Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Հունիսի 26-ին բուլղարական Պլիսկա քաղաքում  "Կիրիլյան տառերի նստավայր" պատմամշակութային համալիրում տեղի է ունեցել բուլղարացի գրող` հեղափոխական Զախարի Ստոյանովի կիսանդրու բացումը: Քանդակի բացման արարողությանը ներկաներին ողջունել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը։

Քանդակի հեղինակն է բուլղարացի պրոֆեսոր Իվան Սլավովը, իսկ հովանավորը՝ Պեկա Գանչեւան։ Սա թվով 47-րդ կիսանդրին է, որ տեղադրվել է այդ համալիրում, որտեղ տեղ են գտել 22 ազգերի հայտնի այն  դեմքերի կիսանդրիները, որոնք երբեւէ ստեղծագործել են կիրիլիցայով։ Հիշեցնենք, որ համալիրում են  կանգնեցված բուլղարահայ գրող եւ հրապարակախոս, Սոֆիայի համալսարանի հայագիտության ամբիոնի հիմնադիր Հակոբ Մելքոնյանի և արցախցի գրող, արձակագիր Լեոնիդ Հուրունցի /1913-1982/ կիսանդրիները։ 

Նշենք, որ համալիրն  աշխարհում առաջինը եւ միակն է, որը նվիրված է կիրիլիցային եւ այս ամենի հեղինակը մեր հայրենակից, գործարար Կարեն Ալեքսանյանն է, որը ստեղծել է Կիրիլյան տառերի պուրակ , թանգարան եւ հյուրանոցային համալիր, որն իր պատմական ու ժամանակակից նշանակությամբ բացառիկ է ոչ միայն Բուլղարիայի, այլեւ ողջ սլավոնական աշխարհի համար։

Այդ մասին է խոսել նաեւ Բուլղարիայի նախագահն իր ողջույնի խոսքում։

Դիմելով  Բուլղարիայում և արտերկրում ապրող բուլղարացիներին, նախագահ Ռուդեւն ասել է, որ  այդ սուրբ տեղում`  Բուլղարիայի հնագույն մայրաքաղաք Պլիսկայում վերջին տարիներին ստեղծվել է  ամբողջ աշխարհում նմանը չունեցող համալիր: Նրա ասելով, ,,այս սրբավայրը  ստիպում է մեզ հպարտանալ, որ մենք բուլղարացիներ ենք, ինչն  անվիճելիորեն ևս մեկ անգամ ցույց է տալիս մեր հոգևոր ներդրումը համաշխարհային քաղաքակրթության մեջ» ։

Նա հատկանշական է համարում, որ համալիրի  հեղինակը ոչ թե պետությունն է, կամ որեւէ հարուստ բուլղարացի, այլ  հայազգի Կարեն Ալեքսանյանը, որը Բուլղարիան ընդունել է ոչ թե փաստաթղթերով, այլ իբրեւ հոգեւոր հայրենիք։  

,,Նրա  մտքի, ոգեշնչման, ուժի, միջոցների ու էներգիայի շնորհիվ է , որ այս ամենը դարձել է իրականություն։ Այսօր մենք ՝ մեր զավակները, արտերկրից ժամանած մեր հյուրերը, մեր թոռները և հաջորդ բոլոր սերունդները, կարող են  այստեղ զգալ բուլղարական ոգու ուժը»,- ասել է Ռումեն Ռուդեւը:

Նա նշել է, որ բուլղար եւ հայ  ժողովուրդներին կապում է պատմականորեն միանման  ճակատագիրը, մշակութային և հոգևոր մտերմությունը։

,,Այն, ինչ արել է պարոն Ալեքսանյանը, խորհրդանշում է մեր երկու ժողովուրդների բարեկամությունը ,  ավելին,   հայ քանդակագործների կողմից հայկական քարից փորագրված մեր բուլղարական տառերը  Բուլղարիա են բերվել Հայաստանից, դրանք ընդմիշտ համախմբում են մեր երկու բարեկամ ժողովուրդներին: Այնպես որ, պարոն Ալեքսանյան, ընդունեք իմ և բոլոր բուլղարացիների խորին երախտագիտությունը և հարգանքը"- ասել է Բուլղարիայի նախագահը թանգարանային համալիրին ծանոթանալուց հետո: 

Ինչպես արդեն ՕՐԵՐ-ում գրել ենք,  681 թվականին Պլիսկան դարձել է Բուլղարիայի առաջին մայրաքաղաքը,որը հիմնել է խան Ասպարուխը։ Այսօր այդ գրեթե մոռացված քաղաքին նոր շունչ է տվել մեր հայրենակից, 1993 թվականից Բուլղարիայում ապրող գործարար Կարեն Ալեքսանյանը, ում ջանքերով 2015 թվականի մայիսի 2-ին տեղի է ունեցել Բուլղարիայի պատմությանն ու քրիստոնեությանը, կիրիլիցային նվիրված աշխարհում առաջին թանգարանային համալիրի բացումը, որին կից գործում է նաեւ ,, Հին Պլիսկա,, հյուրանոցային համալիրը։ Թանգարանի տարածքում գործում են Բուլղարիայի պատմության կարեւոր թագավորների սիլիկոնից պատրաստված յոթ արձանիկները, տարբեր պատմական շրջաններին նվիրված գեղանկարչական աշխատանքների սրահը, ինչպես նաեւ կիրիլիցային նվիրված տառ-խաչքարերի բացօթյա  ցուցահանդես, որի հեղինակը հայ քանդակագործ Ռուբեն Նալբանդյանն է։ Այստեղ է տեղադրված նաեւ նրա հեղինակած հայկական խաչքարը։ 

Մեզ հետ զրույցում Կարեն Ալեքսանյանն ասաց, որ հայկական խաչքարերի ոճով քանդակված կիրիլյան այբուբենի տառերն այցելուներին մեկ անգամ եւս հիշեցնում են, որ Հայաստանը առաջինը քրիստոնեությունը պետական կրոն հռչակած պետությունն է եւ խաչքարերի քանդակագործության արվեստը տարածված է միայն հայ ժողովրդի մոտ:

Այս համալիրի նշանակությունը նաեւ այն է, որ  բուլղարական հողում է ստեղծվել կիրիլիցան՝ 886 թվականին։ Եվ այս հանգամանքով են հպարտանում ոչ միայն երկրի նախագահը, այլեւ բուլղարացի ժողովուրդը, որ կիրիլիցան բուլղարական Պլիսկայից է տարածվել աշխարհով մեկ։

Նշենք, որ այստեղ շատ են գալիս դպրոցականների խմբեր, անցկացվում են տարբեր սեմինարներ ու գիտաժողովներ, անցկացվում է միջազգային սլավոնական փառատոն։ ,, Մենք շատ ուրախ ենք, որ մատաղ սերունդը հաճախում է այս թանգարանը։ Երբ բուլղարները դուրս են գալիս թանգարանից, հպարտության զգացում են ապրում,,- ասում է Կարեն Ալեքսանյանը։ 

 

Հ. Ասատրյան

ՕՐԵՐ

Պրահա

Բուլղարիայի նախագահի ելույթը՝ այստեղ.

https://www.facebook.com/dvornakirilicata/videos/2960507580735757