Կորոնավիրուսային համավարակը չի ընդհատել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կապն ու աշխատանքը սփյուռքի երիտասարդության ու պատանիների հետ: Գտնվելով սահմանափակման մեջ՝ այս տարի սփյուռքահայ երեխաները չեն կարող այցելել Հայաստան, սակայն անգամ այս պայմաններում հայրենիքը նրանց ավելի մոտեցնելու համար Գլխավոր հանձնակատարի գրասենյակը նոր ճանապարհներ է գտնում: Ահա այդ նպատակով՝ սփյուռքի պատանիների և երեխաների «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրն այս ամառ կանցկացնի հետաքրքիր առցանց ձևաչափով:
Ծրագիրը կընթանա օգոստոսի 3-28-ը և կիրականացվի 2 փուլով՝ ներառելով հայոց լեզվի և պատմաճանաչողության դասընթացներ, վիրտուալ այցեր համայնքներ (Հայաստանում և սփյուռքում), ինտերակտիվ քննարկումներ, բանավեճի ակումբ, առցանց կրթական խաղեր, հանդիպումներ մշակույթի և արվեստի գործիչների, նախորդ տարվա մասնակիցների հետ, աշխատարաններ և համայնքային նախագծեր:
Հետաքրքիր և ակտիվ ծրագրի շնորհիվ՝ սփյուռքահայ պատանիներին և երիտասարդներին հնարավորություն կտրվի ծանոթանալ Հայաստանի պատմությանն ու մշակույթին, սովորել մայրենի լեզուն և հայաստանցի երիտասարդների հետ շփման միջոցով ճանաչել իրենց հայրենիքը: Վիրտուալ այցերով մասնակիցները կլինեն Տաթևից մինչև Ամբերդ, Սաղմոսավանքից Մատենադարան ու Էրեբունի թանգարան:
Առցանց ծրագրին կարող են մասնակցել 12-18 տարեկան սփյուռքահայ պատանիներն ու երիտասարդները: Մասնակցության հայտ ներկայացնելու վերջնաժամկետն է հուլիսի 20-ը: Հայատադիմումը լրացնելու համար պետք է այցելել հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/nKMJGuxMucp28nMHA:
Ծրագրի մասին տեսանյութը կարող եք դիտել, տարածել և ներբեռնել հետևյալ հասցեից՝ https://cutt.ly/ri21rAZ
***
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Հայաստան-սփյուռք հարաբերություններում ռազմավարությունների մշակման և իրականացման հիմնական պատասխանատու մարմինն է: Մեր գործունեության մասին ավելի տեղեկացված լինելու համար հետևեք մեզ սոցիալական մեդիայում՝ @DiasporaHighCommissionerOfficeArmenia կամ պարզապես կապ հաստատեք մեզ հետ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. հասցեով: