Իսրայելը պետք է վերջ դնի Ադրբեջանի հետ իր մահացու գործարքին. ասել է Զոհրաբ Մնացականյանը հրեական թերթին
Typography
- Smaller Small Medium Big Bigger
- Default Helvetica Segoe Georgia Times
- Reading Mode
Հարց. Ինչպե՞ս բռնկվեցին վերջին շրջանի բախումները: Ձեր կարծիքով, Ադրբեջանն ինչի՞ է ձգտում հասնել:
Զոհրաբ Մնացականյան. Այս հուլիսյան բախումները վակուումում չեն առաջացել: Իրավիճակի սրումից առաջ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից շարունակաբար հնչում էին պատերազմի սպառնալիքներ, Հայաստանի դեմ ուղղված տարածքային և պատմական պահանջներ, որոնք ուղեկցվում էին միջազգային միջնորդների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության հանդեպ բարձրաձայնվող դժգոհություններով:
Սա Ադրբեջանի կողմից՝ ղարաբաղյան հակամարտությունը բացարձակապես սեփական պայմաններով լուծելու երկրորդ փորձն էր: Վերջին լարվածությունը ցույց տվեց, որ Ադրբեջանի կողմից ուժի և իր թվացյալ ռազմական առավելության ցուցադրումը շեշտակիորեն անհաջողության մատնվեցին, և մենք ականատես եղանք ակնհայտ սխալ հաշվարկի:
Հարց. Արդյո՞ք Հայաստանը պատրաստ է հրադադարի:
Զոհրաբ Մնացականյան. Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանը համաձայնել է միջազգային միջնորդների՝ տեղում դիտորդների քանակն ավելացնելու և զինադադարի խախտումները հետաքննող մեխանիզմներ ներդնելու միջոցով հրադադարի ամրապնդման վերաբերյալ բոլոր առաջարկներին: Հայաստանը շարունակում է կողմ հանդես գալ այդ և այլ միջոցառումներին՝ ուղղված լարվածության ռիսկերի նվազեցմանը:
Հարց. Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն իսրայելական շատ զինամթերք (ԱԹՍ, հրթիռներ) է կիրառում: Արդյոք երբևէ Ձեր անհանգստությունները բարձրաձայնե՞լ եք Իսրայելի կառավարության առջև: Արդյոք դիմե՞լ եք Իսրայելին՝ վերանայել այդ զենքի վաճառքն Ադրբեջանին:
Զոհրաբ Մնացականյան. Ադրբեջանին զենքի վաճառքը մահացու է, քանի որ Ադրբեջանը երբեք չի վարանում կիրառել այդ զենքերը քաղաքացիական ենթակառուցվածքների, քաղաքացիական բնակչության դեմ:
Մենք հետևողական ենք այս հարցի հետապնդման առումով, այն մշտապես լինելու է մեր օրակարգի անքակտելի մասը թե՛ երկկողմ և թե՛ միջազգային հարթակներում: Իսրայելը պետք է վերջ դնի Ադրբեջանի հետ իր մահացու գործարքին:
Հարց. Ասում են՝ վերջին մարտական գործողությունների ժամանակ Հայաստանը հաջողությամբ խոցել է իսրայելական ԱԹՍ-ներ: Ի՞նչ կարող եք մեզ ասել այդ առնչությամբ:
Զոհրաբ Մնացականյան. Մեզ համար այդ զենքերը մահացու են, քանի որ դրանք սպանում են մեր մարդկանց: Մեր զինծառայողները չեզոքացրել են Ադրբեջանի զենքերը՝ անկախ դրանց ենթադրյալ ծագման աղբյուրից: Ադրբեջանի կողմից ձեռք բերված և Հայաստանի ու Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության դեմ կիրառված սպառազինության մասին փաստերը բազմաթիվ են, և հուլիսյան դեպքերը հավելյալ ապացույցներ տրամադրեցին:
Հարց. Տարիներ շարունակ Իսրայելը երկմտում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Արդյոք Դուք այդպիսի ակնկալիքներ ունե՞ք Իսրայելից: Արդյոք Դուք վերջերս բարձրացրե՞լ եք այդ հարցը Իսրայելում Ձեր գործընկերների մոտ:
Զոհրաբ Մնացականյան. Հայոց ցեղասպանության ճանաչումը մի ժողովրդի կողմից, որը վերապրել է Հոլոքոստի արհավիրքը, բարոյական հարթակում է: Դա ձեր խղճի հարցն է: Ես գիտեմ, որ շատ հրեաներ՝ հանրային դեմքեր, մտավորականներ և հասարակ մարդիկ, կիսում են այս տեսակետը: Այնուամենայնիվ, Իսրայելի իշխանությունները պետք է որոշեն՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը թե ձեռնպահ մնալ դա անելուց: Դա չի վերաբերում միայն Հայաստանին. սա վերաբերում է նաև Իսրայելին:
Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը կարծում է, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հղած ուղերձը Թել Ավիվին ավելի քան օրինաչափ է։
Շահան Գանտահարյանը նման կարծիք է հայտնել «Արմենպրես»-ի հետ զրույցում։
Նրա խոսքով՝ բազմաթիվ են արաբական վերլուծական եւ տեղեկատվական կենտրոնների այն հրապարակումները, որոնք դատապարտում են Անկարային տարածաշրջանը անկայունացնելու մեղադրանքով։
«Այս առանցքներն ավելի խորացան, երբ իսրայելյան մամուլը շեփորեց Բաքու-Թել Ավիվ ռազմական գործընկերության հրամայականը, ինչը այս դեպքում համաարաբական ընկալումով պատկերեց Անկարա-Թել Ավիվ-Բաքու եռանկյունաձեւ ռազմավարական գործընկերություն։ Հատկանշական էր նաեւ Բաքվի մեղադրանքը պաշտոնական Ամմանին դեպի Երեւան զենք մատակարած լինելու առումով, ինչին համարժեք հակազդեցին Հորդանանի համապատասխան գերատեսչությունները։
Այս պայմաններում չի բացառվում, որ արաբական տարբեր միջավայրերում հայկական գործոնի հետ առնչված տեղեկատվական դաշտից դեպի պետական հարթություն անցում կատարեն Անկարայի ագրեսոր դերակատարությունը դատապարտող ուղերձները։ Ընդ որում, նաեւ որոշակի բացսական դեր վերապահելով նաեւ Բաքվին»,- նշեց Շահան Գանտահարյանը։
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ Իսրայելը պետք է վերջ դնի Ադրբեջանի հետ իր մահացու գործարքին: Մնացականյանն ասել է իսրայելական Jerusalem Post-ի հարցերին ի պատասխան, անդրադառնալով Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի թեմային: «Ադրբեջանին զենքի վաճառքը մահացու է, քանի որ Ադրբեջանը երբեք չի վարանում կիրառել այդ զենքերը քաղաքացիական ենթակառուցվածքների, քաղաքացիական բնակչության դեմ: Մենք հետևողական ենք այս հարցի հետապնդման առումով, այն մշտապես լինելու է մեր օրակարգի անքակտելի մասը թե՛ երկկողմ և թե՛ միջազգային հարթակներում: Իսրայելը պետք է վերջ դնի Ադրբեջանի հետ իր մահացու գործարքին»,- ասել է Մնացականյանը: