Ինչպես տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշաննա Ստեփանյանը, գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։
Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։
Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Կրակը այս պահին էլ շարունակվում է։
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները չեզոքացնում են ադրբեջանական զինված ուժերի սադրանքները։
Սա երեկ ժամը 00:15-ից հաստատված փխրուն հրադադարի առաջին կոպիտ խախտումն է։
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում այսօր ծավալված գործողությունների հետևանքով հայկական կողմը զոհեր չունի։
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ։
Դավիթ Տոնոյանը ներկայացրել է ժամը 03:40-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակը, նշել, որ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր։
Պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ սահմանների նկատմամբ ադրբեջանական կողմի ոտնձգությունները բոլոր առկա ուժերով և միջոցներով տապալվում են։
Այսօր հայկական ստորաբաժանումները խոցել են հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր, որոնցից հրետակոծվում էին մեր բնակավայրերն ու դիրքերը:
orer.eu