Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Հայաստանի և Ադրբեջանի հարցերով հիմնական  զեկուցողների սուբյեկտիվ հայտարարության առիթով                                             Ռումինահայոց թեմի արձագանքը

 

Եվրախորհրդարանի պատգամավորներ Տրայան Բասեսկուի/Ռումինիայի նախակին նախագահ/, Ժելյանա Զովկոյի և Մարինա Կալյուրանդի հայտարարությունը խորը հիասթափություն և զարմանք է առաջացրել Ռումինիայում բնակվող հայության շրջանում։

Փորձելով չմտնել քաղաքական հայտարարությունների դաշտ, այնուամենայնիվ չենք կարող չարձագանքել նմանատիպ հայտարարություններին, որոնք ապատեղեկատվություն են տարածում բարձր ամբիոններից: Միևնույն կողմից վստահ ենք, որ դա  չի արտահայտում Եվրոպական խորհրդարանի, Եվրամիության և համաեվրոպական այլ կառույցների պաշտոնական դիրքորոշումը:

Միանշանակ է, որ նշված պատգամավորները նպատակադրված հակադրվում են Եվրամիության և ԵԱՀԿ Մինսկի խմբի որդեգրած այն մոտեցմանը, որ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հիմնախնդրի վերաբերյալ բոլոր գործողությունները պետք է համահունչ լինեն ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից հաստատված միջնորդական առաքելության սկզբունքներին՝ այն է պետք է հաշվի առնվեն և՛ ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքը, և՛ տարածքային ամողջականությունը, և՛ ուժի չկիրառման պայմանը։

Իսկ դա նշանակում է, որ  հայտարարության հեղինակները կամ  ծանոթ չեն այս հիմնահարցի իրավական և քաղաքական հիմքերին, կամ էլ կատարում են շահագրգիռ մյուս կողմի՝ Ադրբեջանի պատվերը։ Ինչ վերաբերում է արցախցիների ճանապարհ կառուցելու մտադրությանը, ապա դա լիովին համապատասխանում է Արցախում ապրող բնակչության բնականոն գոյության իրավունքին և տնտեսական շահերին: Առնվազն տարօրինակ է, որ ռազմատենչ հայտարարությունների, Ադրբեջանում մարդու իրավունքների և բազմաթիվ այլ իրավախախտումների ֆոնին վերոնշյալ պատգամավորներն իրենց զեկույցում մտահոգություն են հայտնում մայրուղու կառուցման առնչությամբ: Նշենք, որ ցանկացած ճանապարհի կառուցման նպատակն է ապահովել ենթակառուցվածք որևէ ժողովրդի համար, անկախ իր տարածքի քաղաքական կարգավիճակից: Ճանապարհներ կամ այլ ենթակառուցվածքներ ունենալու ցանկությունը բխում է Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի հիմնարար իրավունքներից և չի կարող որևէ կերպ վտանգել տարածաշրջանային և միջազգային անվտանգությունը:

Նման ոչ կառուցողական հայտարարություններով հեղինակներն ըստ էության աջակցում են Ադրբեջանի ագրեսիվ, ռազմատենչ և մարդատյաց նպատակներին, որոնք ի ցույց դրվեցին նաև համաշխարահային համավարակի այս օրերեին, երբ չնայած բազմաթիվ պայմանավորվածություններին, ադրբեջանցի դիպուկահարները շարունակում են սպանել սահմանները հսկող հայ զինվորներին։

Փոխանակ դատապարտելու Ադրբեջանի և Թուրքիայի հակամարդկային քաղաքականությունը, որ 30 տարուց ավելի շրջափակման են ենթարկել Արցախն ու Հայաստանը, Եվրոպական այս պատգամավորները  օգտագործում են  «ապօրինաբար օկուպացված տարածք» եզրույթը, այդպիսով հակադրվելով ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահության մոտեցումներին և ձայնակցելով Արցախի ժողովրդին ապամարդկայնացնելու՝ Ադրբեջանի նկրտումներին։

Եվ դա այն դեպքում, երբ վերջին շրջանում ադրբեջանական իշխանություններն անընդհատ հանդես են գալիս ռազմատենչ հայտարարություններով և չեն թաքցնում ռազմական գործողություններ սկսելու իրենց ցանկությունը: Ամբողջ աշխարհը գիտի, որ Ադրբեջանն է հանդիսանում ագրեսոր երկիր, ուր ոտնահարված են մարդու նվազագույն իրավունքներն ու տիրում է բռնապետական ռեժիմ:

Տարօրինակ է, որ նման հայտարարություն է հնչում այդպիսի ամբիոնից հենց այս օրերին, երբ լրանում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Շահումյանի շրջանի օկուպացիայի 28-րդ տարելիցը: 1992թ. հունիսի կեսերին ադրբեջանական զինված ուժերն ամբողջովին գրավեցին Շահումյանի շրջանը և զանգվածային ոճրագործությունների միջոցով այնտեղից դուրս մղեցին հայկական բնակչությանը: Ամբողջական էթնիկ զտումից հետո Ադրբեջանը վերաբնակեցրեց շուրջ երկու տասնյակ հայկական բնակավայրեր ունեցող տարածաշրջանը: Նույն ճակատագրին արժանացան Արցախի Մարտակերտի և Մարտունու այն հատվածները, որոնք օկուպացվեցին Ադրբեջանի կողմից: Սա հայտնի է բոլորին, բայց չգիտես ինչու, Եվրոպական խորհրդարանի վերոնշյալ երեք պատգամավորների համար Լեռնային Ղարաբաղն է համարվում օկուպացված տարածք:

Պետք է հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղը (Արցախը) երբևիցե չի հանդիսացել Ադրբեջանի անքակտելի մաս։ Ինքնորոշվելով դեռ 1918-1920-ականներին, արցախահայությունը, անգամ սովետական շրջանում ունեցել է ինքնորոշված քաղաքական տարածքային միավորի կարգավիճակ։ 1988թ. փետրվարի 19-ից սկսել է ինքնորոշման իրավունքի վերահաստատումը, որն ավարտվել է 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացված  հանրաքվեով: Այդ օրը ժողովրդի բացարձակ մեծամասնության կամքով հռչակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Վերոհիշյալ Հայտարարությունը դեմ է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ոգուն և չի համապատասխանում Եվրոպական խորհրդարանի պաշտոնական դիրքորոշմանը։

Մենք դատապարտում և պահանջում ենք չեղարկել նշված հայտարարությունում տեղ գտած միջազգային նորմերին, մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներին հակասող դրույթները, որոնք կարող են արտահայտվել Եվրախորհրդարանի կողմից քննարկվող բանաձեւում:

Մենք, իբրև ռումինահայ համայնք, ով այս հյուրընկալ և օրհնյալ հողի վրա շուրջ 1000 տարվա պատմություն է կերտել և ռումին բարեկամ ժողովրդին տվել է բազում անհատականություններ, որոնք հսկայական ներդրում են ունեցել երկրի զարգացման ու բարգավաճման գործում, իբրև համայնք, ով տվել է բազում հերոսներ, որոնք իրենց կյանքն են զոհաբերել հանուն Ռումինիայի ազատագրության ու ամբողջականության, դատապարտում ենք նմանատիպ հայտարարությունները և դժգոհություն ենք հայտնում հատկապես Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող պարոն Տրայան Բասեսկուի դիրքորոշման վերաբերյալ: Հիշեցնենք, որ տարիներ առաջ պարոն Բասեսկուն հակասական հայտարարություններ էր արել նաև Ռումինիայում բնակվող հայերի մասին: Սա արդեն խիստ մտահոգիչ է և ի ցույց է դնում այն հանգամանքը, որ պարոն Տրայան Բասեսկուն ի վիճակի չէ բարեխղճությամբ և անկողմնակալ կերպով կատարել իր պարտականությունները:

Մենք բոլոր երեք եվրոպական պատգամավորներին՝ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդին, Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Տրայան Բըսեսկուին և Ադրբեջանի հարցերով հիմնական զեկուցող Զելյանա Զովկոյին, մեկ անգամ ևս ուզում ենք հիշեցնել, որ Արցախը կամ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, ինչպես ցանկացած այլ ժողովուրդ, ունի ազատ և անվտանգ ապրելու իրավունք, մի բան որ ուղղակի անհնար կլինի անել Ադրբեջանի կազմում: Միևնույն ժամանակ ազդարարում ենք, որ Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի հիմնահարցը միայն Հայաստանի և Արցախի հայության հարցը չէ, այլ նաև շուրջ 8 միլիոն հայկական Սփյուռքի: Հետևաբար իբրև 8 միլիոնանոց զորավոր Սփյուռք, ապրելով աշխարհի տարբեր անկյուններում, մենք մեկ անգամ ևս Մեր ձայնն ենք բարձրացնում և ի լուր աշխարհի հայտարարում ենք, որ երբեք Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում: Սա միայն խոսք չէ, այլ երդում, որ տվել է յուրաքանչյուր հայ ծննդյան օրվանից և հավատարիմ է իր երդումին մինչ ի մահ: Ուստի եթե Ադրբեջանը երբևէ փորձի վտանգի տակ դնել Արցախի հայ բնակչության անվտանգությունը, ապա միանշանակ մեծագույն հակահարված կստանա նաև համայն Սփյուռքի կողմից:

Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվան