Տավուշի մարզում հուլիսի 12–ին եւ 13–ին հայ–ադրբեջանական սահմանում տեղի ունեցած բախումների եւ ռազմական գործողությունների ընթացքում տարբեր տվյալներով ադրբեջանական կողմը բազմաթիվ զոհեր տալով, ռազմական ու դիրքային կորուստներ կրելով հետ շպրտվեց: Հայկական բանակը իր առջեւ դրված պարտականությունները կատարեց լիակատար հաջողությամբ՝ մի անգամ եւս ապացուցելով, որ ագրեսորը կպատժվի խստագույն կերպով:
Այնուհանդերձ «Ադրբեջանական կողմը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին՝ դիտավորյալ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակչությունը և ընդլայնելով լարվածության աշխարհագրությունը», հայտարարել է Հայաստանի ԱԳՆ խոսնակը:
Ադրբեջանի նախագահը ռազմական դաշտում ստացած ուժեղ հարվածից հետո իր դեմքը ադրբենջանցիների մոտ չկորցնելու մտավախությամբ սկսել է թիրախավորել խաղաղ բնակչությանը՝ փաստացի վարելով ահաբեկչական մարտավարություն: Նրան մնում է միայն այն, որ իր ագրեսիայի մեղքը բարդի Հայաստանի վրա, միջազգային եւ ուժային կենտրոններից աջակցություն ստանալու ակնկալիքներով:
Սակայն Մինսկի խմբի համանախագահները, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Եվրոմիությունը եւ միջազգային այլ կառույցները դատապարտելով բախումները, երկու կողմերին էլ զսպվածության կոչեր ուղղեցին: Գործնականում թե համանախագահ երկրները, թե Իրանը հայտարարեցին կրակը անհապաղ դադարեցնելու անհրաժեշտության մասին:
Այս միջոցին միայն Թուրքիան էր, որ իր արտաքին գործերի նախարարի միջոցով, հերթական միակողմանի հայտարարություններով, քննադատության թիրախ է դարձրել ՀՀ զինված ուժերի գործողությունները՝ որակելով դրանք «ագրեսիվ ազգայնամոլական գաղափարների նոր դրսևորումներ»: Այսպիսով Թուրքիան խրախուսում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները ասելով, որ Թուրքիան իր «ողջ հնարավորություններով» կշարունակի կանգնած մնալ Ադրբեջանի կողքին:
Այսպիսով մի անգամ եւս փաստվում է, որ Թուրքիան Արցախի հարցի շուրջ անվերապահորեն պաշտպանում է Ադրբեջանի շահերը եւ հետեւաբար չի կարող մնալ Մինսկի խմբի մեջ ներգրավված 11անդամ պետությունների շարքում, որի անդամակցության պայմաններից է անկողմնակալությունը:
Թուրքիան այն երկիրը չէ, որ իրեն բարոյական իրավունք վերապահի մյուսներին մեղադրելու ազգայնամոլության եւ ագրեսիվության մեջ: Հայոց դեմ անցյալ դարի առաջին ցեղասպանությունը կատարած պետության իրավահաջորդը լինելով, Թուրքիա կոչվող երկրի իշխանությունները շարունակելով սուլթան Համիդների, Էնվերների, Թալեաթ փաշաների ու Քեմալների որդեգրած ցեղասպանական քաղաքականությունը, այսօր հասել է մինչեւ սուլթանի տիտղոս ստանալու մարմանջով վառվող Էրդոգանին: Եվ ահա այս մարդը Հայաստանին մեղադրում է «ագրեսիվության, ազգայնամոլության եւ տարածաշրջանի անկայունացման» մեջ:
Բավական է միայն նշել Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքային ամբողջականության խախտումը, հարեւան երկրների անվտանգության սպառնացումը, Կիպրոսի բռնագրավումը, Լիբիա ուղարկած ահաբեկչական խմբավորումները, տասնյակ տարիներ ի վեր Հայաստանի հետ սահմանի փակումը, Իրաքի սահմանները բազում անգամ խախտած ու օդուժով ռմբակոծությունները:
Էրդողանի իշխանությունը ցինիկաբար փորձում է իր նեոօսմանական ծավալապաշտական քաղաքականությունն ու գաղափարները քողարկել բոլոր հարեւան երկրներին անհիմն մեղադրանքներ հնչեցնելով: Այն երկրներին, որոնք ձգտում են տարածաշրջանի կայունացմանն ու խաղաղությանը:
Էրդողանն իր ազգայնա–կրոնամոլական գաղափարը բյուրեղացրեց Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու որոշումով, անտեսելով ողջ միջազգային հանրության բողոքի ձայնը:
Այս մասին կանդրադառնանք առանձին: