Բելգիայի Թագավորությունում և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Եվրոպական Միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Թաթուլ Մարգարյանը պատասխանում է ՕՐԵՐ եվրոպական ամսագրի հարցերին
Դեսպան Թաթուլ Մարգարյանը Եվրոպական միությունում ՀՀ մշտական ներկայացուցչությունը ղեկավարել է 2014թ. օգոստոսի 5-ից՝ միաժամանակ լինելով Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան , իսկ 2015թ մարտի 12-ից՝ համատեղության կարգով նաեւ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ Նկատի ունենալով, որ դեսպանի դիվանագիտական առաքելությունը մոտենում է ավարտին, փորձեցինք ամփոփել անցած վեց տարիների աշխատանքը։
- Պարոն Դեսպան, Դուք նշանակվեցիք Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության ղեկավար ՀՀ-ԵՄ հարաբերությունների համար բավականին բարդ ժամանակահատվածում. ինչպես հայտնի է, երկար գործընթացից հետո չէր ստորագրվել ԵՄ-ի հետ Հայաստանի ասոցացման համաձայնագիրը, կար ստեղծված իրավիճակը հաղթահարելու լուրջ մարտահրավեր: Այնուհանդերձ, անցած տարիներին ՀՀ-ԵՄ հարաբերություններն աչքի ընկան դինամիկ զարգացումներով:
- Եվրոպական միության հետ գործընկերության զարգացումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից է: Անշուշտ, անցնող ժամանակահատվածը ՀՀ-ԵՄ հարաբերություններում եղել է առաջընթացի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերում համագործակցության խորացման ու ակտիվ քաղաքական երկխոսության առանձնահատուկ, կարևոր շրջան: Քաղաքական երկխոսությունն իր բովանդակությամբ ու կարևորությամբ էականորեն ընդլայնվել է՝ ներառելով բազմաթիվ նոր ուղղություններ: Անցնող ժամանակահատվածն աչքի է ընկել նաև երկուստեք բարձրաստիճան այցերի մեծ հաճախականությամբ: Իհարկե, դժվար է մեկ հարցազրույցի շրջանակներում անդրադառնալ վերջին վեց տարիների զարգացումներին ու ձեռքբերումներին և այդ ուղղությամբ ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից իրականացված աշխատանքներին:
Ձեր կողմից հիշատակված իրավիճակի առնչությամբ, դրա հաղթահարումն, իհարկե, երկուստեք պահանջեց զգալի ջանքեր, ծավալուն թիմային աշխատանք ու ակտիվ ներգրավվում ՀՀ-ԵՄ հարաբերությունների նոր հիմքի ձևավորման գործին: Ինտենսիվ գործընթացի արդյունքում համաձայնեցվեց և, ինչպես գիտեք, 2017թ. նոյեմբերին ստորագրվեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը նոր հարթության վրա բարձրացրեց ՀՀ-ԵՄ համագործակցությունը՝ միաժամանակ չհակադրվելով այլ ինտեգրացիոն հարթակներում Հայաստանի ունեցած հանձնառություններին:
Ինչպես հայտնի է, Համաձայնագիրը ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա զարգացման ու խորացման համար ստեղծել է հավակնոտ հիմք: Այն ընդգրկում է հասարակական-տնտեսական կյանքի բոլոր ոլորտները՝ կարևոր գործիք հանդիսանալով ՀՀ կառավարության կողմից ուրվագծված բարեփոխումների օրակարգի առաջմղման համար՝ ամրապնդելու օրենքի գերակայությունը և ժողովրդավարական սկզբունքները, ապահովելու սոցիալ-տնտեսական ոլորտում հավասար հնարավորություններ և այլն: Սա մի գործընթաց է, որում, ինչպես բազմիցս ընդգծվել է, Եվրոպական միությունը Հայաստանի հիմնական գործընկերն է, և հատկանշական է, որ բարեփոխումների յուրաքանչյուր փուլում Հայաստանը զգացել է եվրոպական գործընկերների անվերապահ աջակցությունը: Եվրոպական միությունը շարունակում է մնալ նաև Հայաստանի առանցքային առևտրային գործընկեր և առաջնային դոնորը: Այս համատեքստում, կցանկանայի ավելացնել, որ համավարակի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված համատեղ միջոցները, ԵՄ կողմից արտակարգ օգնության փաթեթի հրատապ ձևավորումը և դրա շրջանակներում Հայաստանին ցուցաբերված աջակցությունը նույնպես փոխադարձ համերաշխության և համագործակցային քաղաքականության վկայությունն էր, ինչն, իհարկե, Հայաստանը բարձր է գնահատում:
Անշուշտ, չափազանց կարևոր էր ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ժամանակավոր կիրառման մեկնարկը 2018թ. հունիսի 1-ից, ինչին հաջորդեց դրա իրականացման «Ճանապարհային քարտեզի» մշակումն ու հաստատումը: Ընդ որում, այն հանգամանքը, որ ժամանակավոր կիրառումը տարածվեց Համաձայնագրի բացարձակ գերակշիռ մասի՝ դրա դրույթների շուրջ 80 տոկոսի վրա, թույլ տվեց երկուստեք լծվել Համաձայնագրի իրականացմանը, այդ թվում՝ Համաձայնագրի ներքո ստեղծված մի շարք նոր, ինստիտուցիոնալ առումով առավել բարձր մակարդակ ունեցող գործընկերության մարմինների շրջանակներում:
Ինչպես գիտեք, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից ու կիրարկման մեկնարկից բացի, անցած ժամանակահատվածում Հայաստանը հաջողությամբ ներգրավվել է նաև մի շարք կարևոր ոլորտային ծրագրերի մեջ, ինչպես օրինակ՝ Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման «COSME», հետազոտությունների ու նորարարության «Հորիզոն 2020», մշակութային և ստեղծագործ ոլորտների զարգացմանն ուղղված «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրերը, նախաստորագրել է նաև Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիրը, որը, հուսով ենք, ևս շուտով կստորագրվի:
- Անշուշտ, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման մեկնարկից հետո ՀՀ-ԵՄ հարաբերություններում զարգացումների, տարբեր միջոցառումների անցկացումն ու դրանց լայնորեն լուսաբանումը ևս վկայում են դրա ունեցած նշանակության մասին: Կցանկանայինք իմանալ՝ ի՞նչ փուլում է այս պահին գտնվում Համաձայնագրի վավերացման գործընթացը:
- Այս պահի դրությամբ Համաձայնագիրն արդեն վավերացվել է ԵՄ անդամ 25 երկրների կողմից: Մյուս երեք անդամ պետությունների մայրաքաղաքներում այդ ուղղությամբ գործընթացը մոտենում է ավարտին և ակնկալվում է, որ առաջիկայում վավերացումների ցանկը կամբողջացվի և գործընթացը կեզրափակվի ԵՄ խորհրդի կողմից Համաձայնագրի հաստատումով: Համավարակն, իհարկե, վերջին ամիսներին իր բացասական ազդեցությունն ունեցավ Համաձայնագրի վավերացման տեմպերի վրա, այնուհանդերձ, այս պահին գործընթացն առաջ է գնում: Ինչպես նախկինում առիթ ունեցել եմ անդրադառնալու, սա հիրավի ժամանակատար գործընթաց է. օրինակ՝ Վրաստանի պարագայում ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը ուժի մեջ է մտել ստորագրումից երկու տարի անց, որը համարվում է ռեկորդային կարճ ժամկետ, մինչդեռ Ուկրաինայի պարագայում գործընթացը պահանջել է երեք տարի:
-Անցած ժամանակահատվածում մեծ հաջողություն գրանցվեց նաև Հայոց ցեղասպանության ճանաչման գործում:
- Անշուշտ, իր քաղաքական նշանակությամբ առանձնահատուկ հիշատակման է արժանի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված՝ ԵՄ այդ պահին 28[1] անդամ երկրների և եվրոպական մայրցամաքի շուրջ 500 միլիոն բնակչություն ներկայացնող Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը, որը տարելիցին հաղորդեց հատուկ քաղաքական հնչեղություն: Ընդունվելով Եվրոպայի սրտում՝ այն ունեցավ պատմական նշանակություն և լուրջ խթան հանդիսացավ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի համար ինչպես Եվրոպայում, այնպես էլ դրանից դուրս:
Բանաձևի մեծ նշանակությունը, իհարկե, զուտ բանաձևի ընդունման փաստով չէր պայմանավորված, այլև դրանում Թուրքիային ուղղված խիստ հստակ և հասցեագրված այն քաղաքական ուղերձներով, որոնք ամրագրվեցին բանաձևում և որոնց հանգամանալից անդրադարձել եմ բանաձևի ընդունման օրերին: Չեմ կարող չհավելել, որ բանաձևում հզոր ուղերձների ընդգրկմանը զուգահեռ, նույնքան կարևոր էր դրանից դուրս թողնել ժամանակակից Թուրքիային պատասխանատվությունից ազատող՝Եվրոպական խորհրդարանում ամենաազդեցիկ քաղաքական խմբակցություններից մեկի կողմից առաջարկված՝ 1987 թվականին Եվրոպական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին ընդունված բանաձևից փոխառված դրույթը:
-Հայտնի է, որ նշանակալի աշխատանք է տարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում նպաստավոր դիրքորոշումների ամրագրման ուղղությամբ: Կմանրամասնեի՞ք դրանցից կարեւորները:
- Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ հայկական կողմը բարձր է գնահատում Եվրոպական միության բոլոր կառույցների սկզբունքային` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մոտեցումներին համահունչ հավասարակշռված դիրքորոշումը, որն ամրագրվել է նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում և բազմիցս վերահաստատվել: Մեր եվրոպացի գործընկերների հետ քննարկումներում մենք միշտ շեշտել ենք, որ ԵՄ հետևողական, աներկբա մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում խիստ կարևոր է մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման, բանակցությունների արդյունավետության համար:
Անշուշտ, սա պահանջում է շարունակական ջանքեր, հատկապես Եվրոպական խորհրդարանում: Այստեղ տարված ծավալուն, դժվարին աշխատանքի արդյունքում մեզ հաջողվել է ապահովել Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարանջատումն այլ հակամարտություններից և հասնել ընդունվող բանաձևերում և զեկույցներում ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի ամրագրմանը՝ անմիջականորեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ: Եվրոպական խորհրդարանը վերջին տարիներին ընդունված բանաձևերում բազմիցս հաստատել է իր սկզբունքային դիրքորոշումն ու ամուր աջակցությունը ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ հիմնված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի ու Հիմնարար սկզբունքների, այդ թվում՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա: Ընդ որում, այդ բանաձևերն ուղերձներ են պարունակում ԵՄ գործադիր մարմիններին ինչպես առավել ընդհանուր՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջաններում ԵՄ առաջնահերթությունների առնչությամբ, այնպես էլ Արևելյան գործընկերության քաղաքականության և ՀՀ-ԵՄ երկկողմ գործընկերության համատեքստում:
Անցած տարիներին մեծ ուշադրություն է հատկացվել նաև Արցախի հետ ուղիղ շփումների ընդլայնման հարցին: Եվրոպական խորհրդարանում կազմակերպվել են Արցախին առնչվող հարցերի ու ժողովրդավարական ճանապարհի լավագույնս ներկայացմանը նվիրված տասնյակ միջոցառումներ: Տարբեր տարեթվերին կայացել են եվրոպացի խորհրդարանականների մի շարք այցելություններ Հայաստան և Արցախ, այդ թվում նաև՝ Արցախում կայացած ընտրությունների ու սահմանադրական հանրաքվեի ընթացքում: Միաժամանակ, կազմակերպվել են Արցախի Հանրապետության նախագահի, ԱԺ նախագահի, արտաքին գործերի նախարարի և խորհրդարանականների մի շարք այցեր Բրյուսել: 2014թ. հոկտեմբերին Եվրոպական խորհրդարանում անցկացվել է Լեռնային Ղարաբաղի անկախության տարելիցին նվիրված անդրանիկ միջոցառումը և իր գործունեությունն է մեկնարկել Եվրոպական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խումբը: 2016թ. սեպտեմբերին հենց Եվրոպական խորհրդարանում կայացել է այդ բարեկամության խմբի և Արցախի Ազգային ժողովում Եվրոպական խորհրդարանի հետ բարեկամության խմբի համատեղ անդրանիկ հանդիպումը:
Իհարկե, կուզեի հիշատակել նաև 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայից ընդամենը մի քանի օր հետո Եվրոպական խորհրդարանի ստրասբուրգյան լիագումար նիստում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ քննարկումը, որի ընթացքում, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչից բացի, ելույթներով հանդես եկան քսանից ավելի պատգամավորներ: Վերջիններս դատապարտեցին Ադրբեջանի կողմից ագրեսիայի սանձազերծումը: Եվրոպական խորհրդարանի մի շարք պատգամավորներ, ի պատասխան ադրբեջանական ագրեսիայի, հանդես են եկել Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու կոչերով:
Կարող ենք նաև արձանագրել, որ հայ-ադրբեջանական սահմանին ս.թ. հուլիսի 12-ից ադրբեջանական կողմից զինադադարի խախտումներով և իրավիճակի սրմամբ պայմանավորված Եվրոպական խորհրդարանում ներկայացված քաղաքական խմբակցությունների կամ պատգամավորների կողմից արված հայտարարությունների բացարձակ մեծամասնությունը ևս եղել է հավասարակշիռ և Հայաստանի համար բարենպաստ:
Նշեմ, որ ընդհանուր առմամբ կարևոր էր 2019թ. մայիսին ձևավորված նորընտիր Եվրոպական խորհրդարանի հետ աշխատանքներում ևս ի սկզբանե պահպանել նախորդ տարիներին ձևավորված դրական միտումները, ինչի համար, Եվրոպական խորհրդարանի նոր քաղաքական կազմի գործունեության պայմաններում, անշուշտ, լրացուցիչ ջանքեր պահանջվեցին: Ուզում եմ նշել կարևոր համատեղ աշխատանքը, որ իրականացվում է հայկական կառույցների և բարեկամների՝ հատկապես Եվրոպայում Հայ Դատի հանձնախմբի հետ:
-Առաջիկայում ի՞նչ զարգացումներ են սպասվում ՀՀ-ԵՄ հարաբերություններում: Հատկապես մեծ է հետաքրքրությունը մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հարցում, ի՞նչ փուլում է գտնվում այս գործընթացը:
- Անշուշտ, մեր աշխատանքներում առաջնայնություն է ՀՀ-ԵՄ միջև մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության սպասված մեկնարկը, որը մեծ նշանակություն ունի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար և շահեկան խթան կլինի հասարակությունների, մշակութային, գործարար և այլ շրջանակների միջև շփումների համար: Երկխոսության մեկնարկի առնչությամբ, պետք է նշեմ, որ հսկայական ջանքեր են գործադրվել բոլոր մակարդակներում: Հիշեցնեմ, որ նախորդ տարվա աշնանը Եվրոպական հանձնաժողովը Եվրոպական խորհրդին ներկայացրեց իր դրական եզրակացությունը՝ երկխոսությունը մեկնարկելու առաջարկով: Ինչպես հայտնի է, միգրացիային և վիզային ռեժիմի ազատականացմանն առնչվող հարցերում որոշումների կայացումը գտնվում է ԵՄ անդամ պետությունների իրավասությունների շրջանակում: Դրական էր այն, որ ԵՄ անդամ երկրների բացարձակ մեծամասնությունը սատարեց այդ որոշումը, սակայն, ԵՄ մեկ երկրի համաձայնության բացակայությամբ պայմանավորված մեկնարկի վերաբերյալ կոնսենսուսային որոշում չկայացավ: Այնուհանդերձ, հայկական կողմը շարունակել է այս հարցը բարձր պահել օրակարգում և, վստահ եմ, առաջիկայում կարվի ամեն ինչ այս հարցի լուծմանը ևս հասնելու նպատակով:
Մյուս ընդգրկուն ուղղությունն առաջիկայում կլինի ԵՄ հետ փոխգործակցության բազմակողմ հարթակի շրջանակներում՝ Արևելյան գործընկերության հետ-2020 քաղաքականության ակնկալվող արդյունքների մշակումը՝ իհարկե, երկուստեք ձգտելով պահպանել այս փոխշահավետ ձևաչափի ներառականությունն ու ամբողջականությունը: Եվրոպական հանձնաժողովի կողմից այս տարվա մարտին ընդունված հաղորդակցության մեջ ուրվագծված՝ 2020 թվականից հետո ԱլԳ քաղաքականության հիմնական ուղենիշներն ու հինգ նպատակային ուղղություններն են՝ տոկուն, կայուն և ինտեգրված տնտեսություն, հաշվետու ինստիտուտներ, օրենքի գերակայություն և անվտանգություն, շրջակա միջավայրի և կլիմայական փոփոխություններին դիմակայում, թվային վերափոխում, տոկուն, արդար և ներառական հասարակություններ: Հատկանշական է, որ դրանք համահունչ են Հայաստանի կառավարության գերակայություններին և լավ հիմք են ստեղծում առաջիկա ժամանակաշրջանի համար ԱլԳ ձևաչափում համագործակցության զարգացման ու խորացման համար:
«Բելգիան ոչ միայն ճանաչել է
Հայոց ցեղասպանությունը, այլեւ
կառուցողական դիրքորոշում ունի
Արցախի հարցի վերաբերյալ»
- Քանի որ ավարտին է մոտենում Ձեր դիվանագիտական առաքելությունը Բելգիայում, կցանկանայինք անդրադառնալ հայ-բելգիական երկկողմ հարաբերություններին և վերջին տարիների ընթացքում այս պետության հետ համագործակցության կարեւոր դրվագներին։ Ի՞նչ տվեցին այս տարիները մեր երկկողմ կապերին։
- Բելգիայի Թագավորությունը Եվրոպայում Հայաստանի կարևոր գործընկերներից է: Բելգիայի հետ հարաբերությունները և սերտ համագործակցությունը կարևորվում է նաև Եվրոպական Միությունում այդ պետության ունեցած դերակատարումով, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
1992թ.-ին Բելգիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեր համագործակցությունը շարունակաբար զարգացել և խորացել է, ի լրումն քաղաքական երկխոսության բարձր մակարդակի, նշանավորվելով նաև ոլորտային, այդ թվում՝ գիտատեխնիկական, առևտրատնտեսական, կրթամշակութային համագործակցության ընդլայնմամբ:
Անշուշտ, հայ-բելգիական երկկողմ հարաբերությունների ընդլայնման առումով խիստ կարևոր է նաև Եվրոպական Միության հետ Հայաստանի հարաբերությունների վերընթաց զարգացումը, այդ թվում նաև ԵՄ հետ նոր՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կնքումը, որն առավել լայն հնարավորություններ է ընձեռում ԵՄ անդամ պետությունների հետ համագործակցության սերտացման համար: Հարկ է նշել, որ չնայած այս երկրի բարդ կառուցվածքային և սահմանադրական առանձնահատուկությունների, ներկայումս Բելգիայում ավարտվել են Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը: Համաձայնագիրը, որը Բելգիայի ազգային օրենսդրության մաս է հանդիսանալու, խթանելու և խորացնելու է մեր երկկողմ համագործակցությունը տնտեսության գրեթե բոլոր բնագավառներում։ Հայ-բելգիական երկկողմ հարաբերությունների զարգացման առումով նպաստավոր են նաև բելգիական կողմի կառուցողական մոտեցումները և դիրքորոշումը ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման հարցում:
Հայաստանի և Բելգիայի Թագավորության միջև քաղաքական երկխոսությունը ծավալվել է բոլոր մակարդակներով: Անցած տարիների ընթացքում կայացել են բազմաթիվ այցեր ՀՀ ղեկավարության մակարդակով, որոնց շրջանակներում տեղի են ունեցել հանդիպումներ Բելգիացիների Թագավոր Ֆիլիպի հետ, Բելգիայի վարչապետի, արտաքին գործերի նախարարի, Բելգիայի խորհրդարանի երկու պալատների ղեկավարների, ինչպես նաև դաշնային և տարածաշրջանային խորհրդարանական պատվիրակությունների մակարդակներում։ Բելգիայից Հայաստան նույնպես տեղի են ունեցել տարբեր ձևաչափով այցեր երկրի գործադիր և օրենսդիր իշխանությունների ամենաբարձր մակարդակով:
Հայ-բելգիական միջպետական հարաբերությունների բարձր մակարդակի մասին է վկայում 2018թ. հոկտեմբերին Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի ղեկավարած մեծ պատվիրակության այցը Հայաստան: Վարչապետը մասնակցեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի աշխատանքներին և պաշտոնական հանդիպում ունեցավ ՀՀ վարչապետի հետ: 2016 թվականի նոյեմբերին կազմակերպվել էր նաև Բելգիայի Սենատի նախագահ Քրիստին Դընֆրենյի այցը Հայաստան, նրա հանդիպումները ՀՀ ղեկավարության հետ:
2018 թվականի օգոստոսին, ինչպես հայտնի է, Հայաստան է այցելել նաև Թագավոր Ֆիլիպն իր ողջ ընտանիքով՝ մեր երկրում անցկացնելու ամառային արձակուրդի մի մասը։ Այդ այցելությունը, թեև կրում էր մասնավոր բնույթ, այնուամենայնիվ, մեծ հնչեղություն էր ձեռք բերել Բելգիայի և Եվրոպայի լրատվական ու քաղաքական շրջանակներում: Թագավորը Հայաստանից ունեցած իր տպավորությունները պարբերաբար կիսում էր տարբեր սոցիալական ցանցերում: Այն լայնորեն լուսաբանվել է եվրոպական լրատվամիջոցների կողմից, այդ թվում Հայաստանը որպես զբոսաշրջային ուղղություն ներկայացնելու տեսանկյունից:
Նշեմ նաև, որ միջազգային այլ կառույցների շրջանակներում ևս` ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ և այլն, հայ-բելգիական համագործակցությունն ընթանում է փոխըմբռնման և փոխվստահության մթնոլորտում, ինչը մշտապես գտնվում է մեր ուշադրության կենտրոնում և որի ուղղությամբ տարվում է հետևողական աշխատանք:
Երկկողմ քաղաքական երկխոսության խթանման առումով կարևորվում է Հայաստանի և Բելգիայի արտաքին գործերի նախարարությունների մակարդակով իրականացվող աշխատանքը: Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները հանդիպումներ են ունեցել թե´ երկկողմ, և թե´ բազմակողմ ձևաչափով: ՀՀ և Բելգիայի ԱԳՆ-ների միջև անց են կացվել քաղաքական խորհրդակցություններ, առաջիկայում ևս նախատեսվում է հերթական նմանօրինակ քննարկումների կազմակերպումը։
Խոսելով միջխորհրդարանական համագործակցությունից, կցանկանայի առանձնահատուկ նշել, որ Հայաստանի և Բելգիայի խորհրդարաններում տարբեր տարիներին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո ավանդաբար ձևավորվել և արդյունավետ փոխանակումներ են իրականացրել պատգամավորական բարեկամական խմբերը։ Դրա հետ միասին ուրախ եմ փաստելու նաև, որ ԵԱՀԿ ԽՎ, ԵԽԽՎ և այլ միջազգային կառույցների շրջանակներում մեր երկու երկների խորհրդարանական պատվիրակությունների միջև ևս ունենք փոխընբռնման և փոխվստահության վրա հիմնված համագործակցային ամուր ավանդույթներ:
Գոհունակությամբ կարող եմ նշել, որ վերջին տարիների ընթացքում Հայաստան են այցելել Բելգիայի դաշնային, մայրաքաղաք Բրյուսելի, Վալոնիայի և Ֆլանդրիայի տարածաշրջանային խորհրդարանների տասնյակ պատվիրակություններ, որոնք ավանդաբար այցելել են նաև Արցախ:
-Այս տարիներին նաեւ մեծ աշխատանք է տարվել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, միաժամանակ ակնառու է նաև Բելգիայի կառուցողական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, հատկապես, եթե նկատենք այն աճող աշխուժությունը, որ ցուցաբերում են բելգիացի խորհրդարանականները և գործիչները Արցախի նկատմամբ հետաքրքրությամբ եւ իրենց հաճախակի այցերով:
- Իրավացի եք, Բելգիան ցուցաբերել է իր կառուցողական դիրքորոշումը նաև Հայաստանի, hայ ժողովրդի համար կարևոր նշանակություն ունեցող` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերում:
Բելգիայի Թագավորությունը, որպես պետություն, իր բոլոր թևերով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը` իր կարևոր ներդրումը բերելով Հայոց ցեղասպանության ճանաչման և մարդկության դեմ հանցագործությունների դեմ մեր համընդհանուր պայքարին: 2015թ. ապրիլին՝ Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը երկրի կառավարության անունից հատուկ հայտարարությամբ հանդես եկավ Բելգիայի խորհրդարանում: Միաժամանակ, ճանաչման մասին բանաձևեր ընդունեցին Բելգիայի խորհրդարանի Ներկայացուցիչները պալատը և Ֆլանդրիայի խորհրդարանը: Հիշեցնեմ նաև, որ ավելի վաղ՝ 1998 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաև Բելգիայի Սենատը։
Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ Բելգիան դրսևորում է կառուցողական դիրքորոշում՝ ի աջակցություն հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի: Բելգիայում ՀՀ դեսպանության և հայկական կառույցների, մասնավորապես, Եվրոպայի Հայ Դատի գրասենյալի կողմից շարունակական ծավալուն աշխատանք է տարվել Բելգիայի քաղաքական շրջանակներում Արցախի խնդրի վերաբերյալ իրազեկվածությունը մեծացնելու ուղղությամբ: Կազմակերպվել և իրականացվել են բազմաթիվ այցեր Բելգիայից Արցախի Հանրապետություն և Արցախից` Բելգիա: Մասնավորապես, Արցախ են այցելել Բելգիայի տասնյակ խորհրդարանական պատվիրակություններ, որոնք ընդգրկել են Բելգիայի տարածաշրջանային խորհրդարանների անդամներից մինչև Բելգիայի Սենատի փոխնախագահ: Նրանք Արցախում են գտնվել արցախցիների համար կարևոր իրադարձությունների առնչությամբ, օրինակ` Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո, Արցախի Հանրապետության 25-ամյակի տոնակատարությունների ժամանակ, խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելության շրջանակներում, միջազգային համաժողովներին մասնակցության նպատակով և այլն: Եղել են ճանաչողական այցեր և դրանց շրջանակներում` հանդիպումներ Արցախի ղեկավարության հետ, քննարկումներ համագործակցության ընդլայնման հեռանկարների շուրջ, ծանոթացել են արցախցիների առօրյա կյանքին և խնդիրներին:
Այս տարիների ընթացքում Բելգիա են այցելել Արցախի Հանրապետության բարձրաստիճան պատվիրակություններ` Արցախի Հանրապետության նախագահի, Ազգային Ժողովի նախագահի, արտաքին գործերի նախարարի գլխավորությամբ: Բելգիա են այցելել Արցախի խորհրդարանականներ, ինչպես նաև Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը: Նշված այցերի շրջանակներում կազմակերպվել են հանդիպումներ Բելգիայի դաշնային խորհրդարանում, Ֆլանդրիայի և Ֆրանսախոս համայնքի խորհրդարաններում, խորհրդարանական բարեկամական խմբերի հետ, ինչպես նաև փորձագիտական շրջանակների և Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հայտարարվել է Արցախ-ֆլամանախոս բարեկամության խմբի և Արցախ-ֆրանսախոս գործիչների բարեկամության շրջանակի ստեղծման մասին։
-Դուք արդեն նշեցիք ակտիվ զարգացող առևտրատնտեսական և ոլորտային համագործակցությունը: Որո՞նք են Բելգիայի հետ այդ համագործակցության առավել աչքի ընկնող բնագավառները, կառանձնացնե՞ք դրանցից մի քանիսը։
- Հայտնի է, որ ադամանդագործությունը հայ-բելգիական տնտեսական համագործակցության իրապես ավանդական դարձած բնագավառն է: Այնուհանդերձ, համագործակցությունն ընթանում է նաև այլ՝ նոր ուղղություններով: Տարված նպատակային գովազդային աշխատանքի արդյունքում վերջին տարիներին բելգիական շուկա մուտք է գործել նաև հայկական գինեգործական արտադրանքը: Բելգիական ընկերություններն արդեն Բելգիայում տարեկան վաճառում են մի քանի տասնյակ հազար շիշ հայկական գինի և կոնյակ, և այդ թիվը գնալով աճում է: Հատկանշական է, որ այս ոլորտում հայտնվում են նոր բելգիական ընկերություններ: Քայլեր են ձեռնարկվում մի շարք այլ ապրանքատեսակների արտահանումը խթանելու ուղղությամբ՝ այդ թվում գյուղատնտեսական վերամշակված արտադրանքը: Այս ոլորտում ևս արդյունքներն արդեն տեսանելի են:
Գործարար շրջանակների համար Հայաստանի և հայկական շուկայի հանդեպ հետաքրքությունը խթանելու նպատակով տարեկան առնվազն մեկ անգամ կազմակերպվել է Հայաստանի տնտեսության վերաբերյալ գործարար համաժողով: Կազմակերպվել են արդեն իսկ ավանդական դարձած հայկական գինիների, կոնյակի և մրգային օղիների համտես միջոցառումներ՝ հարյուրավոր հյուրերի և մասնագետների մասնակցությամբ:
Զբոսաշրջության բնագավառում համագործակցությունը խթանելու ուղղությամբ իրականացված գործողությունների արդյունքում արդեն իսկ 12 բելգիական ընկերություն ներկայացնում են Հայաստանը որպես զբոսաշրջության նոր ուղղություն: Ոլորտի խթանմանը մեծապես նպաստել է 2016 թվականին Երևանի և Բրյուսելի միջև ուղիղ ավիաչվերթների մեկնարկը: Հատկանշական է, որ 2017 թվականին Բելգիայից Հայաստան այցելությունների թիվը նախորդ տարվա համեմատ արդեն աճել էր շուրջ 20%-ով: Այս աճը պահպանվել է նաև հաջորդող տարիներին: Ցավոք՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով «Բրասըլզ Էըրլայնզ» ընկերությունը ներկայումս ընդհատել է թռիչքները, որոնք կվերականգնվեն ճգնաժամը հաղթահարելուց հետո:
Համագործակցային լավ ավադույթներ են հաստատվել նաև բելգիական մի շարք գիտահետազոտական կենտրոնների, մասնավորապես՝ Լյուվենի Կաթոլիկ համալսարանի, Անտվերպենի համալսարանի, Բրյուսելի Բաց համալսարանի և այլ հաստատությունների հետ: Այս առնչությամբ առանձնահատուկ պետք է նշեմ 2019թ. մարտին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բելգիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում՝ կրթության, գիտության, բարձր և նորարարության տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին երկու փոխըմբռնման հուշագրերի ստորագրումը` ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ֆլանդրիայի արտաքին հարաբերությունների դեպարտամենտի միջև, ինչպես նաև հանրահայտ
«IMEC» կենտրոնի և հայաստանյան «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» միջև: Փոխադարձ հանձնառություններով հարուստ այս երկու փաստաթղթերի հիման վրա արդեն իսկ համագործակցություն է ծավալվում բարձր տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում:
Հետևողական աշխատանքներ են տարվել զարգացնելու նաև մշակութային կապերը: Դարավոր պատմություն և մշակույթ ունեցող մեր ժողովուրդն, անկասկած, աշխարհին ներկայացնելու շատ արժեքներ ունի: Այդ նպատակով դեսպանությունը շարունակել է սերտ համագործակցությունը Բրյուսելում գործող Եվրոպայի խոշոր մշակույթի կենտրոններից մեկի՝ հանրահայտ «Գեղեցիկ Արվեստների» կենտրոնի, Բրյուսելի քաղաքապետարանի մշակույթի հարցերի դեպարտամենտի, Բելգիայի Վալոնիա և Ֆլանդրիա տարածաշրջանային կառավարություններրի, ինչպես նաև ԵՄ համապատասխան կառույցների հետ: Մշակութային և հումանիտար հարցերով համագործակցության զարգացման համատեքստում կցանկանայի նշել նաև այն կարևոր դերը, որ ունի Բելգիայի հայ համայնքը:
-Իրապես բավականին ակտիվ աշխատանք է տանում բելգիահայ համայնքը։ Ինչպիսի՞ն էր ձեր համագործակցությունը համայնքային կառույցների հետ։
-Բելգիայի հայ համայնքը մշտապես իր դրական ազդեցությունն ու նպաստավոր ներդրումն է ունեցել հայ-բելգիական հարաբերությունների զարգացման հարցում: Բնականաբար, Հայաստանի դեսպանությունը և Հայաստանն ընդհանրապես շահառուն է տարբեր երկրներում մեծ, ծաղկուն և կազմակերպված համայնքների: Բելգիայի հայ համայնքը ապրում է բավականին ակտիվ համայնքային, եկեղեցական ու մշակութային կյանքով: Տարվա կտրվածքով տեղի են ունենում հարյուրավոր միջոցառումներ Բրյուսելում, Անտվերպենում, Լիեժում, Գենտում, Մեխլենում, Օստենդում և այլ քաղաքներում: Գտնվելով Եվրոպայի սրտում, համայնքը կարևոր դերակատարություն ունի նաև համաեվրոպական համայնքային աշխատանքի օրակարգի ձևավորման գործում: Այստեղ, օրինակ, 2017թ հոկտեմբերին կայացել է Եվրոպահայերի 4-րդ համագումարը, որին մասնակցել են եվրոպական տասնյակ երկրների համայնքային կառույցների ներկայացուցիչներ, Արցախի Հանրապետության նախագահ Բ.Սահակյանը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը, ՀՀ արտաքին գործերի և սփյուռքի նախարարները:
Նշեմ նաև, որ 2019 թվականին`համաբելգիական-համահամայնքային ուղիղ ընտրությունների արդյունքում տեղի ունեցավ Բելգիայի հայ համայնքի ինքնակազմակերպման համար շատ կարևոր, կարծում եմ, աննախադեպ իրադարձություն` համահամայնքային համակարգող գործադիր մարմնի ստեղծումը, որն այժմ համակարգում է ներհամայնքային կյանքը, միաժամանակ հանդիսանալով միասնական ներկայացուցչություն՝ Բելգիայի իշխանությունների հետ հարաբերություններում:
Հայապահպանման և հայոց լեզվի ու մշակույթի խթանման հարցում կարևոր դեր են կատարում նաև Բրյուսելում գործող Սուրբ Մարիամ Մագթաղենացի Հայ առաքելական եկեղեցին և «Հայ Տուն» մշակութային կենտրոնը:
Հարկ է նշել, որ անցած տարիների ընթացքում դեսպանության և Բելգիայի հայկական կառույցների համատեղ ջանքերով հաջողությամբ իրականացվել են բազմաթիվ նախաձեռնություններ և միջոցառումներ:
- Եվ վերջում, ինչպե՞ս կբնութագրեիք Հայաստանի և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության միջև երկկողմ հարաբերությունները։
- Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունը նույնպես հանդիսանում է Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը Եվրոպայում, և մենք շահագրգռված ենք խորացնելու և ընդլայնելու մեր հարաբերությունները այս երկրի հետ։ Ինչպես և Բելգիան, Լյուքսեմբուրգը ԵՄ անդամ է, Բենելյուքսի եռյակի ակտիվ դերակատար։ Լյուքսեմբուրգը առաջին ԵՄ անդամ պետություններից մեկն էր, որը վավերացրեց Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ինչը տեղի ունեցավ 2018թ. հունիսին։
Լյուքսեմբուրգի հետ վերջին տարիների ընթացքում ապահովվել է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, տեղի են ունեցել մի շարք բարձրաստիճան փոխայցելություններ և հանդիպումներ։ 2018թ. մարտին Հայաստանում էր Լյուքսեմբուրգի արտաքին և եվրոպական գործերի նախարար, փոխվարչապետ Ժան Ասելբորնի գլխավորած պատվիրակությունը։ Այցի շրջանակներում տեղի են ունեցել հանդիպումներ Հայաստանի բարձրագույն իշխանությունների հետ, ինչպես նաև բացվել է Հայաստանում Լյուքսեմբուրգի պատվավոր հյուպատոսության գրասենյակը։ Նշեմ, որ շուտով Լյուքսեմբուրգում կբացվի նաև Հայաստանի պատվավոր հյուպատոսությունը։ Կարևորում եմ լյուքսեմբուրգյան կողմից հնչեցված պատրաստակամությունը աջակցելու Հայաստանի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին ու բարեփոխումներին և հանձնառությունը ամրապնդելու երկկողմ հարաբերությունները, որոնք հայկական կողմին փոխանցվեցին 2019թ. մայիսին Լյուքսեմբուրգում` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի շրջանակներում:
Անշուշտ, վերջին տարիների լուրջ ձեռքբերումների շարքում է Լյուքսեմբուրգի խորհրդարանի կողմից 2015 թվականի մայիսին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, միաձայն քվերակությամբ ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևը: Բանաձևն իր տեքստում վկայակոչում է նաև Եվրոպական Խորհրդարանի կողմից 2015թ. ապրիլի 15-ին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ընդունված բանաձևը և կոչ անում Թուրքիայի իշխանություններին առերեսվել անցյալին:
Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև առևտրատնտեսական կապերի զարգացման համատեքստում շատ կարևոր ձեռքբերում էր նաև Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության միջև Օդային հաղորդակցությունների մասին միջկառավարական համաձայնագրի ստորագրումը, որով երկու պետությունների ավիաընկերություններին հնարավորություն է ընձեռնվում շահագործել երթուղիները քաղաքացիական փոխադրումների համար՝ օդի 5-րդ ազատության, իսկ բեռնային փոխադրումների համար` օդի 7-րդ ազատության իրավունքով։
Էլ ավելի է սերտացել Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև փոխգործակցությունը միջազգային հարթակներում՝ մասնավորապես ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և Եվրախորհրդի, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և այլ շրջանակներում։ Վերջինիս առնչությամբ կցանկանայի ընդգծել Լյուքսեմբուրգի անվերապահ աջակցությունը Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը Հայաստանում անցկացնելու հարցում։
ՕՐԵՐ եվրոպական ամսագիր
[1] ներկայումս՝ 27 ս.թ. հունվարի 31-ին ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու հանգամանքով պայմանավորված