- Հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 22 անգամ` արձակելով 497 կրակոց:
- ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով հետմահու պարգևատրվել է հուլիսի 27-ին հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհված պայմանագրային զինծառայող Աշոտ Միքայելյանը:
- Շրջանառության մեջ է դրվել պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Սիփան Փաշինյանի օրենսդրական նախագիծը: Այն վերաբերում է հակառակորդի նշանառության տակ գտնվող 36 բնակավայրերում ապրողներին: Նրանք մինչև 2024 թվականի հունվարի 1-ը պետությունից կստանան տարբեր աջակցություններ։
Միջազգային
- «РБК» հեռուստաալիքին տված հարցազրույցում վարչապետն անդրադարձել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտին, Թուրքիայի միջամտությանը, ռուսաստանաբնակ լրագրող, «RT»-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի աղմկահարույց հայտարարություններին։ Ամբողջական հարցազրույցն՝ այստեղ։
- ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ասել է, որ Ադրբեջանը հրապարակայնորեն պետք է հրաժարվի ուժի կիրառումից, հետ կանգնի իր առավելապաշտական մոտեցումներից և վստահելի քայլեր ձեռնարկի հրադադարի ամրապնդման ուղղությամբ:
- ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելին: Նրանք անդրադարձել են պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերին, հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ից արձանագրված լարվածության աճին։
- ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին է ներկայացրել հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում վերջին օրերին տիրող իրավիճակը՝ ընդգծելով ռուսաստանյան կողմի կառուցողական և կայունացնող դերակատարությունը:
- Ամերիկացի գրող, իրավաբան և դասախոս Աննա Աստվածատուրյան-Թերքոթը դրամահավաք է կազմակերպել, որպեսզի օգնի հրետակոծությունից տուժած համայնքներին՝ «Ձեռքերը հեռու Տավուշից» / Hands off Tavush» խորագրի ներքո։
- Հայկական համայնքային մի շարք կառույցների նախաձեռնությամբ Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց տեղի է ունեցել բողոքի ցույց` ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի։
- Հունաստանի հայերը Սալոնիկում բողոքի ցույց են իրականացրել՝ կոչ անելով միջազգային հանրությանը կիրառել պատժամիջոցներ Ադրբեջանի կառավարության նկատմամբ։
- ՀՅԴ Ֆրանսիայի երիտասարդական Նոր սերունդ միությունը բողոքի ցույց է անցկացրել Մարսել քաղաքում՝ Թուրքիայի հյուպատոսարանի մոտ։
- Իրանում իշխանությունները ճնշել են ադրբեջանցիների կազմակերպած հակահայկական ցույցը: Նրանք ցանկանում էին բողոքի ցույց կազմակերպել Թեհրանում ՀՀ դեսպանատան և Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսարանի դիմաց: Ձերբակալվել է 15 ադրբեջանցի ցուցարար:
- Իսրայելի Պետախ Տիկվա քաղաքում հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացրել քաղաքապետարանի դիմաց: Նրանք դատապարտել են ադրբեջանական ագրեսիան և պահանջել, որ Իսրայելը զենք չվաճառի Ադրբեջանին:
- Ռուսաստանի Հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը հանդիպել է Մոսկվայի հարավ-արևելքի և Մերձմոսկվայի հարակից շրջանների հայ համայնքների ներկայացուցիչների հետ, որտեղ մի խումբ ադրբեջանցիներ հարձակվել էին հայերի վրա։ Նա նշել է, որ աշխարհի 10 միլիոնանոց հայկական համայնքն այսօր զինվոր է՝ պատրաստ պաշտպանելու Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի ոտնձգություններից։
- Եվրախորհրդարանի 29 պատգամավոր նամակ է հղել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեպ Բորելին։ Պատգամավորները կոչ են արել կասեցնել Ադրբեջանի ռազմական ագրեսիան: