածելու որոշումը պայմանավորված է Ադրբեջանի ղեկավարության սխալ գնահատականներով, թե հայկական ուժերն այդ մասում ավելի վատ են պաշտպանված, քան Լեռնային Ղարաբաղում։
 
-Լիվիու Ման. Ի՞նչ դեր է խաղում Թուրքիան այս հակամարտության մեջ։
 
-Սերգեյ Մինասյան. Թուրքիան, որը դեռ 90-ական թվականներից ուղղակի պաշտպանում է Ադրբեջանին, ցամաքային շրջափակման է ենթարկում Հայաստանը, ռազմատեխնիկական և բացահայտ դիվանագիտական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին, դրանով իսկ գրեթե դառնալով եթե ոչ հակամարտության անուղղակի մասնակից, ապա Ադրբեջանի ուղղակի գործընկեր։ Սակայն նույնիսկ դա հաշվի առնելով՝ Թուրքիայի արձագանքը և ամենաբարձր մակարդակով քաղաքական հայտարարություններն աննախադեպ են ներկայիս փուլում, ինչը, ամենայն հավանականությամբ, պարզ տեղավորվում է այն ագրեսիվ դիրքորոշման տրամաբանության մեջ, որով Թուրքիան իրականացնում է իր քաղաքականությունը ոչ միայն Հարավային Կովկասում, այլև իր սահմանների գրեթե ամբողջ երկայնքով՝ սկսած Միջերկրական ծովից մինչև Մերձավոր Արևելք։
 
-Լիվիու Ման. Ի՞նչ կասեք Ռուսաստանի մասին։
 
-Սերգեյ Մինասյան. Ռուսաստանը համարվում է Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը և անմիջականորեն ներգրավված է այդ միակ լեգիտիմ ձևաչափում, որն ուղղված է բանակցային գործընթացի առաջխաղացմանը։ Դրա հետ մեկտեղ, ռազմաքաղաքական ոլորտում Ռուսաստանը համարվում է առաջատար դերակատար, և պատահական չէ, որ 1994թ. և 2016թ.հենց նրա ուղիղ ներգրավմամբ են ձեռք բերվել զինադադարի պայմանավորվածությունները։ Ռուսաստանի ներկայացուցիչները կարևոր դեր են խաղացել նաև 2020թ. հուլիսին հայ-ադրբեջանական սահմանի լարվածության թուլացման հարցում։ Ռուսաստանն այդ գործընթացում ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահների աջակցությունը (Ֆրանսիայի և ԱՄՆ-ի)։
 
-Լիվիու Ման. Արդյո՞ք դուք գտնում եք, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը կարող է վերաճել տարածաշրջանային հակամարտության, որի մեջ կներգրավվեն նաև Թուրքիան և Ռուսաստանը։
 
-Սերգեյ Մինասյան. Ռուսաստանի, Մինսկի խմբի մյուս համանախագահների ջանքերը, որոնց մեծապես աջակցում է նաև ԵՄ-ն, ոչ միայն հայ-ադրբեջանական սահմանին ու Լեռնային Ղարաբաղում լարվածության թուլացման, այլև ընդլայնված տարածաշրջանային հակամարտությունից խուսափելու հույսեր են ներշնչում։ Սակայն, այդ տեսանկյունից, անհրաժեշտ է նաև միջազգային հանրության աջակցությունը՝ շփման ամբողջ գծով տեղակայելու համատարած մշտադիտարկման համակարգեր, ներդնելու դեպքերի հետաքննության մեխանիզմներ, տեղակայելու դիտորդներ և այլ համապատասխան մեխանիզմներ, որոնցից հրաժարվում են Ադրբեջանը և վերջինիս սատարող Թուրքիան։
 
-Լիվիու Ման. Ինչպե՞ս կմեկնաբանեք այն փաստը, որ Սուրբ Սոֆիայի տաճարը նորից վերածվել է մզկիթի։
 
-Սերգեյ Մինասյան. Բնական է, որ թուրքական իշխանությունների որոշումը մզկիթի վերածելու Սուրբ Սոֆիայի տաճարը, որը հանդիսանում է կարևոր պատմական և մշակութային հուշարձան և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության օբյեկտ, չի կարող լուրջ մտահոգություն չառաջացնել։ Այն լուրջ մտահոգություն է առաջացնում նաև շատ այլ երկրների մոտ, որոնք սերտ կապեր և արմատներ ունեն ուղղափառ բյուզանդական ժառանգության հետ և որոնք ընդունում են Սուրբ Սոֆիան առաջին հերթին որպես կրոնական և մշակութային փոխգործակցության, այլ ոչ թե որպես քաղաքական գործողությունների օբյեկտ։