Հուլիսի 12-ին Երևանում Շառլ Ազնավուրի հրապարակում, որը տարիներ առաջ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ջանքերով վերածվեց հայ կինոյի մեծերի աստղային ճեմուղու, տեղադրվեցին Հրանտ Մաթևոսյանի և Աղասի Այվազյանի աստղերը։ Այս տարի նշվում է Հրանտ Մաթևոսյանի 85 և Աղասի Այվազյանի 95-ամյակները։ Հասկանալի պատճառով աստղերի բացման արարողությունը տեղի ունեցավ սահմանափակ թվով մարդկանց մասնակցությամբ, պահպանելով ավտանգության բոլոր կանոնները։
Միջոցառման ժամանակ բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ «Ոսկե ծիրանի» հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը՝ առանձնահատուկ կարևորելով երկու գործիչների անցած ուղին և հույս հայտնելով, որ ոչ ոք չի մոռանա նրանց ու նրանց ավանդը։ Նա իր ելույթում մասնավորապես ասեց.«Այսօր շատ կարևոր օր է մեզ համար, որովհետև մեր մեծերը, որոնք հեռացան մեզնից, սպասում են մեր վերաբերմունքին։ Ժամանակին «Ոսկե ծիրանը» բացել է այս աստղերի ճեմուղին՝ մշտապես հիշելու անարդար կերպով մոռացված հայ կինեմատոգրաֆիստներին։ Մենք սիրում ենք նրանց, տեսել ենք նրանց ֆիլմերը, տեսել, թե ինչ դժվար պայմաններում են ստեղծում կինո։ Մենք նրանց շարունակողն ենք»:
Ելույթներով հանդես են եկել նաև Հայաստանի Հանրապետության Կրթության Գիտության Մշակույթի Սփյուռքի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը։
Արա Խզմալյանն արարողության ընթացքում ընդգծել է, որ «Ոսկե ծիրանի» նման բացումն աննախադեպ է՝ արտակարգ դրության սահմանափակումներով պայմանավորված։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Ոսկե ծիրանի» կազմակերպիչներին, որովհետև նրանք այս քայլով ապացուցում են, որ ավելի լավ է անել որևէ բան, քան չանել ոչինչ։ Շնորհակալ եմ նրանց կամքի համար, որ թույլ չտվեցին ընդհատվի կարևորագույն մշակութային իրադարձության պատմությունը, ավանդույթը՚ թեկուզ և մեկ տարով»,- նշել է Արա Խզմալյանը՝ անդրադառնալով նաև հայ կինոյում երկու մեծերի՝ Հրանտ Մաթևոսյանի և Աղասի Այվազյանի ավանդին։
Իսկ սիրված մտավորական Դավիթ Մուրադյանն իր ելույթում նշեց. «Այս աստղերը բացելով, մենք երախտագիտություն ու շնորհակալություն ենք հայտնում այդ երկու սքանչելի գրողներին և անկրկնելի մարդկային անհատականություններին,որոնց հետ բախտ ենք ունեցել ապրել, աշխատել նույն ժամանակի մեջ»:
Արարողության վերջում ելույթ են ունեցել Հրանտ Մաթևոսյանի և Աղասի Այվազյանի ընտանիքի անդամները՝ իրենց շնորհակալությունը հայտնելով փառատոնին՝ նման նախաձեռնության և գործիչների հիշատակը վառ պահելու համար։
Գարիկ Ավետիսյան
Երեւան